×


Ելենա Վարդանյան. «Ծուլանում եմ ու հետաձգում…»

Ելենա Վարդանյանը «Դոմինո» սիթքոմի 3-րդ եթերաշրջանում չի նկարահանվում, իսկ թե որն է պատճառը եւ ինչով է այժմ զբաղվում, նա պատմել է BRAVO.am-ին։ Դերասանուհին դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կմասնակցի «Տաշի շոու»-ին.«Նախորդ տարի Նարեկ Բավեյանի հետ մեր կերպարներով հումորային էտյուդ ունեինք, այս անգամ պարզապես կվարեմ համերգի որոշ մասը։ Պրոդյուսերների ու ռեժիսորի հետ խնդիր չունեմ, պարզապես նրանք որոշեցին, որ իմ կերպարային գիծն ավարտվել է»։

Ելենա Վարդանյանը


Այս շրջանում նա որեւէ նախագծում չի նկարահանվում, նշում է՝ իրեն հարմար կերպարի առաջարկ դեռ չի ստացել, եւ աշխատանքը միայն թատրոնում է։ Ի դեպ, ռուսական թատրոնի դերասանական կազմը «Խանումա» ներկայացումն օրերս խաղացել է Սիբիրում, սակայն դերասանուհին այդ բեմադրության մեջ զբաղված չէ եւ չի մեկնել.«Շուտով կլինեն Ամանորի մանկական ներկայացումներ, որտեղ ես էլ կխաղամ։ Շատ եմ կարեւորում փոքր տարիքի հանդիսատեսի ներկայությունը եւ սիրում եմ հեքիաթ-ներկայացումներ։ Եղել եմ Մոխրոտի խորթ քրոջ կերպարում, Բրեմենյան երաժիշտների չարաճճի աղջկա, նաեւ տարբեր կենդանիների դերերում»։

Ելենայի քույրը՝ Միլենան, այժմ նկարահանվում է «Թաքնված սեր» սերիալում: Նրանք երբեւէ նույն նախագծում հանդես չեն եկել.«Մենք բոլորովին տարբեր դերասանական կրթություն ենք ստացել: Նա Իտալիայում է սովորել, ես՝ Երեւանում։ Այնտեղ վարպետության դասերի է մասնակցել, բայց կան բաներ, որ մենք սովորել ենք, իրենք՝ ոչ։ Երբեմն քննարկում ենք մեր բացթողումները, կիսվում փորձով: Թեեւ ռուսախոս ենք,  դերեր կերտելիս խնդիր չենք ունենում. քույրիկս հայերեն կարդում ու գրում է, ես դեռ չեմ սովորել, քանի որ ռուսական թատրոնում եմ, անհրաժեշտ չի եղել։ Ինձ միշտ թվում է՝ եթե կարողանում եմ հայերեն խոսել, կստացվի նաեւ կարդալ: Ծուլանում եմ ու սովորելը հետաձգում եմ, բայց իմ լեզուն է, պարտավոր եմ հայերեն գրել ու կարդալ»։

Ելենա եւ Միլենա Վարդանյանները


Դերասանուհին կարծում է՝ ռուսախոս լինելն առավելություն ունի, քանի որ իրեն հրավիրում են միջոցառումներ վարելու, երբ անհրաժեշտ է ռուսերենի իմացությամբ հանդիսավար.«Վարում եմ պաշտոնական ու կորպորատիվ միջոցառումներ, այդ թվում՝ հարսանիքներ։ Ներկա եմ եղել հայկական, ռուսական, վրացական միջոցառումների, դերասանական հմտություններս միշտ պետք են գալիս։ Հանդիսավարի գործն էլ սիրով եմ անում, պարզապես երեկոյան ժամերին հիմնականում թատրոնում եմ խաղում, ժամանակի առումով չեմ հասցնում»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Ելենա Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW