×


Երգչուհի Նելլիի նոր կազմավորված բենդն ու լիցքավորվելու ամենալավ տարբերակը:)

Երգչուհի Նելլին, ով նախկինում հանդես էր գալիս “Հայեր” խմբի կազմում, այս ամռան ընթացքում ձեռնամուխ է եղել իր նոր բենդի կազմավորմանը: Յոթ երաժիշտն ու երգչուհին պարբերաբար համերգներ են ունենում մայրաքաղաքի ջազային ակումբներում ու փաբերում, հրավերների դեպքում նաեւ մասնակցում են կորպորատիվ երեկույթների:

Նելին դստեր հետ


“Պրոֆեսիոնալ երաժիշտներ են, որոնք տարբեր խմբերի կազմում նվագել են ու հաջողությունների հասել: Ինձ համար հաճելի է ոչ միայն կենդանի ձայնով երեք-չորս ժամ երգել, այլեւ երաժիշտներից անընդհատ նոր բաներ սովորել”,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նելլին:

Նրա փոխանցմամբ, երգացանկն ընտրել են՝ հաշվի առնելով հանդիսատեսի նախասիրությունները` հիմնականում ընդգրկելով ջազային ստանդարտներ ու ռետրո հիթեր. “Մարդիկ սիրում են Աբբա-ի, Բոնի Էմ-ի հիթերն ու մեզ հետ հավասար երգում, ես էլ կատարելիս իսկապես հաճույք եմ ստանում: Վերջին համերգին մեզ այնքան ջերմ ընդունեցին, որ թույլ չէին տալիս ավարտել. մինչեւ ուշ գիշեր ուզում էին լսել ու պարել”:

Նելին ամուսնու` Րաֆիի եւ դստեր հետ


Նելլին այժմ բացի երգելուց նաեւ վարում է “Ֆան Day” հեռուստածրագիրը, որը հեռարձակվում է “Lime” հեռուստաընկերության եթերում. “Հիմա ավելի կենտրոնացած եմ ծրագրի պատրաստման ու պրոդյուսինգի վրա, քանի որ հեռուստատեսային կյանքն ինձ դուր է գալիս”:

Երգչուհին տեսահոլովակներ նկարահանելու մտադրություն եւս ունի, բայց, ինչպես նշում է, դեռ անիմաստ է համարում դրա վրա ավելորդ գումար ծախսելը. “Մեզ մոտ տեսահոլովակ նկարելը փողի անիմաստ վատնում է, որն անում ես զուտ քո հաճույքի համար, իսկ ես դեռ ժամանակ ու գումար չեմ ուզում վատնել այդ հաճույքի համար: Բազմիցս նշել եմ, որ մեր շոու-բիզնեսն այնքան զարգացած չէ, որ կարողանանք ունենալ շոու եւ բիզնես”:

Նելիի դուստրը՝ Անահիտը


Խոսելով հանգստից` Նելլին նշել է, որ այս ամառը Երեւանում է անցկացրել եւ միայն օգոստոսի 25-ին մի քանի օրով ընտանիքի հետ կմեկնի Ծաղկաձոր. “Երեխայի համար կարեւոր է օդափոխությունը, հուսով ենք` մեր գեղատեսիլ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում կլիցքաթափվենք: Բայց Երեւանում էլ շաբաթական մեկ կամ երկու օր պարտադիր նվիրում ենք մեր աղջկան` Անահիտին, նրան տանելով այն վայրերը, որտեղ սիրում է քայլել, խաղալ եւ ուտել: Մեր լիցքաթափվելու ու լիցքավորվելու ամենալավ տարբերակն Անահիտն է:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նելլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW