×


Երկու դիտում-քննարկում՝ մեկ օրում. ԿինոՊարկում սպասված ֆիլմերի երեւանյան պրեմիերաներ են

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում շարունակվում են ֆիլմերի ցուցադրությունները, քննարկումներն ու վարպետության դասերը: «Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում երեկ միանգամից երկու հանդիպում-քննարկում էր նախատեսված՝ «Անհետացած քաղաքների հավաքածու» եւ «Լողլողը» ֆիլմերի ցուցադրություններից հետո: Հանդիպումներին ներկա էին ֆիլմերի դերասանուհիները՝ Ադելին մարմնավորող Լարիսա Կորրիվուան («Անհետացած քաղաքների հավաքածու») եւ Մաշային մարմնավորող Վասիլիսա Պերելիգինան («Լողլողը»): Կինոդիտում-քննարկումներին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, առանձնացրել ամենաուշագրավ դրվագները:

Ռեժիսոր Դենի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հունվարին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Այն պատմում է կանադական մի փոքրիկ մեկուսի քաղաքի մասին, որտեղ բնակիչների հանգիստը խաթարվում է դեռահաս աղջկա՝ Սիմոն Դյուբեի անսպասելի մահից հետո: Ցնցված բնակիչները դժկամությամբ են քննարկում ողբերգության հանգամանքները: Դրանից հետո Դյուբե ընտանիքի, քաղաքապետ Սմոլվուդի ու մի խումբ մարդկանց համար ժամանակը կարծես կորցնում է իմաստը, եւ օրերը ձգվում են անվերջ: Ողբի այդ օրերին մշուշի մեջ օտարականներ են սկսում երեւութանալ: Ովքե՞ր են նրանք եւ ո՞րն է ֆիլմի հիմնական գաղափարը՝ հենց այս հարցերի շուրջ էլ ընթանում էր քննարկումը դերասանուհի Լարիսա Կորրիվուայի հետ:

Վասիլիսա Պերելիգինան՝ ԿինոՊարկում


Վերջինիս խոսքով՝ Կոտեն չի սիրում իր ֆիլմերին վերաբերող բացատրություններ տալ, սակայն ինքը կարծում է՝ ֆիլմը վախի մասին է.«Հաճախ մարդիկ ցանկանում են ազդանշաններ ստանալ այն աշխարհից, սակայն այդ նշանները ստանալուն պես վախենում են: Այսինքն՝ կարող ենք ասել, որ ֆիլմը նաեւ մահվան վախի մասին է: Այն, ինչ տեսնում են քաղաքի բնակիչները, չունի բացատրություն, չունի պատասխաններ, սակայն գոյություն ունի, եւ դա շատ տարօրինակ է: Ֆիլմի հիմքում նաեւ արտագաղթի խնդիրն է, որ կա գրեթե բոլոր փոքր ու լքված քաղաքներում, գյուղերում: Մարդիկ վախենում են էմիգրացիայից, քանի որ առանց այդ էլ մեկուսի քաղաքը զրկվում է վերջին բնակիչներից»:

Խոսելով նաեւ իր կերպարի՝ Ադելի մասին, որ ֆիլմի առաջին իսկ կադրերից թռչում է մշուշոտ քաղաքում, Լարիսան ասաց՝ ռեժիսորն այդպիսով փորձել է ցույց տալ, թե ինչ է կատարվում նրա ներսում: Նույնիսկ քաղաքի բնակիչներն են նկատում, որ Ադելը կարծես հանգստություն է գտել ու ճախրում է երկնքում: Առհասարակ ֆիլմում կարելի է տեսնել ոչ միայն թռչող մարդկանց, այլեւ տարօրինակ դիմակներով երեխաների, մահացած մարդկանց հոգիների եւ զարմանալի այլ կերպարանքների: Այս առումով պետք է առանձնացնել հատկապես օպերատորական փայլուն աշխատանքը, որ հատուկ ուշադրության է արժանացել նաեւ կինոքննադատների կողմից:

Վասիլիսա Պերելիգինան՝ ԿինոՊարկում


Հաջորդ ֆիլմը, որ ցուցադրվեց «ԿինոՊարկ»-ում, ռուս հայտնի ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Լողլողն» էր: Այն Կաննի կինոփառատոնում արժանացել է ռեժիսորական մրցանակի «Հատուկ հայացք» ծրագրում: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Լենինգրադում՝ 1945 թվականին: Երկրորդ աշխարհամարտը պատուհասել է քաղաքը՝ ավերելով շինությունները եւ բնակիչներին թողնելով բարոյական ու ֆիզիկական սնանկության մեջ: Թեեւ վերջապես ավարտվել է պաշարումը, բայց կյանքն ու մահը շարունակում են կռիվ տալ քաղաքից մնացած ավերակների վրա: Երկու երիտասարդ կին՝ Իյան ու Մաշան, այդ ավերակների մեջ իրենց կյանքը վերակառուցելու պայքարում իմաստ եւ հույս են փնտրում:

Կինոդիտման ավարտին Մաշայի դերակատարուհի Վասիլիսա Պերելիգինան խոստովանեց, որ երբ առաջին անգամ կարդացել է ֆիլմի սցենարը, հուզվել է ու հակասական զգացողություններ ունեցել: Ասաց` կարողացել է հավատալ այդ պատմությանը, որ այն, ինչ գրված է, իսկապես կարող էր տեղի ունենալ, թեեւ փոքր-ինչ տարօրինակ է: «Եվ այո, ես լաց եղա»,- անկեղծացավ դերասանուհին:

Նա նաեւ նշեց, որ ինքն ու իր հերոսուհին՝ Մաշան, շատ տարբեր մարդիկ են, բայց պարզվում է` կերպարն իր ազդեցությունը թողել է դերասանուհու կյանքում.«Չգիտես՝ ինչու, ես հիմա նրանից շատ բաներ եմ սովորում: Մաշան շատ համարձակ քայլեր է անում ու անսպասելի որոշումներ կայացնում, իսկ ես մի փոքր այլ բնույթ ունեմ: Հիմա նրանից դա սովորում եմ: Բայց պիտի խոստովանեմ, որ եղել են պահեր, երբ ատել եմ Մաշային, չեմ հասկացել՝ ինչպես կարելի է այդպես վարվել ու ինքդ քեզ արդարացնել: Սակայն հետո հասկացել եմ, որ նա այդպիսով փորձում էր կյանք փնտրել, գտնել այն, ինչը կփրկեր նրան: Այսինքն՝ հաճախ նրա որոշումները գալիս էին ոչ թե ուժից, այլ թուլությունից»:


Հանդիպման ավարտին նաեւ հյուրասիրություն էր կազմակերպված կինոթատրոնի նախասրահում, որտեղ նույնպես հանդիսատեսը հնարավորություն ունեցավ շփվել դերասանուհու հետ եւ անձամբ նրան մի քանի հարց տալ: Իսկ դուք կարող եք հետեւել «Ոսկե ծիրան»-ի ծրագրին` հաջորդ հանդիպումները բաց չթողնելու եւ հետաքրքիր այլ ֆիլմեր դիտելու համար: Այդ նպատակով կարող եք հետեւել նաեւ «ԿինոՊարկ»-ի կայքէջին, որտեղ ներկայացված է առաջիկա օրերի հագեցած ֆիլմացանկը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW