Երեւանյան պատկերներով գեղանկարների բացօթյա ցուցահանդես-վաճառք՝ Երեւանի կենտրոնում։ Երեկ կայացավ նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը բարեգործական բնույթ ուներ. կտավների վաճառքից ստացված հասույթի կեսն ուղղվելու է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ապրիլի 8-ին զոհված զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին: Նրա կինը եւ անչափահաս երեք երեխաներն ապրում են վարձակալությամբ՝ սոցիալապես անապահով պայմաններում:
Ժակը, Ալեքսանդր Մկրտչյանը եւ Կարինե Առուստամյանը
«Զինվորի կողքին» նախագծի շրջանակում ցուցահանդեսը կազմակերպել էին Անի Ջուլհակյանը, նկարչի դուստրը՝ Իննա Մկրտչյանը, եւ նրա մյուս ընկերները.«Հայրս համեստ մարդ է, սիրում է ստեղծագործել իր իսկ ստեղծած աշխարհում, ես էլ որոշեցի ներկայացնել նրա աշխատանքները։ Երբ արդեն որոշել էինք միջոցառում անել, Արցախում իրավիճակն այնպես փոխվեց, որ ճիշտ համարեցինք կտավները վաճառքի դնել եւ գումարով օգտակար լինել։ Համացանցում հրապարակված զինվորների մասին կարդալով` ընտրեցինք մի ընտանիքի, որն իսկապես օգնության կարիք ունի»։
«Երեւանյան պատկերներ» խորագրով ցուցահանդեսին
Երեւանցիներին հարազատ եւ զբոսաշրջիկներին ծանոթ վայրեր՝ Հանրապետության հրապարակից մինչեւ երեւանյան բակեր. ցուցահանդեսի ընթացքում ներկաներն ուսումնասիրում էին կտավները՝ ունկնդրելով «The Band» ակուստիկ խմբի եւ Կարինե Առուստամյանի կատարումները։
Նկարիչը հայտնեց, որ ցանկանում է հնարավորինս շատ գործեր վաճառել օգնելու նպատակով.«Պատերազմական իրավիճակում մարդիկ մտածում են՝ ինչ կարող են անել երկրի համար, որ օգտակար լինեն։ Մտածեցի` իմ ստեղծագործությունները վաճառելով, կկարողանամ օգնել։ Նկարում եմ Երեւանի իմ սիրելի անկյունները, նաեւ այն վայրերը, որոնք առաջին հայացքից ծանոթ կթվան դիտողներին»։
Իննա Մկրտչյանը եւ Դիանա Հովհաննիսյանը
Հաղորդավար Ժակի խոսքով՝ «Զինվորի կողքին» ակցիան կարեւոր նպատակ ունի. «Կյանքը, արեւը, գարունը մեզ ստիպում են ապրել, ժպտալ, ստեղծել, բայց ապրիլին յուրաքանչյուրս անհանգստացել ենք` սահմանից լուրեր լսելով։ Շատերը փորձեցին ինքնակազմակերպվել, զինվորների կողքին լինել, այս ցուցահանդեսն էլ այդպիսի նպատակ ունի։ Գնելով նկար՝ կօգնենք հերոս Հրաչյա Մուրադյանի ընտանիքին, որն իր կյանքը զոհեց իր վիրավոր ընկերոջը փրկելիս»։
Ցուցադրված շուրջ 30 կտավներից մի քանիսն արդեն վաճառված են։ Նկարները գնելու եւ ընտանիքին աջակցելու համար կարող եք այցելել Ալեքսանդր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջ։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: