×


Էդգար Սարգսյան.«Փողոցում մոտեցավ եւ ապտակեց ինձ»

Մինչ շատերը գնումների են շտապում, թարմացնում զգեստապահարանն ու սպասում Նոր տարվա հրաշքին, մի շարք սերիալներից ու ֆիլմերից հայտնի Էդգար Սարգսյանը, փոքր-ինչ հեռու մնալով նախատոնական եռուզեռից, շարունակում է կոփել մարմինը:): Օրերս BRAVO.am-ը լուսանկարել է Շանթի «Ուրիշի հոգին» սերիալի դերասանին ձների մեջ մարզվելիս ու անկեղծ զրույց ունեցել:

Էդգար Սարգսյանը


«20 կգ գիրացել էի»

Առողջ ապրելակերպ եմ վարում` կառուցվածքս վերականգնելով ամենօրյա մարզումների շնորհիվ: Փորձում եմ նաեւ վնասակար սովորություններից հեռու մնալ: Հենց մարզվելն է ինձ օգնում պահպանել քաշս ու շատ չգիրանալ: Մոտ երկու տարի առաջ հանգստի էի մեկնել ծով ու երկու ամիս այնտեղ մնալուց հետո վերադարձա 20 կգ գիրացած, քանի որ ուտում էի ու քնում… Այդ շրջանում «Պարահանդես» նախագծին էի մասնակցում եւ ինձ իսկապես դժվար էր շարժվելը:

«Ինձ դուր են գալիս խուլիգանի, մարդասպանի դերերը»

Չգիտեմ ինչու, բայց ինձ մշտապես բացասական դերեր են առաջարկում: 15 տարեկանից նկարահանվում եմ տարբեր սերիալներում ու ֆիլմերում եւ երեւի մեկ-երկու դրական դեր եմ ունեցել: Եթե անկեղծ` ինձ դուր են գալիս խուլիգանի, մարդասպանի, վատ տղայի դերերը: Կյանքում ոչ մեկին վատություն չեմ անում, չեմ նեղացնում, բայց կերպարներիս միջոցով ազատվում եմ կուտակված բացասական հույզերից, որոնք ցանկացած մարդ էլ կարող է ունենալ: Վատ էներգիան տալիս եմ խաղընկերոջս, ու այն կորչում է օդում` առանց որեւէ մեկին վնասելու:

Էդգար Սարգսյանը


«Շատ են ասում, որ զզվում են ինձնից»

Բացասական դերերիս առատության պարագայում էլ դրական կարծիքներ լսում եմ: Ծանոթներս ասում են, որ շատ լավ եմ խաղում, սակայն հանցագործի արտաքին չունեմ: Լինում են նաեւ անկանխատեսելի արձագանքներ. շատ են ասում, որ զզվում են ինձնից, «Որբեր»-ում նկարահանվելու շրջանում էլ փողոցում մի կին մոտեցավ ու շատ ուժգին ապտակեց` ասելով` հերիք չէ այդ երեխաների կյանքն ուտեմ: Նշանակում է` իսկապես կարողացել եմ կերպարը ճիշտ մատուցել:

«Ինչքան էլ համոզեցի, չստացվեց:)»


Դերասանական կրթություն ունեցող մարդ մեր ազգում չկա: Մայրս մանկավարժ է` ռուսերենի մասնագետ, ավարտել է Բրյուսովի անվան ինստիտուտը, իսկ հայրս Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն է ավարտել, սուսերամարտիկ է, խորհրդային տարիների չեմպիոն: Մեր ընտանիքի միակ զավակն եմ. քույր ու եղբայր չունեմ: Ինչքան էլ համոզեցի, որ ինձ համար քույր կամ եղբայր բերեն, չստացվեց:):

«Փոքրիկ բիզնես ունենք»

Պետք է խոստովանեմ, որ որպես դերասան, մշտապես չեմ կարող ապահովել իմ ֆինանսական անկախությունը, քանի որ պասիվ շրջաններ են լինում, երբ նկարահանումներ, կրկնօրինակումներ եւ ներկայացումներ չկան: Փառք Աստծո, ընտանեկան փոքրիկ բիզնես ունենք:

Էդգար Սարգսյանը


«Ընկերուհիս դերասանուհի է»

Ընկերուհիս հայտնի դեմք է. դերասանուհի է, սակայն այժմ չեմ ցանկանա հրապարակել նրա անունը, քանի որ ամեն ինչ դեռ նոր է: Ժամանակին ընկերներ էինք, այդ մտերմությունն աստիճանաբար վերածվեց սիրո, ինչպես հաճախ լինում է: Ճիշտ է` իմ սրտով չէ, որ նա իմ ոլորտից է, բայց ինչ կարող եմ անել սրտիս հետ:

«Սերը չի պակասել»


Կապիկի տարում եմ ծնվել, բայց չեմ սիրում այդ կենդանուն: 2016-ին կփորձեմ նրա հետ լավ լինել, որ երջանկություն, հաջողություն, առողջություն բերի բոլորին: Ուզում եմ ծնողներիս առողջ տեսնել ու նրանց սերը երբեք չպակասի: Համատեղ կյանքի 25 տարվա ընթացքում նրանց սերն ընդհանրապես չի պակասել. միմյանց սիրում են այնպես, ինչպես երկու ամսվա սիրահար զույգերը:

Էդգար Սարգսյանը


«Նպատակ ունեմ»

Ամանորն իմ սիրելի տոներից չէ, բայց մենք էլ բոլոր հայկական ավանդական ընտանիքների նման պատրաստվում ենք: Կեսգիշերին ընտանիքիս հետ եմ լինում, հետո տնից դուրս եմ գալիս ու մի քանի օր անց վերադառնում:):

Մասնագիտական մի նպատակ ունեմ. կուզեմ գալիք տարում «Մակբեթ» ներկայացման մեջ Յասոնին մարմնավորել: Ուսանողական տարիներին հնարավորություն ունեցել եմ խաղալու այդ կերպարը, բայց շատ կարճ է տեւել:

 Մեկ էլ շատ եմ ուզում, որ ահաբեկիչները վերանան աշխարհի երեսից, մեր զինվորներն ու սպաներն անփորձանք ծառայեն, որովհետեւ նրանք սոված, արթուն պահում են մեր սահմանները… Թող բոլորը տուն վերադառնան:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW