Պարուհի եւ երգչուհի Էլենի Գալստյանին BRAVO.am-ը հանդիպել է հենց նրա ծննդավայրում` Լոս Անջելեսում :): Մեզ հետ ունեցած հետաքրքիր զրույցի ընթացքում հայուհին պատմել է երազանքների, ստեղծագործական կյանքի, առաջիկա պլանների մասին եւ ոչ միայն:
Էլենի Գալստյանը
Ծնողներս իրանահայ են, սակայն բազմիցս եղել են Հայաստանում, իսկ ես, ցավոք, երբեք այդ հաճույքը չեմ զգացել: Հուսով եմ՝ առաջիկայում անպայման առիթ կունենամ այցելել հայրենիք:
Երեք տարեկանում արդեն գիտեի, որ բեմի մարդ եմ լինելու՝ պարելու ու երգելու եմ. երազում էի փոփ-աստղ դառնալ: Հենց այդ տարիքից էլ, ի դեպ, սկսել եմ պարի հաճախել, իսկ երգելու որոշումը շատ ավելի ուշ եմ կայացրել:
Էլենի Գալստյանը
Ծնողներս հավանություն են տվել ընտրությանս եւ աջակցում են ինձ, կարծում եմ, այն պատճառով, որ հայրս երաժիշտ է՝ դաշնակահար, մայրս էլ երիտասարդ հասակում ցանկացել է պարուհի դառնալ, բայց քանի որ Իրանում դա գրեթե անհնար էր, ինձ լույս աշխարհ բերելուն պես որոշել է` երբ փոքր-ինչ մեծանամ, պարի դասընթացների կտանի` իմ միջոցով իր երազանքն իրականացնելու նպատակով: Այնպես է ստացվել, որ դեռ մանկուց մայրիկիս վաղեմի, բայց չիրակացած երազանքը նաեւ իմ երազանքն է եղել:
Որպես պարուհի համագործակցել եմ այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Քելլի Ռոուլանդը, Դեյվիդ Գետտան, Փինքը, Ջին Ականիշին եւ այլք: Բայց, իհարկե, հայ հանդիսատեսին ծանոթ եմ Միհրան Կիրակոսյանի “If You Want To” տեսահոլովակից:
Էլենի Գալստյանը
Մասնակցել եմ ամենատարբեր շոուների, սակայն ինչ-որ տեղ ճակատագրական է եղել 2006 թվականին տեղի ունեցած “The Hunchback of Notre Dame”-ը, որի ընթացքում պարելուց բացի, որոշ հատվածներում նաեւ երգել եմ: Մեկ տարի խմբի հետ Միացյալ Նահանգներում շրջագայելուց հետո շոուի գլխավոր երգչուհիներից խորհուրդ ստացա պարին զուգահեռ երգարվեստով զբաղվել:
Երգով տարվել եմ 2004-2005 թվականներին Եվրոպա կատարած այցելությանս ժամանակ: Այդ տարիներին պարային երգերը, որոնք այսօր իմ երգացանկի մասն են կազմում, չափազանց մեծ տարածում ունեին այնտեղ:
Էլենի Գալստյանը
Երգով զբաղվելու վերջնական որոշումը կայացրել եմ 2011 թվականին եւ հենց այդ տարում առաջին ելույթս ունեցել Արմենչիկի լոսանջելեսյան համերգի ժամանակ, որի հետ մինչ այդ միայն որպես պարուհի էի համագործակցում: Ներկայացրել եմ երկու գործ, բայց, ցավոք, ոչ ոք չհայտարարեց իմ անունն, ու 8000 հանդիսատեսն այդպես էլ չիմացավ, թե ով է երգում:
2012-ին տեղի է ունեցել առաջին համերգս, որին հաջորդել է իմ՝ որպես երգչուհի մասնակցությունն ամենատարբեր միջոցառումների, այդ թվում` Նիքի Մինաժի ալբոմի շնորհանդեսին:
Էլենի Գալստյանը
Այսօր տնօրինում եմ “Ellenie Studios”-ը, որտեղ ես, հայրս եւ այլ մասնագետներ դասավանդում ենք երեք տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին` "IDWT" ("In Dance We Trust") ընկերության անվան ներքո սովորեցնելով երգել, պարել եւ ոչ միայն:
Առաջիկայում պատրաստվում եմ երաժշտական տեսահոլովակ նկարահանել, որից հետո կներկայացնեմ նոր երգեր ու կաշխատեմ առաջին ձայնասկավառակիս թողարկման ուղղությամբ, իսկ դրանից հետո արդեն հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ նաեւ համերգով հանդես գալ Հայաստանում:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էլենի Գալստյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: