×


Էմմա Սապունջյանը` «Էլենի օրագիրը 2»-ում դերի եւ անձնականի մասին

Թեեւ դերասանուհի դառնալը Էմմա Սապունջյանի համար մանկության երազանք չի եղել, սակայն, նրա սերը ընտրած մասնագիտության նկատմամբ օր օրի ավելանում է: Այս շրջանում «Էլենի օրագիրը 2»-ում նկարահանվող երիտասարդ դերասանուհու հետ անկեղծ զրույցի ընթացքում պարզել ենք՝ ով է մեծ դեր խաղացել մասնագիտական ընտրության հարցում, ինչպես եւ երբ է առաջին անգամ հայտնվել եթերում, ինչ հարաբերություններ ունի խաղընկերների հետ, նաեւ խոսել ենք ընտանիքի, անձնական կյանքի եւ ալարկոտության մասին:

Վիվյեն Բաստաջյանի ջանքերը
Փոքր տարիքում երազանքներիս ցուցակում չի եղել դերասանուհի դառնալը։ Բայց ավելի հասուն տարիքում, երբ սկսեցի հաճախել դերասանի վարպետության դասընթացների, մեղմ ասած՝ սիրահարվեցի այս մասնագիտությանը եւ մինչ օրս պաշտում եմ այն։ Եվ հենց այդ դասընթացներն էլ պատճառ դարձան, որ հետագայում հայտնվեցի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում։ Իսկ ընդունելության հարցում ինձ օգնեց դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, ով, մի քանի ամիս շարունակ չխնայելով իր նյարդերը, փորձեց ինձ մասնագիտական մի քանի բան սովորեցնել: Վիվյենը շատ մեծ դեր է խաղացել իմ մասնագիտական կյանքում, քանի֊ որ իր տված խորհուրդներով եմ առաջնորդվում մինչ օրս:

«Կարող եմ 24 ժամ աշխատել եւ չհոգնել»
Թատերականում սովորելը շատ կարեւոր դեր է խաղում յուրաքանչյուր դերասանի կյանքում։ Շատերը կարծում են՝ ոչ մի բարդ բան չկա խաղի մեջ, պարզապես պետք է տեքստ ասել, ու վերջ, բայց իրականում՝ սա շատ խոր մասնագիտություն է... Շատ չխոսեմ, քանի որ այս թեմայով կարելի է անվերջ խոսել ու խոսել, միայն կարող եմ ասել՝ որքան էլ ինքնուրույն փորձել էի ուսումնասիրել, միեւնույն է, մինչ ինստիտուտ ընդունվելը ոչինչ չգիտեի այս մասնագիտության մասին։ Իսկ այնտեղ սովորելու ժամանակ հասկացա, թե ինչ խոր մասնագիտություն եմ ընտրել ու օր օրի ավելի ու ավելի էի սիրահարվում թատրոնին եւ կինոյին: Երազում էի որքան հնարավոր է շուտ հայտնվել բեմի վրա եւ տեսախցիկի առջեւ, ու այդ սերը մինչեւ հիմա կա իմ մեջ ու աստիճանաբար ավելի է շատանում։ Երբ տեղեկանում եմ, որ նկարահանում ունեմ, տրամադրությունս միանգամից բարձրանում է։ Ես կարող եմ 24 ժամ գտնվել նկարահանման հրապարակում եւ չհոգնել:):

Էմմա Սապունջյանը


«Քասթինգին մասնակցելիս համոզված էի, որ չեն ընտրի»
Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել եմ 16 տարեկանում, երբ դեռ դպրոցական էի։ Ուսանողական տարիներին գրեթե ոչ մի քասթինգ բաց չէի թողնում, սակայն ոչ մի կերպարում չէի հաստատվում։ Իմ առաջին լուրջ դերը եղել է «Սահմանին 2» սերիալում. մարմնավորում էի Տաթեւին։ Քասթինգին մասնակցելիս համոզված էի, որ այստեղ էլ չեմ հաստատվի, եւ անկեղծ շատ զարմացա, երբ կերպարը փորձելուց հետո ռեժիսոր Ռոման Մուշեղյանը միանգամից ասաց, որ ես եմ խաղալու:
«Շանթ»-ում նկարահանվելու առաջարկ ունեցել եմ անցած տարի, երբ դեռ չէին սկսվել «Էլենի օրագիր» սերիալի նկարահանումները: Ցանկությունը շատ մեծ էր, սակայն այդ շրջանում զբաղվածությունս թույլ չտվեց, իսկ հիմա, երբ ավելի ազատ էր գրաֆիկս, սիրով համաձայնեցի համագործակցել։

«Դեռ գոհ չեմ…»
Փորձում եմ կերպարս այնպես կառուցել, որ չնմանվի իմ կերտած մյուս կերպարներին: Կարծում եմ` ինձ դա հաջողվում է, բայց դեռ ամբողջովին գոհ չեմ իմ խաղից, դեռ աշխատելու շատ տեղ ունեմ: Դերասանի համար Ինեսայի կերպարն իսկական ձեռքբերում է, քանի որ ունի հստակ բնավորություն. ամեն արած քայլ արդարացված է եւ շատ շերտեր ունի, որոնք ընթացքում դեռ կբացվեն։ Բացահայտումներ, ցավոք, չեմ կարող անել, քանի որ հետաքրքրությունը կկորի. թող ամեն ինչ լինի իր ժամանակին:

«Շատ շուտ ընկերացանք»
Թատերականն ավարտելուց հետո խաղընկերների հարցում բախտս միշտ բերում է։ Աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Նկարահանման հարթակում տիրում է առողջ ու հաճելի աշխատանքային մթնոլորտ։ Չնայած նրան, որ առաջին անգամ էի հանդիպում խաղընկերներիս, շատ շուտ ընկերացանք։

Մարիամ Սապունջյանը եւ Մարինկա Խաչատրյանը


Ընտանիքի մասին
Մեր ընտանիքի միակ երեխան եմ։ Ծնողներս լրիվ այլ ոլորտից են, արվեստի հետ կապ չունեն: Նրանց շնորհիվ երբեք որեւէ բանի պակաս չեմ զգացել: Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ինչպես այլ հարցերում, նրանք որեւէ արգելք չեն դրել իմ առջեւ, այլ ընդհակառակը՝ միշտ աջակցել են. այն պահերին, երբ հուսահատվում էի, նրանք չէին թողնում, որ մեկ վայրկյան անգամ կասկածեի իմ ընտրության հարցում։

«Շատ ալարկոտ եմ»
Կարող եմ ասել, որ շատ ալարկոտ եմ. եթե նստեմ բազմոցին, ինձ հետո անհնար կլինի հանել: Երբ ընկերներս առաջարկում են որեւէ տեղ գնալ, հազար ու մի պատճառ կհորինեմ, միայն թե տնից դուրս չգամ: Համոզված եմ` եթե մահից հետո ընկնեմ դժոխք, պատճառն իմ ալարկոտությունն է լինելու: Իսկ միակ բանը, որ ալարկոտությունիցս ավելի ուժեղ է` աշխատանքս է։ Ինչպես արդեն նշել եմ՝ կարող եմ 24 ժամ առանց հանգստի նկարահանվել ու չհոգնել:

Անձնականի մասին
Այո, չեմ խուսափում անձնականից խոսել, քանի որ ընտրյալ չունեմ, բայց կարծում եմ, երբ հայտնվի իմ կողքին այդ միակը, ես նրան կթաքցնեմ տեսախցիկներից:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW