×


Էնջլ Մարտիրոսյան.«Շատ ավելի բարդ է, քան երեւում է հեռվից»

Էնջլ Մարտիրոսյանը, Հայաստանից մեկնելով, շարունակում է իր մասնագիտությամբ զբաղվել եւ պարբերաբար նոր աշխատանքներ ներկայացնել։ Շուրջ չորս տարի առաջ Միացյալ Նահանգներ տեղափոխված դերասանուհին Sed S Photography-ի հետ իրականացրել է նոր ֆոտոշարք իր պորտֆոլիոյի համար։ BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ լուսանկարչի հետ համատեղ ընտրել են վայրերն ու ոճը.«Հատուկ կերպարների մեջ չեմ, այլ իմ հոգեվիճակի տարբեր դրսեւորումներն են։ Ես սիրում եմ ֆոտոխցիկներն ու տեսախցիկները, բայց  ավելի հարմարավետ եմ զգում տեսախցիկի առջեւ, որովհետեւ շարժման մեջ ավելի կյանք կա, ինձ ավելի հոգեհարազատ է»։

Էնջլ Մարտիրոսյան


Լոս Անջելեսում նկարահանված «Վտանգավոր խաղեր» հայկական սերիալի վերջին 150 սերիայի ռեժիսորի աշխատանքը կատարել է Էնջլը, ինչի մասին հպարտությամբ է խոսում.«Առաջին փորձս էր, մայրիկիցս անսպասելիորեն լավ արձագանք եմ ստացել, դերասան գործընկերներս էլ կողքիս էին ու աջակցում էին, իրենցից եւս դրական գնահատականներ եմ ստացել։ Կարծում եմ՝ համագործակցությունը փոխադարձ հաճելի էր, անպայման հաշվի էի առնում նրանց տեսակետները, միասին քննարկում էինք բարդ տեսարանների լուծումները եւ վերարտադրում կադրում»։

Էնջլ Մարտիրոսյան


Սերիալի ընթացքում հագեցած օրակարգ է ունեցել, այժմ հանգստանում է.«Երբ ֆիլմի համար աշխատում էի, շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ դրանով էի զբաղվում։ Հիմա հաջորդ նախագծի նախապատրաստական փուլն է, դեռ սցենարն է գրվում։ Վերջապես ժամանակ ունեմ ինձնով զբաղվել, արդյունքներից մեկն էլ այս ֆոտոշարքն է։ Նաեւ նպատակ ունեմ կրկին երգել, մի քանի կոմպոզիտորի հետ քննարկում եմ, թե ինչ ժանրի երգ կկատարեմ։ Երկարատեւ դադարից հետո պետք է ճիշտ ոճով վերադառնամ»։

Մասնագիտությունից դուրս աշխատելու փորձեր արել է, բայց մեծ մասամբ տարված է մասնագիտական գործերով.«Չեմ կարող անվանել աշխատանք, որովհետեւ փորձեր են եղել։ Տեղափոխվելուցս հետո ընդգրկվեցի ամերիկահայկական շոու-բիզնեսում, ժամանակային առումով չէի հասցնում այլ գործեր էլ անել։ Գրեթե ամբողջությամբ ինտեգրվել եմ, սկզբում ոչ ոքի չունեի, ընտանիքիցս ու մտերիմներիցս հեռու պիտի ամեն ինչ զրոյից սկսեի։ Շատ հետաքրքիր հոգեբանական փուլ էր, երբ գիտես դու ով ես, շրջապատդ քեզ ճանաչում է, իսկ այստեղ սկսում ես քո պատմությունը գրել մաքուր էջից։ Ծանոթանում ես քո նոր «ես»-ի հետ, որն էլ ծանոթացնում ես նոր աշխարհին»։

Էնջլ Մարտիրոսյան


Նրա խոսքով՝ նոր մտերիմ ընկերներ ունի, որոնք կապ չունեն իր ասպարեզի հետ. «Սկզբում կարոտ չկար, ինքնապաշտպանական բնազդ էր, ուղեղս զբաղված էր նոր խնդիրներ լուծելով, բայց հիմա, երբ սովորել եմ նոր ապրելակերպին, կարոտը զգացնել է տալիս։ Ընկերներս ծնվել ու մեծացել են Ամերիկայում, աստիճանաբար ընկերացա նաեւ այն դերասանների հետ, որոնց հետ աշխատել եմ։ Ամերիկյան երազանքին շատերն են ուզում հասնել, բայց նախեւառաջ պետք է գիտակցեն դժվարությունները։ Շատ ավելի բարդ է լինելու, քան երեւում է հեռվից։ Կարծում եմ՝ երազանքի հետեւից պարտադիր պետք է գնալ, որ հետո չփոշմանես։ Ինքս ինձ ասում եմ՝ պիտի փորձեմ, անգամ եթե չստացվի։ Ձեր նպատակներին վստահ եղեք եւ գնացեք դրանց իրագործման հետեւից»։

BRAVO.am    
Լուսանկարները` Sed S Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին