×


Էրիկի “Քո հետքերը” նոր ալբոմը` ՎՏԲ-Հայաստան Բանկի նվեր

Էրիկ Կարապետյանի համար ապրիլի 10-ը նշանակալի օր էր. երեկ “Yans” ակումբում կայացել է երգչի երկրորդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: “Քո հետքերը” ալբոմը, որը բաղկացած է տասը երգից, թողարկվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ:

Մարտին Միրզոյանը, Էրիկը, Յուրի Գուսեւը եւ Լալի Սվիմոնիան


Նախքան համերգը լրագրողների հետ զրույցում Էրիկը ներկայացրել է սկավառակի ստեղծման պատմությունն ու հայտնել, որ այն թողարկվել է 2000 տպաքանակով եւ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կլինի վաճառքում.“Բոլորս էլ գիտենք, որ հիմա սկավառակները մի քիչ դժվարությամբ են վաճառվում, այնուամենայնիվ, նոր տպաքանակ էլ կավելանա` կախված գնորդների ցանկությունից: Շուտով համացանցում էլ կվաճառվի: Միայն ուզում եմ խնդրել, որ որակյալ տարբերակը գնեն, որովհետեւ որակի համար իսկապես շատ ենք տանջվել: Այժմ ոչ միշտ է արժեքավոր երաժշտությունը հովանավորվում, շնորհակալ եմ ՎՏԲ-Հայաստան Բանկին ինձ աջակցելու համար: Ակնկալում եմ, որ այս ալբոմը դեռ երկար կապրի”:

Ձայնասկավառակը կոչվում է “Քո հետքերը”` ի պատիվ Առնո Բաբաջանյանի համանուն երգի, որը Էրիկին հաջողություն է բերել “Նոր ալիք-2011” միջազգային մրցույթում. “Այդ երգը կատարելուց հետո հասկացա, որ սկավառակում պետք է ընդգրկել միայն արժեքավոր գործեր: Փորձել ենք երգերն այնպես ընտրել, որ իրար հաջորդող երգերը մեկ շնչով լսվեն: Ինձ համար յուրաքանչյուր երգ յուրահատուկ է ու թողել է իր հետքը: Իմ երգերի հիմնական թեման սերն է, կյանքի բոլոր ոլորտներում ամենակարեւորը հենց սերն է, եւ շարունակելու եմ սիրո մասին երգել”:

Քրիստինե Պեպելյանը եւ Էրիկը


2009 թվականին իր առաջին՝ “Դու իմն ես” ալբոմը թողարկելուց 6 տարի անց նա իր երկրորդ սկավառակում ընդգրկել է հայալեզու եւ ռուսալեզու հայտնի ու նաեւ նոր երգեր՝ Առնո Բաբաջանյանի “Առաջին սիրո երգը”, “Ճակատագիր”, “Շնորհակալ եմ քեզ”, “Ոսկե տանգո”, “Քո հետքերը”, Էլվինա Մակարյանի “Դու նոր կյանք”, իր հեղինակային “Սեր”, “Կին-արեւ” եւ այլն: Երգերը գործիքավորել է Մարտին Միրզոյանը:“Չորս տարի առաջ Մարտինը “Քո հետքերը” երգի գործիքավորումն արեց: Այդ օրվանից նա իմ կողքին կանգնած է, եւ միասին ավարտին հասցրինք այս սկավառակի թողարկումը: Նրա հետ հին երգերին նոր շունչ ենք տվել, իսկ նոր երգերը գործիքավորել այնպես, ինչպես կհնչեին հին երգերը”,-ասել է Էրիկը, Մարտին Միրզոյանն էլ հավելել է, որ շարունակելու են միասին աշխատել:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը եւ Գովազդի, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիան


Ասուլիսին մասնակցել են նաեւ ձայնասկավառակի թողարկումը ֆինանսավորած ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը եւ Գովազդի, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիան: “Մեր բանկը միշտ սոցիալական ակտիվ կողմնորոշում է դրսեւորում ու պարբերաբար ֆինանսավորում տարբեր երաժշտական ուղղությունների ներկայացուցիչների: Հաճելի է մասնակից լինել տաղանդավոր երգչի մասնագիտական աճին  եւ օգնել երկրպագուներին որակյալ երաժշտություն մատուցելու գործին: Շնորհավորում եմ Էրիկին նոր ալբոմի կապակցությամբ եւ ցանկանում ստեղծագործական հետագա հաջողություններ”,-նշել է Յուրի Գուսեւը:

Էրիկը` Լանայի հետ


Ասուլիսին հաջորդել է համերգ, որին ներկա են եղել Էրիկի մտերիմ գործընկերները, նաեւ նրա ծնողներն ու սիրելին` Սվետլանան: Էրիկը հյուրերի համար կատարել է սկավառակի բոլոր երգերը` յուրաքանչյուր երգից առաջ նշելով ու շնորհակալություն հայտնելով հեղինակներին, ներկաներին եւ իր հանդիսատեսին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW