«Շանթ»-ի «Փոխնակ մայրը» սերիալում Քրիստինային մարմնավորող Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ նրա հետ անկեղծ զրույցի առիթ է դարձել: 21-ամյա դերասանուհին BRAVO.am-ին պատմել է լուսանկարներում արտացոլված իր տրամադրության մասին, եւ ոչ միայն:
Թամարա Գեւորգյանը
-Դերին համաձայնելու Ձեր շարժառիթը:
-Կերպարային գույներ տեսա: Այն տվեց ինձ բավականաչափ «հումք»` իրենից «մարդ» սարքելու համար: Ինձ համար՝ որպես դերասանուհի, կարեւոր չէ կերպարիս դրական կամ բացասական լինելը: Կարեւոր է ստանալ մարդ, մարդկային տեսակ: Վարպետս` Նիկոլայ Ծատուրյանը, միշտ ասում էր՝ «Փորձեք գտնել ներսի մարդուն»: Ինձ թվում է` Քրիստինային հասկացել եմ:
-Ի՞նչ արձագանքներ եք ստանում կերպարի, դերասանական Ձեր խաղի մասին:
-Կերպարիս մասին արձագանքները տարբեր են, շատ տարբեր: Դերասանական խաղի մասին դրական կարծիքներ եմ լսել, բայց դա էլ ինձ առանձնապես չի ոգեւորում: Երբ տեսնում ես, որ դերասանական շատ վատ խաղի մասին լավ են արտահայտվում եւ հակառակը, սկսում ես լուրջ չվերաբերվել այդ արձագանքներին: Դրական կարծիքները միշտ ոգեւորող են, իսկ ես իմ տեսակով փակ եմ բացասական էներգետիկայի առջեւ: Փորձում եմ նկատել միայն դրականը: Անկախ կերպարիս լավը կամ վատը լինելուց, կարծում եմ՝ սիրվեց, ինչը շատ հաճելի է:
Թամարա Գեւորգյանը
-Արձագանքներից ամենաոգեւորողն ու նյարդայնացնողը:
-Այս հարցը վաղուց եմ հաղթահարել: Չկան նման ուժեր, որ ինձ ոգեւորեն կամ նյարդայնացնեն: Ես ինքս ինձ կողքից նայելու աչք ունեմ: Եվ առաջին հերթին ինձ ոգեւորողն ու նյարդայնացնողը ես եմ: Երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, շատ բաներ էին ինձ ոգեւորում եւ հակառակը: Հաղթահարել եմ դրանք: Սա այն մասնագիտությունն է, երբ գործ ունես մարդու հետ` մարդ ստանալու կամ ինչ-որ բան մարդուն հասցնելու: Բայց երեւի մի բան կա, որն ինձ իսկապես նյարդայնացնում է` անլուրջ վերաբերմունքը դերասանական արվեստի նկատմամբ: Այն, որ շատերն առանց համապատասխան գիտելիքի ու կրթության որոշում են զբաղվել իմ մասնագիտությամբ, ինձ նյարդայնացնում է: Ես խանդում եմ իմ մասնագիտությանը:
-Ի՞նչ նմանություն եւ տարբերություն կա Ձեր եւ Ձեր հերոսուհու միջեւ:
-Նմանություններ կան, տարբերություններ`առավել եւս: Քրիստինան ունի բնավորության այնպիսի գծեր, որոնք, կարծում եմ, ունի յուրաքանչյուր կին` մենակ մնալու վախ, սեփականատիրության զգացում, խանդ: Ես էլ Քրիստինայի նման մինչեւ վերջ գնացող եմ, բայց հերոսուհիս անում է շատ բաներ, որոնց ես ունակ չեմ: Ամեն դեպքում չեմ էլ փորձում խանգարել:
-Նոր ֆոտոշարքի մասին խոսենք: Նախապատմություն կա՞: Թեմայի ընտրությունն ինչպե՞ս կայացրիք:
-Շատ կանայք վատ տրամադրությունը ցրելու համար գնում են շոփինգի: Ես ավելի մատչելի տարբերակ եմ գտել: Նախապատմություն, որպես այդպիսին, չկա իսկ թեման վաղուց գլխումս էր:
Թամարա Գեւորգյանը
-Շատերի համար համարձակ ֆոտոշարք է: Դուք ինչպե՞ս կբնորոշեք:
-Ասում եք` համարձա՞կ է: Լավ:
-Մերկությունը Ձեզ համար արվեստ, գեղեցիկը ցուցադրելու միջո՞ց է, թե՞…
-Մերկությունն ինձ համար երբեք որեւցիե բան ցուցադրելու միջոց չի կարող լինել: Այն ինքնին անհետաքրքիր է: Առհասարակ, պարզ բաներն են անհետաքրքիր` բացառությամբ մարդկանց: Կիսամերկը, այո, հետաքրքիր է, ինչու չէ, նաեւ արվեստ, գեղեցիկը ցուցադրելու միջոց: Ֆոտոշարքը սեքսուալ կնոջ մասին չէ, այն բնական կնոջ մասին է:
-Սերիալից դուրս ինչպիսի՞ն եք:
-Խոստանում եմ, հենց հասկանամ, առաջինը ձեզ կպատմեմ դրա մասին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արամ Սալոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: