Միացյալ Նահանգներում բնակվող «Զուլալ» տրիոյի անդամներն առաջին անգամ Երեւանում հանդես են եկել մենահամերգներով։ Հայկական ֆոլկ երաժշտության սիրահարները Կամերային երաժշտության տանն ունկնդրել են Թենի Ապելյանի, Երազ Մարգարյանի եւ Անաիս Տեքերյանի ակապելլա կատարումները:
«Զուլալ» տրիոյի երեւանյան համերգին
Աղջիկների եռյակը կազմավորվել է 2002 թվականին՝ ԱՄՆ-ում, իրենց երգացանկի համար առաջինն ընտրել են հայտնի «Բինգյոլը»։ 14 տարվա ընթացքում կազմն անփոփոխ է, վոկալիստների խոսքով՝ սկզբից էլ գիտեին, որ միասին ճանապարհ են անցնելու, իսկ նպատակն օվկիանոսից այն կողմ հայկական ֆոլկ երաժշտությունը ներկայացնելն է:
«Այս տարիների ընթացքում շատ բաների միջով ենք անցել, ընկեր ու քույր ենք դարձել։ Փորձում ենք հավասարակշռությունը պահպանել, որ երեքիս ձայնն էլ հավասար հնչի։ Կատարում ենք ոչ միայն ժողովրդական հայտնի, այլեւ ոչ այդքան հայտնի գործերն առանց գործիքավորման։ Երգերը փնտրում ու գտնում ենք արխիվներից, հույս ունենք, որ նոր գործեր կհայտնաբերենք ու կկատարենք։ Մեր ունկնդիրներն ավելի շատ օտարազգիներն են, իսկ Հայաստանում երգելը յուրահատուկ առիթ է»,-նշել են երգչուհիները:
«Զուլալ» տրիոյի երեւանյան համերգին
Համերգից առաջ ետնաբեմում նրանք վերջին փորձն էին անում, շտկում միմյանց զգեստներն ու ձեռք ձեռքի բռնած իրար հաջող ելույթ մաղթում։ Ի սկզբանե, նախատեսված էր մեկ համերգ, սակայն տոմսերն արագ են սպառվել, կազմակերպիչ «Deem Communications» ընկերությունն էլ եւս մեկ համերգ է ավելացրել։
Հայ-ամերիկյան «Զուլալ»-ն իր անվան նման մաքրություն ու պարզություն է փոխանցում ժողովրդական մեղեդիներին։ Երեւանյան համերգներին նրանք կատարել են աշուղական ու ժողովրդական երգեր` «Բինգյոլ», «Նինար», «Թամզարա», «Հանինա» եւ այլն։ Հայաստանում գտնվելու օրերին նաեւ «Թումո» կենտրոնում եռյակը վարպետության դասեր է անցկացրել երաժշտական ուղղվածության սաների հետ։
«Զուլալ» տրիոյի երեւանյան համերգին
«Զուլալ» տրիոն ելույթներ է ունեցել ամերիկյան հեղինակավոր համերգասրահներում ու մշակութային հաստատություններում, մասնավորապես՝ «Գեթի» թանգարանի սրահում, «Քարնեգի Հոլ»-ում, Քենեդի կենտրոնի «Միլենիում» բեմում, Բերկլիի երաժշտական կենտրոնում, Նյու Յորքի «Սիմֆոնի Սփեյս»-ում, նաեւ Միացյալ Նահանգներից դուրս:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: