BRAVO.am-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերին ծնվել է Ժակի երկրորդ դուստրը։ Հեռուստառադիոհաղորդավարը տրամադրել է փոքրիկի առաջին լուսանկարներն ու պատմել ընտանիքի եւ աշխատանքային նորությունների մասին։ Նա նշել է, որ աղջնակի 40 օրականը լրանալուց հետ ընտանիքով գնացել են եկեղեցի եւ առ այսօր հյուրեր են ընդունում.«Քանի որ այս շրջանում շատերը հարբուխով հիվանդ են, վարակը չփոխանցելու համար ուշ են այցելում։ Առջեւում ամենամսյա տարեդարձերն են եւ ամենօրյա փոփոխությունը, որով Ժակլինը մեզ ուրախացնում է»։
Ժակի ընտանիքը
Ժակն ասել է, որ հանգստյան օրերը տրամադրում է երեխաներին.«Երկու-երեք ժամ ամբողջովին զբաղվում եմ Ժակլինով` թույլ տալով, որ շաբաթ-կիրակին թեթեւ լինի կնոջս համար։ Իմ ձեռքերում բալիկը զարմանալիորեն շատ հանգիստ է. երբ հնար չկա լացը կտրելու, իմ գրկում լռությունը երաշխավորում եմ։ Մեծ աղջկաս՝ Սիլվիայի սերն ու ուշադրությունը քրոջ հանդեպ արդեն նկատելի է, խնամքի հարցում մայրիկի օգնականն է։ Ես ու ավագ դուստրս օրեցօր ավելի լավ ենք գիտակցում նոր մարդու գոյությունը մեր կյանքում եւ ավելի շատ ենք կապվում նրա հետ»։
Ժակը գործընկերների հետ օրեր անց կնշի «Ռադիո Վան»-ի 18-ամյակը: Հոբելյանը նշանավորել են «18+» ֆոտոշարքով, որում ինքն ու Եգոր Գլումովը բալերինայի կերպարում են.«Մեր կերպարները հակասական են եւ հումորային բնույթ ունեն։ Չենք վախենում զվարճալի երեւալ, հուսով եմ՝ դիտողները մեզ նման ծիծաղում են ու ընկալում հումորը»:
Ժակը եւ Եգոր Գլումովը
Մյուս աշխատանքի բերումով Ժակն ու Լուսինե Բադալյանը Նոր տարվա ծրագրի համար մեկնել են Արցախ. Տիգրանակերտում կայացած նկարահանումների առանցքում բանակն ու զինծառայողներն են, «Երկիր Մեդիա»-ի տոնական եթերը նվիրված է լինելու զինվորներին.«Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ հատկապես կարեւորեցինք զինվորների դերը: Ապրիլի պատերազմից հետո չենք կարող մոռանալ` ինչի միջով անցավ ժողովուրդը, կոնկրետ այն ընտանիքները, որոնց որդիները հերոսներ են։ Տիգրանակերտը մեր պատմական վայրերից մեկն է, ազատ Արցախի երկնքի տակ Ամանորի նկարահանում ունենալը պատասխանատու էր, իսկապես հպարտություն էինք ապրում»։
Արցախում տոնական նկարահանումներին
Հաղորդավարը նաեւ պատմել է կադրից դուրս կատարվածի մասին.«Քանի որ նկարահանումը բացօթյա էր, ժամեր շարունակ երգիչները եւ մյուս մասնակիցները պետք է անկախ ցրտից մի քանի անգամ նկարահանվեին։ Թեեւ շատ ցուրտ էր, տեխնիկական առումով` բարդ, բայց անհամեմատելի էր այն դժվարությունների հետ, որ ունենում են սահմանին կանգնած զինվորները, որ մենք խաղաղ Նոր տարի նշենք ու կենացներ խմենք։ Զինվորների անկեղծությունն ու անմիջականությունը մեզ ուժ էին տալիս դիմակայել ցրտին։ Նույնիսկ աշխատակիցներ ունենք, որ առողջական խնդիրներ ունեցան, ընդհուպ մինչեւ շտապօգնության միջամտությունը, բայց նկարահանումը բարեհաջող ավարտեցինք։ Մեզ համար ամենակարեւորը զինվորներից ստացած գնահատականն ու ոգեւորությունն էր»։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ժակը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: