×


Վահան Արծրունին

Ի՞նչ հանգուցալուծում կստանա Վահան Արծրունու աղմկահարույց համերգի չեղարկումը

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին սեպտեմբերի 29-ին Զվարթնոցում կայանալիք «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագծի չեղարկման եւ մշակույթի նախարարության վարած քաղաքականության մասին օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 11-ին «Ջազ եւ ֆյուժն» ժանրի չկայացած համերգին։

Կամերային, սիմֆոնիկ ժանրերից մինչեւ կինոնկարների ու ներկայացումների համար ստեղծագործող երաժիշտը հայտարարության մեջ մասնավորապես գրել է՝ իր մասնագիտական գործունեությունն ու ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են.

«Համերգը չեղարկվեց ՀՀ մշակույթի նախարարության կոպիտ միջամտությամբ։ Որպես արվեստագետի՝ ինձ համար առաջին հերթին անհասկանալի է համերգի բուն նյութի՝ բովանդակային եւ հոգեւոր արժեքի նկատմամբ կատարյալ անտարբերություն ու մերժողականություն դրսեւորող մշակույթի նախարարության կեցվածքը: Հիմա արդեն պարզ եւ բացատրելի է, որ այն ծրագրված բնույթ է կրում եւ «օրինաչափ» է բոլոր առումներով…  

… Բանն այն է, որ վերջին 15 տարիների ընթացքում ես բազմիցս հրապարակավ խիստ քննադատել եմ մշակույթի նախարարության որդեգրած՝ ոլորտը «ղեկավարելու» մեթոդաբանությունը, կողմնակալությունը, պրոտեկցիոնիզմը, արվեստագետներին երկրից դուրս ուղղորդումը (առավել ցայտուն օրինակները՝ Լ. Ճգնավորյան, Օ. Դուրյան, Ա.Ղարաբեկյան, Կ.Դուրգարյան), մշակույթի ազգային զարգացման դոկտրինի եւ ծրագրի բացակայությունը, արվեստի դաշտի արհեստական բաժանումը յուրայինների եւ ոչ յուրայինների, հաստիքայինների եւ արտոնյալների, ստեղծագործական ինքնադրսեւորման անհավասար պայմանների իրողությունը, եղած միակ օրենքի հիմնային դրույթների շրջանցումը` անպատժելիության մթնոլորտում»: Ամբողջական տեքստն այստեղ:

Ահա այսպիսին է եղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի արձագանքը.

«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, ուստի հարկ եմ համարում մեկ անգամ եւս հրապարակավ բարձրաձայնել, որ ո՛չ Մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաեւ հետագա ճակատագրի հետ որեւէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են եւ բանսարկություն: Համերգի հեղինակ Վահան Արծրունուն եւ համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի եւ ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն»: Ամբողջական տեքստն այստեղ:

Վահան Արծրունի.«Իմ գերխնդիրն իմ նախագիծը կյանքի կոչելն է»

BRAVO.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին հայտնել է, որ նախարարի հետ չի ցանկանում հանդիպել.«Հանդիպման իմաստը չեմ տեսնում, որովհետեւ նման է գերատեսչական շոուի։ Եթե պայմանագիր չի եղել, կարող են առանց ինձ էլ քննարկել, իմ գերխնդիրը եղել է, կա ու կլինի իմ երաժշտական նախագիծը կյանքի կոչելը, լինի Զվարթնոցում, Օպերային թատրոնում, թե այլ վայրում»։

Արծրունու խոսքով՝ չէր կարող լռել համերգի չեղարկման մասին, որին նախապատրաստվել է շուրջ 6 տարի.«Արժանապատվություն ունեցող ցանկացած արվեստագետ չի կարող մերվել նման վերաբերմունքի հետ, 4 շաբաթ սպասեցի, որ լուծվի հարցը, երբ հասկացա՝ լուծում չի առաջարկվում, բարձրաձայնեցի խնդրի մասին, որը խորքային է։ Այդ լրջությունը հասկանալով՝ մշակույթի նախարարությունն ուշացած առաջարկում է հանդիպել, այնինչ ողջամիտ լուծում գտնելու առաջարկը ես արել եմ 23 օր առաջ՝ անձնական նամակներ հղելով Մշակույթի նախարարի մամուլի խոսնակին ու անձամբ Արմեն Ամիրյանին։ Նրա պատասխանը չինովնիկական էր՝ դիմեք համապատասխան կարգով»։

Վահան Արծրունին


Մեզ հետ զրույցում Վահան Արծրունին հայտնել է, որ շարունակում է համագործակել «Շարմ» ընկերության հետ, միասին ծրագրում են չեղարկված համերգն իրականացնել դեկտեմբերին.«Վերջին պայմանավորվածությունն ու շտկումները պետք է արվեն նվագախմբի եւ մենակատարների հետ, որ հստակ որոշենք օրը։ Հավանաբար, համերգը կկայանա դեկտեմբերի սկզբին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեռեւս քննարկման փուլում է։ Ես չգիտեմ՝ այս անգամ ինչ խոչընդոտներ կլինեն, քանի որ կրկին «Շարմ»-ն է զբաղվում կազմակերպչական հարցերով, դահլիճի վարձակալումն ու ֆինանսական, տեխնիկական հարցերն իմ իրավասությունից դուրս են։ Ես բացառապես աշխատում եմ նվագախմբի ու երաժիշտների հետ՝ պատշաճ մակարդակ ապահովելու համար»։

Վահան Արծրունին չկայացած համերգի քննարկումներից հետո առաջարկ է ստացել նույն ծրագիրն իրականացնել արտերկրում.«Նույն համերգի հետ նոր պլաններ ունեմ։ Այսօր բանակցում էի Սանկտ Պետերբուրգի դիրիժորներից մեկի հետ, քննարկում էինք հաջորդ տարվա ապրիլին կազմակերպելու հնարավոր տարբերակը։ Կհասնենք մեր նպատակին, այսինքն՝ հանրությանը վերջապես կներկայացնենք «Մաշտոց-Կոմիտաս» նախագիծը»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Վահան Արծրունու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին