«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 1-ին ու կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը: 17-րդ «Հայ Ֆեստը» կրում է «Իմաստը ներկայում է» (The meaning is now) խորագիրը: Սա հայտնի ռեժիսոր Փիթեր Բրուքի խոսքերն են՝ բացման հանդիսավոր արարողությանը պատմել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Մի անգամ Փիթեր Բրուքին հարցնում են թատրոնի նշանակության մասին: Պատասխանը հետեւյալն է եղել՝ «Իմաստը ներկայում է»: Կատարողական արվեստի ամենաթեժ կետն այն է, որ մոգությունը ստեղծվում է այն ժամանակ, երբ դու հետեւում ես դրան»,- վստահ է Արթուր Ղուկասյանը, ով օրերս է վերադարձել Բրյուսելից, բայց ոչ ձեռնունայն: Նա իր հետ Հայաստան մրցանակ է բերել:
Արթուր Ղուկասյանը
«2019թ.-ին ԵՓԱ-ն (Եվրոպական փառատոների ասոցիացիա) թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ Ֆեստն» ընտրել եւ ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: Անկեղծ ասած, դա հրաշալի է, հիասքանչ ու նույնիսկ «գժական»: ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխությունը կայացավ սեպտեմբերի 26-ին Բոզարում՝ Բրյուսելի գեղարվեստի կենտրոնում», - ասել է նա:
Խոսելով փառատոնի մասին՝ Արթուր Ղուկասյանը նշել է, որ այս տարի «Հայ Ֆեստը» կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների եւ հյուրերի, նրանց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից:
Երեւանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիա ձեւաչափի, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական ներկայացումներ, որոշները՝ բացօթյա:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է հոկտեմբերի 1-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի «Ֆաուստ» ներկայացմամբ:
«Հաշվի առնելով Գյոթեի պատմության ողբերգական շրջանակը, ռեժիսոր Դմիտրի Ակրիշի արտադրանքը ներկայացրել է ժամանակակից մի մարդու, որն ամեն օր գայթակղվում է ժամանակակից աշխարհի կողմից»,- նշել է Ռյազանի դրամատիկական թատրոնի տնօրեն Սեմիոն Գրեչկոն, ապա հավելել, որ գայթակղությունները, կասկածները եւ տառապանքից կշտացումը, ժամանակակից պատկերն է, եւ այն կարող է արտացոլվել ցանկացած օտարականի մեջ: Ներկայացումը կենտրոնացած է անձնական ներքին կոնֆլիկտի վրա, ոչ թե Մեֆիստոֆելի չարագործական արտաքինի վրա:
Նույն օրը Հ. Պարոնյանի անվան թատրոնի հարակից տարածքում ցուցադրվել է «Միմո Կրոկոդիլ» թատրոնի (Սանկտ Պետերբուրգ) բացօթյա «Ճանապարհորդություն» ներկայացումը:
«Հայ Ֆեստն» ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «U.S. dance spotlight»/ «Ամերկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» եւ «Հայկական թատրոնների ցուցադրություններ»։
Փառատոնի նշանավոր ներկայացումներից Ա. Ղուկասյանը հետեւյալն է մատնանշել` Նովոսիբիրսկի «Հին տուն» դրամատիկական թատրոնի` «Կանաչ արոտավայրեր», Բելգիայի «Այրն Քեյ» ընկերության՝ «Ոտքերի եւ թաթերի վրա», Շվեդիայից Լոթթա Գարթոն ընկերության` «Սոլո» եւ «Մալալա-շատերից մեկը», Բրիտանիայից «Քենդուկո» պարային ընկերության` «Խելացնորության վայելչագեղ խաղ», ինչպես նաեւ ԱՄՆ-ից ժամանակակից պարային «Նավակները հեռանում են», «Մաշկի տակ․․․» ներկայացումները։
Ա. Ղուկասյանը եւս մի ուրախալի լուր է հայտնել. սեպտեմբերին Վարշավայում լույս է տեսել հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիա՝ «Արդի հայ դրամա» խորագրով, որում ընդգրկված են հինգ հայ հեղինակների պիեսներ՝ Անուշ Ասլիբեկյանի, Էլֆիք Զոհրաբյանի, Սամվել Խալաթյանի, Սառա Նալբանդյանի եւ Կարինե Խոդիկյանի: Անթոլոգիայի շնորհանդեսը տեղի կունենա «ՀայՖեստ» փառատոնի շրջանակում:
BRAVO.am
Լուսանկարները՝ Հայ Ֆեստի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: