×


Իննա Խոջամիրյանն առաջին անգամ խոսում է անձնականի, ընտանիքի ու Երեւան տեղափոխվելու մասին

«Շանթ»-ի մի շարք նախագծերից ու հեռուստաֆիլմերից հայտնի Իննա Խոջամիրյանն այս շրջանում նկարահանվում է «Թաքնված սեր» սերիալում` մարմնավորելով միանգամից երկու հերոսուհու` Անիին եւ Լիզային: Մասնագիտությամբ հոգեբան դերասանուհու հետ անկեղծ զրույց ենք ունեցել, որի ընթացքում Իննան որոշ փակագծեր է բացել իր կյանքի տարբեր փուլերից: Նա առաջին անգամ խոսել է ոչ միայն ընտանիքի, Երեւան տեղափոխվելու, այլեւ անձնականի մասին, եւ ոչ միայն:

Իննա Խոջամիրյանը


«Դեռ լոռեցի եմ:)»

Ծնվել եմ Հայաստանի ամենահյուսիսային` Տաշիր քաղաքում: Անընդհատ տեղափոխվել ենք տարբեր քաղաքներ, նաեւ Հայաստանից դուրս, մոտ 4-5 դպրոց եմ փոխել: Պատճառը պապայի աշխատանքն էր: Դպրոցս ավարտել եմ Ստեփանավանում, որից հետո տեղափոխվել ենք Երեւան: Արդեն մի քանի տարի է` այստեղ ենք ապրում, բայց դեռ լոռեցի եմ :)

Ընտանիք, քույրեր


Հայրս մասնագիտությամբ բժիշկ է, բայց մոտ 20-30 տարի սահմանին է աշխատել` որպես հսկիչ կետի պետ, իսկ այժմ` մոտ 7 տարի է` Ռուսաստանում է: Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է, բայց չի աշխատում. անընդհատ գնում-գալիս է, որ համ ինձ մենակ չթողնի, համ պապայիս: Մեծ քույրս մասնագիտությամբ իրավաբան է, միջնեկ քույրս` լեզվաբան ու մշակութաբան:

Իննա Խոջամիրյանը


Մանկության հուշեր

Երեք քույր ենք, փոքրն ես եմ ու տղայի ակնկալիքով եմ ծնվել: Միշտ տղաների նման պաշտպանում էի քույրերիս:): Երբ հայրս աշխատանքի էր լինում, տան տերը ես էի, քույրերս եթե ուշանում էին, անհանգստանում էի: Բակում տղաների հետ էի շփվում, քույրերս ինձ հետ ընկերություն չէին անում, ինձնից մեծ էին, շփման եզրեր չունեինք: Դա էր պատճառը, որ 5 տարեկանից նրանց գրքերն էի գողանում: Հիշում եմ` միջնեկ քույրս 10-րդ դասարանում էր սովորում ու գրականության մեծ գիրք ուներ, մի օր գողացել էի այն:

Գրադարանավարուհին պահանջում էր գիրքը, իսկ քույրս վախենում էր ասել, որ կորցրել է: Տանը մենակ էի լինում, բացում էի այդ գիրքն ու սովորում Տերյանի բանաստեղծությունները: Մի օր էլ գիրքը հանձնեցի քրոջս ու պատվավոր արտասանեցի բանաստեղծությունը:)

«Չգիտեմ՝ իմ ճանապարհը ինչպես կշարունակվի»


Հետաքրքիր է, որ երբեք չեմ մտածել դերասանուհի դառնալու մասին, տարբերակներիս մեջ Թատերական ինստիտուտը չի եղել: Բայց մայրս երեւի ինչ-որ բան զգացել է, ուզում էր այնտեղ ընդունվեի: Մինչեւ հիմա էլ ասում է, որ պետք է դերասանական կրթություն ստանայի: Այս տարի Հոգեբանության բակալավրիատն ավարտելուց հետո մտածում էի մագիստրատուրան Թատերական գնամ, երկու մասնագիտություն ունենամ, բայց այդ դեպքում էլ գուցե թերի բարձրագույն կրթություն համարվեր հոգեբանությունը: Չգիտեմ՝ այս ասպարեզում իմ ճանապարհն ինչպես կշարունակվի, միգուցե մագիստրատուրան ավարտելուց հետո ասպիրանտուրա գնալու ցանկությունս կորի, գնամ Թատերական:

Իննա Խոջամիրյանը՝ «Թաքնված սեր» սերիալի նկարահանումներին


16 տարեկանից աշխատում եմ ոչ թե կարիքի համար, այլ որ չեմ կարող առանց աշխատանք, սթրես եմ տանում: Հասցրել եմ աշխատել սուպերմարկետների ցանցում, գովազդային ընկերությունում, ամեն-ամեն տեղ, մինչեւ պատահմամբ հայտնվեցի «Շանթ» հեռուստաընկերությունում:

Այժմ պարբերաբար կարդում եմ Թատերականի տեսական ծրագիրը, Չեխով, Ստանիսլավսկի, բայց դե մեկ է, եթե կողքիդ մեկը չկա, որ դու հանձնես դա, միեւնույն է, լավ չի «նստում» սովորածդ: Դերասանական կրթություն կցանկանամ ստանալ թատրոնում խաղալու համար, իսկ այսպես՝ հնարավորություն չունեմ, սերիալում նկարահանվելը լրիվ ուրիշ է:)։

«Շատ ծանր եմ տանում»


Այս սերիալում մարմնավորում եմ երկու հերոսուհու` Լիզային եւ Անիին: Հազվադեպ է լինում այդպես ու հենց ինձ հանդիպեց՝ նրան, ով մասնագիտական կրթություն չունի: Ինձ համար սա փորձություն է, քանի որ նախորդ սերիալների հերոսուհիներս միմյանց նման են եղել՝ բարի, համեստ աղջիկներ էին: «Թաքնված սեր» սերիալի առաջին սերիաներից հետո մոտ 2-3 ամիս չկար կերպարս, ու դա ինձ օգնեց: Հեռուստադիտողներին խաբելն անհնար է, իրենք գիտեն, որ նույն մարդն է, ու ինձ մնում էր միայն իմ ժեստերով, տարբերվող խաղով ցույց տալ փոփոխությունը:

Իննա Խոջամիրյանը


Երբեմն ժեստեր է անում Անին, որոնք նմանեցնում եմ Լիզային, ու շատ ծանր եմ տանում: Բայց, կարծում եմ, դեռ հունի մեջ կընկնեմ ու կստացվի միանգամայն տարբեր լինել երկու կերպարներում էլ: Այ այստեղ եմ բացը զգում Թատերականի, գուցե եթե ավարտեի, այդ մտավախությունը էլի լիներ, բայց այս դեպքում ավելի մեծ է:

«Ինձ մոտ շուտ անցավ»

Շատերի պես ինձ էլ մի շրջան շատ էր դուր գալիս, որ ինձ ճանաչում էին, սիրում էին եւ այլն, բայց դա ժամանակավոր բնույթ էր կրում: Ինձ մոտ շատ շուտ անցավ այդ շրջանը, երեւի պատճառն այն էր, որ հեռուստաեսային դադար ունեցա մոտ 10 ամիս: Շատ դժվար է պահպանել տեսակը, հատկապես այս ասպարեզում. դու քո փոխվելը չես տեսնում, բայց կողքից դա նկատելի է:

Բացահայտում ենք Իննային

Շատ փակ մարդ եմ, ինչն արտաքնապես չի երեւում: Մարդկանց հետ հեշտ եմ շփվում, բայց դժվար եմ բացվում, ընտելանում. այդ առումով մի քիչ խաբուսիկ եմ:)։ Ինձ համար ընկերներ գտնելը եւս շատ դժվար է. սա առաջին սերիալն է, որ միջիս պատնեշը փոքր-ինչ մեղմացել է: Շատ եմ սիրում Ադամյան Մարիամին, երկուսիս մեջ էլ մի գժական բան կա, նրան միանգամից եմ հավանել:)

Իննա Խոջամիրյանը՝ «Թաքնված սեր» սերիալի նկարահանումներին


Շատ քիչ ընկերներ ունեմ, կյանքիս ամեն փուլից մի-մի ընկեր եմ պահել:): Զարմանալիորեն ինձ դուր է գալիս քիչ ընկերներ ունենալը: Նախկինում տղա ընկերներս շատ էին, այժմ աղջիկ ընկերներս են գերակշռում:

Մասնագիտական տեսանկյունից եթե շատ խորանամ, իհարկե, տղա-աղջիկ ընկերություն չկա, որովհետեւ այդ ընկերությունը վերջանում է նրանով, որ կողմերից մեկը, կամ երկուսը սիրահարվում են, բայց եթե որոշակի սահմանը պահվում է, լինում է ընկերություն:

«Եղել է շրջան, որ սիրահարված եմ եղել»


Ինձ թվում է` կանանց բնորոշ ինչ-որ հատկանշական գիծ կա, որը բոլորինն է: Դա շուտ հրապուրվելն է, ինչ պայմաններում էլ որ լինի: Հրապուրանքը գուցե անցնի մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում, բայց շատ-շատ դժվար եմ սիրահարվում: Եղել է կյանքումս շրջան, որ սիրահարված եմ եղել, էլի շատ կանանց նման իդելականացնում ես, պատկերացնում, երազում: Երբ սիրահարվում եմ, նվիրվում եմ: Բայց բավականին երկար շրջան է` չեմ սիրահարվել:

Գնալով հասկանում եմ, որ մասնագիտությունս ինչքան օգնում է անձնական կյանքը դասավորելուն, այնքան էլ խանգարում է: Անձնական հարաբերություններ կառուցելը հոգեբանների մոտ դժվար է ստացվում, որովհետեւ մենք գիտենք՝ սիրահարվելը ինչպես է լինում, դրան ինչ է հաջորդում, ինչ էմոցիաներ են գալիս: Երբ տեսականորեն այդ ամենը գիտես, քեզ մոտ մի տեսակ արհեստական է ստացվում: Հոգեբանները սկսում են դիմացինին շուտ ճանաչել, իսկ դա մեծ մինուս է, որովհետեւ, երբ սիրահարվում ես, դեռ մարդուն այնքան էլ չես ճանաչում:

Իննա Խոջամիրյանը


«Սիրում եմ զուսպ տղաներին»

Կարծում եմ, իդեալ պետք չի ստեղծել, որովհետեւ, միեւնույն է, նրան չես հանդիպելու ու հիասթափություն ես ապրելու, որ ինքը կապույտ աչքեր չունեցավ, կամ բարձրահասակ չեղավ:): Ինձ համար կարեւրագույն նախապայմանը ինտելեկտի առկայությունն է, շատ եմ սիրում, որ տղաները գիրք են կարդում, ռեալ են օգտագործում իրենց ժամանակը:

Սիրում եմ զուսպ տղաներին, անկախ ինձնից սկսում եմ ուշադրություն դարձնել զուսպ տղաներին, ովքեր նույնիսկ ուշադրություն չեն դարձնում ինձ: Գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց, եթե առաջ աղջիկների մոտ էր ցուցամոլությունը շատ, ապա այժմ տղաների մոտ կա դա, ու շատ դեպքերում չեղած տեղից են ուզում ցույց տալ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իննայի անձնական արխիվից եւ «Շանթի»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW