Իննա Խոջամիրյանն այս ամիս իրականացրած ուղեւորության լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին եւ նշել, որ գերհագեցած, զվարճալի դեպքերով եւ բացահայտումներով լի օրեր է անցկացրել ԱՄԷ-ում: Թե ինչպես է դայվինգի ժամանակ անջատվել թթվածնի սարքը, որտեղ է կորցրել բջջային հեռախոսը, այնուհետեւ ինչու է այն հայտնվել չինացի մի աղջկա պայուսակում, դերասանուհին պատմել է մեզ հետ զրույցում:
«Աշխատանքային բուռն տարվանից հետո ակտիվ հանգստի մեկնելը հանցագործություն կլիներ:): Բացառելով եվրոպական երկրները, էկզոտիկ վայրերը եւս՝ Մալդիվներ, Բալի, Իբիցա եւ այլն (այդ վայրերը ապագա ամուսինների հետ է պետք մեկնել:)), տարբերակներում մնացին Եգիպտոսը, Շրի Լանկան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Կանգ առանք վերջին տարբերակի վրա։ Հապճեպ ստացվեց, կարելի է ասել՝ մի օրում որոշեցինք, տոմսերը գնեցինք ու անցանք մեր մշտական գործերին։ Մի 2 օր հետո հասկացանք՝ ամեն դեպքում իսկապես գնում ենք»,-ասել է Իննան:
Իննա Խոջամիրյանը
Սա դերասանուհու առաջին այցն էր Էմիրություններ: Կարծում է՝ աշխարհի բոլոր անկյուններում պետք է մեկ անգամ լինել, նոր միայն որոշել որտեղ կարելի է կրկին այցելել.«Չեմ կարող ժխտել ու չեմ թաքցնում՝ նրանց մշակույթը, ավանդույթները, կրոնը լրիվ այլ կողմից բացահայտեցի: Եվ անպայման ուզում եմ շեշտել, որ դա բոլորովին կապ չունի իմ նվիրյալ քրիստոնյա լինելու հետ։ Ճանաչելն ու բացահայտելն այլ բան է: Դուբայում առաջնահերթ ոչ թե տեսարժան վայրերով գրավվեցի, այլ ժողովրդից եմ ապշած: Անասելի աշխատասեր են. անապատում ծառ են տնկում ու անտառի վերածում, փուշը դարձնում են ծաղիկ, փոշին՝ ասֆալտ, օր օրի շենքերն «աճում» են: Առավոտյան 6-ից բոլորն աշխատում են, նույնիսկ, երբ իմացան՝ հեռուստաընկերությունում ենք աշխատում, հարցրին՝ «Եվ վե՞րջ, այդքանը բավարարո՞ւմ է ձեզ»։ Չեն փորձում գտնել այնպիսի աշխատանք, որը կբավարարի կամ լավ պայմաններ կապահովի, եթե ինչ-որ տեղ ցածր են վարձատրվում, 2-րդ աշխատանքին են անցնում, 3-րդին, գիշերայինի: Անդադար աշխատում են, ինչպես նշում էին՝ ամեն բան պիտի մտածես, ստեղծես ու անես` գումար աշխատելու համար»:
Իննայի խոսքով` պլանավորել էին ծովափ գնալ, քնել, լիցքաթափվել, լողալ, ուտել, սակայն չի ստացվել.«8-9 օրում 4 քաղաքում հասցրինք լինել` մայրաքաղաք Աբու Դաբին, Դուբայը, Ֆուջերիան, Դիբբան: Մի խոսքով` գերհագեցած օրեր էին։ Վերջին 2 օրը հասկացանք, որ ամեն դեպքում պետք է անպայման հասցնել գնալ ծովափ»:
Իննա Խոջամիրյանը
Այս ամենից բացի, նա հասցրել է նաեւ զավեշտալի դեպքեր գրանցել.«Հանգիստը պիտի զավեշտալի լինի, այլապես անհետաքրքիր կանցնի ամեն բան: Էքստրեմալ զավեշտներ ունեցել եմ. դայվինգի ժամանակ թթվածինս անջատվեց, ու օվկիանոսի հատակին ակտիվ կերպով սկսեցի օդի փոխարեն ջուր կուլ տալ, հեռախոսս կորցրեցի Դուբայի մոլում, 1 ժամ անց անվտանգ վերադարձրին, բայց քանի որ ենթագիտակցորեն մտադրվել էի մի փորձանքի եւս բերել հեռախոսսմ այն մոռացա օդանավակայանի հարդարման սենյակում։ Բախտս բերեց՝ բավական շուտ հիշեցի, վերադարձանք եւ աշխատողի օգնությամբ այն գտանք չինացի մի աղջկա պայուսակից՝ անջատված վիճակում: Զավեշտն ինձ հետ է՝ ամեն տեղ, ամեն պահի»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: