×


Ի՞նչ իրադարձության է պատրասվում Փարիզում բնակվող Մարինե Գյուլումյանը

Մարինե Գյուլումյանը շուրջ 5 տարի իր ֆրանսիացի ամուսնու եւ դստեր հետ բնակվում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում: Երաժիշտ-երգահանը հաճախ է գալիս Հայաստան, բայց այժմ Փարիզում է եւ պատրաստվում է իր հեղինակային առաջին երեկոյին: BRAVO.am-ի հետ զրույցում Մարինեն պատմել է ուսման, ընտանիքի ու ստեղծագործական վերջին նորությունների մասին:

Մարինե Գյուլումյանը


-Ինչպե՞ս է առօրյադ անցնում Ֆրանսիայում: Հարմարվե՞լ ես, լա՞վ ես զգում:):

-Գաղտնիք չէ, որ Փարիզը նախընտրում եմ զբոսաշրջիկի կարգավիճակում, բայց վերջին տարիներին այնպես ստացվեց, որ պայմանագրերից ելնելով` ավելի նպատակահարմար է այստեղ ապրելը:

-Աղջկադ հետ միայն հայերե՞ն ես խոսում:

-Մադլենը շուտով կդառնա 4 տարեկան, ինձ հետ միայն հայերեն է խոսում: Ամեն դեպքում, եթե պատահաբար ֆրանսերենով է հարցը տալիս, ես պարտադիր հայերեն եմ պատասխանում:): Կարծում եմ` դա է լեզվի պահպանման ճիշտ ուղին: Պետք չէ ստիպել կամ պարտադրել, թե չէ հակառակ արդյունքը կլինի:

-Աշխատելուն զուգահեռ նաեւ սովորո՞ւմ ես:

-Այո, ուսումս շարունակում եմ Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում` երաժշտագիտության բաժնում: Հիմա աշխատում եմ թեզիս վրա, որի թեման է` “21-րդ դարի երաժշտությունը Հայաստանում”:

Մարինե Գյուլումյանն ամուսնու` Ադրիան Տաբանուի հետ


-Վերջին անգամ ե՞րբ եք ընտանիքով եկել Հայաստան:

-Ընդհանրապես, տարվա մեջ 2-3 անգամ գալիս եմ Հայաստան: Երկու ամիս առաջ էինք հայրենիքում: Ուրախ էի, որ կարողացա ժամանակը ռացիոնալ օգտագործել եւ փոքրիկ տեսաֆիլմ նկարահանել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մասին:

-Տեսաֆիլմը կապ ունի՞ թեզի հետ:

-Այո, նպատակը մեկն էր. թեզիս մեջ տեսանելիորեն պատմել մեր օրերում ապրող լեգենդի մասին:

-Նախորդ հարցազրույցի ժամանակ պատմել էիր, որ աշխատում ես մեկ այլ լեգենդի` Շառլ Ազնավուրի ընկերությունում: Շարունակո՞ւմ ես այնտեղ աշխատել:

-Մեր պայմանագիրը “Editions Raoul Breton”-ի հետ վերջերս ավարտվեց: Մի քանի հրատարակչությունից արդեն հետաքրքիր պայմաններով համագործակցության առաջարկներ ունեմ, միեւնույն ժամանակ կա նրա ընկերության հետ պայմանագիը վերանայելու տարբերակը: Դեռեւս հստակ որոշում չեմ կայացրել:

Մարինե Գյուլումյանի դուստրը` Մադլենը


-Իսկ ֆրանսիացի երաժիշտների, երգիչների հետ նոր համագործակցություններ կա՞ն:

-Եթե նկատել եք, վերջին շրջանում Սոֆի Մխեյանի կատարմամբ հնչած “Ճանաչիր” եւ “Կարոտի երազ” երգերից հետո դադար է ստացվել: Հիմա աշխատում եմ ֆրանսիացի սիրված արտիստներից մեկի ձայնասկավառակի վրա: Դեռ չեմ ուզում անունը տալ, միայն կասեմ, որ “Փարիզի աստվածամոր տաճարը” մյուզիքլի դերակատարներից մեկի մասին է խոսքը: Արդեն 2 երգ վերջացրել ենք, 3 օրից պետք է մեկնեմ իր հետ ստուդիայի աշխատանքներն ավարտելու, նաեւ նոր երգերի վրա աշխատելու համար:

-Դասական երաժշտություն գրող Մարինե Գյուլումյանին Հայաստանում չեն ճանաչում, իսկ Ֆրանսիայո՞ւմ: Դասականի պահանջ, հետաքրքրություն կա՞:

-Ցավոք, Հայաստանում դասական երաժշտության ոլորտը մեկուսացված ու “անտեսված” է: Վերջին այցիս ժամանակ Երեւանում հանդիպել եմ շուրջ 15 երիտասարդ կոմպոզիտորի հետ, որոնց հետ խոսում էինք այսօրվա առկա խնդիրների մասին, որոնք առաջին հայացքից անլուծելի են թվում: Ֆրանսիայում հակառակ երեւույթն եմ նկատել. դասական երաժշտությունը հնչում է ամենուր` խանութներում, ռեստորաններում, երթուղային փոխադրամիջոցների մեջ, նույնիսկ վերելակներում: Երաժշտությունից հեռու մարդն անգամ սկսում է սիրել ու հաճախել համերգների: Մինչդեռ Հայաստանում, չգիտես էլ ինչու, գերիշխող է ցածրորակ երաժշտությունը: Հուսով եմ` մեզ մոտ էլ կգա այդ օրը: Մեկ բան վստահ կարող եմ ասել` տաղանդավոր եւ օժտված երիտասարդներ Հայաստանում դեռ կան:

Մարինե Գյուլումյանը եւ Տիգրան Մանսուրյանը


-Հուլիսի 5-ին Փարիզի “Cortot” համերգասրահում տեղի է ունենալու հեղինակային երգերիդ երեկոն, որոնք հնչեցնելու են Մուրադ Ամիրխանյանն ու Նորա Վլադը: Համերգային ի՞նչ ծրագիր է, ո՞ր երգերդ են կատարելու:

-Առաջին անգամ է, որ պիտի կայանա իմ հեղինակային համերգը, այն էլ ոչ հայրենիքում: Համերգի սկզբում կհնչեն իմ դասական գործերից մի քանիսը` տրիո, ֆլուտե սոնատե, նաեւ “Je dis la paix”-ից փոքրիկ հատված, որը կերգեն մանուկները: Համերգի մյուս մասում էլ կհնչեն այն երգերը, որոնք, ի ուրախություն ինձ, ճանաչված են Հայաստանում:

-Համերգի գաղափարն ո՞ւմն է եղել:

-Միտքը բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանինն է, որը վաղուց իր հաստատուն տեղն է գտել Ֆրանսիայում եւ հասցրել է սիրվել ոչ միայն հայ, այլեւ այլազգի հանդիսատեսի կողմից: Սիրով եմ ընդունել համերգի առաջարկը, քանի որ, ավելի շատ համագործակցելով օտարազգի արտիստների հետ, կարոտել էի այն ամենը, ինչ կապված է հայերի հետ: Եվ պատահական չէ, որ խնամքով ընտրել ենք իմ հայրենասիրական երգերը` “Երեւան”, “Հայկական մեղեդի”, “Հայերեն”, նաեւ “Հայաստան” եւ “Կռունկներ” ստեղծագործությունները, որոնք հայերին ծանոթ են Էմմա Պետրոսյանի կատարմամբ, “Կանչում եմ քեզ”-ը` Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ, “Ես քո զավակն եմ, Հայաստան”-ը` Անահիտ Մանուկյանի կատարմամբ:

Թե՛ Մուրադը, թե՛ սոպրանո Նորան դասական կրթություն ստացած օպերային կատարողներ են, բայց զարմանալիորեն գեղեցիկ են կատարում էստրադային ժանրում: Չեմ թաքցնի եւ կասեմ, որ Մուրադ Ամիրխանյանին այնքան են հուզում այս երգերը, որ ամեն անգամ դրանք կատարելիս, աչքերում հայտնվում են կարոտի արցունքներ...

Երաժիշտ-երգահան Մարինե Գյուլումյանը


-Իսկ ի՞նչ առիթով է համերգը կազմակերպվել: Այն ուղղված է ֆրանսահայերի՞ն, թե՞ այլազգի հանդիսատեսին:

-Ըստ իս` մշակույթն ազգություն չի ճանաչում, չեմ ցանկանում պատնեշ դնել ազգերի միջեւ: Հնչելու են հայերեն ու ֆրանսերեն երգեր, բայց հավատացնում եմ, որ ֆրանսիացիների համար ավելի հետաքրքիր է լսել ուրիշ երկրների ֆոլկլոր երաժշտությունը` թեկուզ չհասկանալով բառերի իմաստը: Պետք է նշեմ, որ իրենց համար չափազանց օրիգինալ են հնչում մեր ազգային ձայնաշարերում գրված երգերը, ինչպես օրինակ` հայերս կարող ենք սիրահարվել օտարալեզու երգին` չհասկանալով ոչ մի բառ: Այս դեպքում առաջնային է համարվում էմոցիաների փոխհարաբերությունը` անկախ ազգային պատկանելությունից:

-Փարիզից հետո հայրենիքում հեղինակային երեկո ունենալու միտք ունե՞ք: Առաջիկայում կլինի նմանատիպ համերգ Երեւանում:

-Տարիների ընթացքում հավաքվել են բավականաչափ երգեր, որոնք կատարել են հայ երգիչները: Դեռ պարզ չէ, եթե առաջարկ լինի, մեծ սիրով կաշխատեմ համերգի կայացման համար:

Զրուցեց Լիանա Մեյթարջյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինե Գյուլումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW