Անգլիացի բաս-կիթառահար, վոկալիստ եւ երգահան, “Deep Purple”, “Black Sabbath” խմբերի նախկին անդամ, “Black Country Communion” սուպերխմբի ներկայացուցիչ աշխարհահռչակ Գլեն Հյուզը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Երեւանում է: Չնայած իր խիտ գրաֆիկին` երաժիշտը հասցրել է հանդիպել ու զրուցել է BRAVO.am-ի հետ :):
Գլեն Հյուզը
-Հարցազրույց տալը Ձեր գործունեության մի մասն է կազմում: Կա՞ արդյոք սպասված մի հարց, որն այս տարիների ընթացքում Ձեզ երբեւիցե չեն հղել :):
-Այնքան երկար ժամանակ է՝ սրանով եմ զբաղվում: Ամեն տեսակի հարցեր էլ հղել են ինձ: Երբեմն կարողանում եմ կռահել հաջորդ հարցն ու արդեն գիտեմ, թե ինչ եմ պատասխանելու: Հարց չկա, որ ինձ չեն հղել. ես “պարոն պատասխանողն եմ” :):
-Այժմ որպես վոկալիստ եւ կիթառահար հանդես եք գալիս հայտնի “Black Country Communion” անգլո-ամերիկյան ռոք բենդում: Ինչպե՞ս հանդիպեցիք խմբի մյուս անդամներին՝ Ջեյսոն Բոնհեմին, Դերեք Շերինյանին ու Ջո Բոնամասային:
-Ես ու Ջոն ընկերացանք, մի քանի անգամ Լոս Անջելեսում հանդես եկանք համատեղ ջեմ- սեշններով, հետո խոսեցինք ու հասկացանք, որ արժե խումբ հիմնադրել: Առաջինը Դերեքի մասին մտածեցինք՝ որոշելով, որ հենց նա պետք է հանդես գա որպես խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող: Հետո մեզ միացավ Ջեյսոնը, եւ ամեն ինչ սկսվեց: Խմբի անդամներով ե̒ւ կոլեգաներ ենք, ե̒ւ ընկերներ, բայց ամենից հաճախ Դերեքին եմ հանդիպում, որովհետեւ երկուսս էլ Լոս Անջելեսում ենք ապրում: Կարելի է ասել, որ Դերեքը մտերիմ ընկերներիցս է. նրան 25 տարի է՝ գիտեմ, հիասքանչ երաժիշտ է:
-Երեւանում եք որպես հատուկ հյուր “Dorians”-ի ու Ձեր մտերիմ ընկեր Դերեք Շերինյանի համերգին :):
-Ինձ համար բոլորովին նոր խմբի հետ համագործակցությունը նոր փորձ է, որովհետեւ նախկինում նման բան չեմ արել: Բայց խմբի վոկալիստը՝ Գոռը, իրոք լավ ձայն ունի, իսկ երգերը շատ-շատ խոր ու ինտելեկտուալ են: Ինձ դուր է գալիս, որ իրենց երգարվեստով գլոբալ խնդիրներ են շոշափում:
Գլեն Հյուզը
-Ծանո՞թ եք արդյոք “Rock Aid Armenia’’ նախագծին, որի շրջանակում աշխարհահռչակ Թոնի Այոմին “Black Sabbath’’-ից եւ Իէն Գիլանը “Deep Purple’’-ից համատեղ ուժերով օգնում են վերակառուցել Գյումրիի երաժշտական դպրոցը:
-Այո, իհարկե, լսել եմ: Տղաները ֆանտաստիկ գործ են անում, պարզապես հիանում եմ իրենցով: Երբեք մի ասա երբեք. մենք ընկերներ ենք, միգուցե մեկ օր ես էլ միանամ նախագծին:
-Կիթառահար եք, վոկալիստ եւ երգահան: Նախեւառաջ Ձեզ ո՞ր կերպարով եք ընկալում:
-Երգելը տարերքս է, իսկ երգեր գրելը՝ սրտիս ու հոգուս ցանկությունը: Բայց այդ երկու հոգեվիճակը սերտորեն կապակցված են: Ինձ համար դժվար է կատարել այլ երգահանների ստեղծագործությունները: Շատ եմ կարեւորում երաժշտության ու խոսքերի ներդաշնակությունը. մեկը չի կարող գոյատեւել առանց մյուսի: Մարդիկ պետք է հավատան ու հուզվեն երգի խոսքերից: Ես նույնպես պետք է հավատամ նրան, ինչի մասին երգում եմ:
-Երաժշտական ակտիվ գործունեությունը սկսել եք 1960-ական թվականներից: Ի՞նչ եք վերցրել Ձեզ հետ անցյալից ու տեղափոխել ներկա:
-Հոգեւորն եմ բերել: Երբ երիտասարդ ես, քեզ թվում է, թե հավերժ ապրելու ես, ու դու իսկապես հավատում ես այդ մտքին: Իսկ այսօր ես մեկ օրով եմ ապրում: Այս օրն արդեն բավարար է ինձ համար, որովհետեւ չգիտեմ՝ վաղն ինչ կլինի: Ինձ շրջապատել եմ այն ամենով, ինչ Աստված շնորհել է, եւ օրհնված եմ զգում: Այն, որ այսօր այստեղ եմ , եւս օրհնություն է ինձ համար:
Գլեն Հյուզը
-Իսկ եթե հնարավորություն տրվեր այսօր որպես կայացած ու փորձառու երաժիշտ “փարփլական” տարիներին տեղի ունեցած որեւէ բան փոխել …
-Ոչինչ էլ չէի փոխի: Եթե իմ կյանքում եղել է մի բան, ուրեմն հենց այդպես էր նախանշված: Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ եղել եւ դեռ շարունակում է տեղի ունենալ՝ սխալ եւ ճիշտ քայլերով հանդերձ:
-Հայտնի եւ պրոֆեսիոնալ այնքան շատ բենդերի ու երաժիշտների հետ եք նվագել՝ “Deep Purple”, “Black Sabbath”, “Red Hot Chili Peppers”, Սթիվի Ուոնդեր, “Black Country Communion”-ի անդամները… Շարքը կարելի է անվերջ շարունակել: Ո՞ր համագործակցությունն եք ամենից շատ կարեւորում:
-Ամենահետաքրքիրն ու կարեւորն ինձ համար այն տարիներն էին, երբ հանդես էի գալիս “Trapeze” ֆանք-ռոք բենդում: Հենց այդ խմբից ամեն ինչ սկսվեց: Շատ երիտասարդ էի, անփորձ, բայց հենց այդ խմբի անդամների հետ համագործակցությունն ինձ տվեց անհրաժեշտ բոլոր նախադրյալները լուրջ երաժիշտ դառնալու համար: Շատ մեծ երաժիշտների հետ եմ համագործակցել, շատերն ընկերներս են, իսկ Սթիվի Ուոնդերը՝ հերոսս: Գիտես, միշտ ցանկացել եմ պարզապես լուրջ ու պրոֆեսիոնալ երաժիշտ լինել, բայց ինձ ընկալել են որպես ռոք-աստղ, իսկ դրա մասին ես երբեւէ չեմ երազել:
-Բայց հենց Ձեր օրինակը փաստում է, որ ռոք-աստղ եւ լուրջ, պրոֆեսիոնալ երաժիշտ եզրույթները համատեղելի են:):
-Այո, այդպես է:): Ես այն եմ, ինչ կամ, բայց շարունակելու եմ լինել ուսանող:
Գլեն Հյուզը Մարիամ Լորեցյանի եւ Լենա Գեւորգյանի հետ (BRAVO.am)
-Իսկ ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ուսուցիչը:
-Աստվածն է իմ ուսուցիչը, ոգեշնչման աղբյուրը, ուժը: Նա է արթնացրել գիտակցությունս, որ հասկանամ՝ կենդանի եմ, ապրում ու շնչում եմ: Միշտ էլ աստվածապաշտ եմ եղել, բայց 20 տարի առաջ կյանքս հիմնովին փոխվեց, ու սկսեցի ավելի գիտակից կյանք վարել:
-Ո՞րն է Ձեր երիտասարդ արտաքինի ու հոգու գաղտնիքը:
-Հոգեւոր եւ ֆիզիկական լավ վիճակում եմ: Սկսել եմ հոգ տանել ինքս իմ մասին. չեմ օգտագործում ալկոհոլային խմիչքներ, չեմ ծխում: Չեմ անում որեւէ բան, որ կարող է վնաս հասցնել ձայնիս:
-Մոտ 50 տարի շարունակում եք “ռոքել” հանդիսատեսին: Շատերի համար Դուք կենդանի լեգենդ եք, ուսուցիչ: Վարպետության դաս անցկացրեք այն երաժիշտների համար, որոնք Ձեզ կուռք են համարում:
-Եթե երազանք ունեք, ոչ ոքի թույլ չտաք, որ խլեն այն ձեզնից: Ուզում եմ, որ հայ երիտասարդ աղջիկներն ու տղաները վերցնեն երաժշտական գործիքներն ու սիրեն դրանք, քնեն դրանց կողքին, ապրեն դրանց հետ ու դառնան երաժշտության մի մասնիկը: Երաժշտական տաղանդ ունենալն ամենագեղեցիկ շնորհն է, որ կարող է տրվել վերեւից: Իսկ երաժշտությունից զատ, կասեմ ՝ սիրեք միմյանց: Շարունակելու եմ ապրել ու ստեղծագործել, որպեսզի այս հաղորդագրությունը բոլորին հասցնեմ:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: