×


Ի՞նչ վերաբերմունքի է արժանացել Սյուզի Ադամյանը Մալազիայում :)

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Ադամյանը երաժշտական մրցույթներից բացի, մասնակցում է նաեւ գեղեցկության միջազգային մրցույթների, ինչին BRAVO.am-ն անդրադարձել է նախորդ տարիներին:

Սյուզի Ադամյանը


Դեկտեմբերի 8-ից հունվարի 2-ը Մալազիայում տեղի ունեցած “Miss Tourism International 2013-2014” գեղեցկության մրցույթում Սյուզին ներկայացրել է Հայաստանը եւ ձեռնունայն չի վերադարձել. նա մրցանակ է ստացել “Լավագույն տաղանդ” անվանակարգում` կատարելով Ջուզեպպե Վերդիի “Սիցիլիայի երեկոյան ժամասացություններ”  օպերայից Ելենայի բոլերոն ավիան:

“Շատ հաճելի էր, որ բուռն ծափերով ողջունեցին եւ, դասական երգեցողությունը գնահատելով, հրավիրեցին երգելու մրցույթի շրջանակում անցկացվող տարբեր միջոցառումներին: Նաեւ ինձ համար պատիվ էր, որ եզրափակչում բոլոր մասնակիցներից միայն ես երգեցի: Անկեղծ ասած, սկզբում մեծ ակնկալիք չունեի, քանի որ մոդելներից շատերն էին իրենց տաղանդով ներկայանում, բայց երբ հայտարարեցին “Արմենիա”, շատ ոգեւորվել ու հուզվել էի”,-մեզ հետ զրույցում պատմել է 21-ամյա երգչուհին:

“Miss Tourism International 2013-2014”-ում Սյուզի Ադամյանն արժանացել է "Լավագույն տաղանդ" տիտղոսին


60 երկրից ժամանած մասնակիցները շուրջ երեք շաբաթ շրջել են Մալազիայի տեսարժան վայրերով, այցելել զբոսաշրջային քաղաքներ, մասնակցել հագուստի ցուցադրությունների եւ միասին նշել են Սուրբ Ծնունդն ու Ամանորը, իսկ եզրափակչին ներկայացել են ազգային տարազներով, երեկոյան զգեստներով եւ մալազիական ազգային հագուստով` բատիկներով.“Մրցույթի նպատակը ոչ միայն տիտղոսներ շնորհելն է, այլեւ իրենց երկրում տուրիզմի խթանումը: 360-րդ հարկից, որտեղ պտտվող ռեստորաններ են, դիտում էինք գիշերային Կուալա Լումպուրի հրաշալի տեսարանը: Համեմատելով իմ մասնակցած նախորդ մրցույթների հետ` ամենալավ կազմակերպվածն էր, դրական ու հիասքանչ տպավորություններով եմ վերադարձել Երեւան: Շնորհակալ եմ Աշոտ Խաչատրյանին, քանի նրա առաջարկով եւ աջակցությամբ մեկնեցի Մալազիա”:

Սյուզի Ադամյանը Մալազիայում


Ի դեպ, “Miss Tourism International”-ում երեք տարի առաջ Հայաստանը ներկայացրել է մոդել Մարիկա Թունյանը: Սյուզիի կյանքում սա գեղեցկության 4-րդ մրցույթն է, նա մեզ հետ զրույցում նշել է, որ շատ է սիրում ճանապարհորդել եւ բուհական ավարտական քննությունները հանձնելուց հետո իր հաճույքի համար միգուցե շարունակի մասնակցել մրցույթների.“Աղջիկներից շատերի հետ հասցրել եմ մտերմանալ, վերադարձից հետո մեր շփումը շարունակում ենք համացանցով, նույնիսկ մի քանի հոգու արդեն ճանաչում էի Չինաստանում անցկացված մրցույթից:  Կազմակերպիչները կարեւորում են, որ մասնակիցները համախմբված լինեն եւ մոդելային խիստ ստանդարտներով չեն դատում, բայց եթե ավելի բարձրահասակ լինեի, գուցե թոփ տասնյակում ընդգրկվելու հավանականությունը մեծ լիներ”:

BRAVO.am
Լուսանկարները` Սյուզի Ադամյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW