×


Ինչ ապագա է սպասում Gucci-ի հայ մոդելին. մեկնաբանում են հայ ոճաբանները

Մոդելային կարիերա. հե՞շտ է արդյոք մտնել նորաձեւության աշխարհը: Շատերը երազում են ներխուժել այնտեղ, քայլել ուղիղ ու գեղեցիկ՝ ներկայացնելով լավագույն բրենդների հագուստները:

Gucci-ի նոր ցուցադրությանը մասնակցած հայ մոդելի՝ Արմինե Հարությունյանի հաջողությունը վերջին օրերին համացանցի ամենաքննարկվող թեմաներից է դարձել:

Իր հասցեին հնչող մեկնաբանությունների մասին Արմինեի կարծիքն արդեն ներկայացրել ենք, որոշեցինք զրուցել նաեւ նորաձեւության ոլորտի հայ ներկայացուցիչների հետ:

«… որ ուշադրություն դարձնեն հայ մոդելներին»


Դիանա Շատվերյան. Իմ կարծիքով՝ պետք է ուրախանանք, որ նա գնացել եւ մասնակցել է ցուցադրությանը: Երբեք չեմ սիրել չարախոսներին. ինձ դա դուր չի գալիս: Ամեն մարդ ունի իր կարծիքը, բայց դա չի նշանակում, որ բացասական վերաբերմունքդ պետք է բարձրաձայնես:

Առհասարակ, ավելի կարեւոր է կերպարը, ոչ թե գեղեցկությունը: Գեղեցկությունն այսօր հարաբերական է, եւ մարդկանց ճաշակները տարբեր են: Լինում է, երբ նախընտրում են նիհար մոդելների, երբեմն էլ` ավելի ինքնատիպ արտաքինով աղջիկների:

Դիանա Շատվերյանը


Չգիտեմ` Արմինեն հետագայում կունենա հաջողություն այս բնագավառում, թե՝ ոչ, քանի որ բարդ ոլորտ է, եւ ոչ բոլորին է հաջողվում, բայց շատ կուզեմ, որ հաջողի, եւ նրա շնորհիվ էլ ուշադրություն դարձնեն հայ մյուս մոդելներին: Բոլորը պետք է սատար կանգնեն նրան: Մաղթում եմ միմիայն հաջողություններ:

Չարախոսողներին Gucci-ն չի ընտրել

Ֆաինա Հարությունյան. Շատ ուրախ եմ Արմինեի համար: Նա շատ հետաքրքիր կերպար է: Թող ոչ մի չարախոսողի կարծիքը հաշվի չառնի: Ինքն է այնտեղ քայլել, ոչ թե չարախոսողները: Կարծում եմ՝ եթե Gucci-ն Արմինեին ընտրել է որպես կերպար, ոչ մեկն իրավունք չունի խոսել: Նրանով միայն հպարտանում եմ:

Ֆաինա Հարությունյանը


Եթե իմ հավաքածուից որեւէ հագուստի համար նա համապատասխան լինի, սիրով կառաջարկեմ համագործակցել եւ հուսով եմ՝ չի մերժի: Շատ կուզեմ, որ ունենա հաջողություններ այս բնագավառում, իսկ չարախոսներին էլ կասեմ, որ իրենց պահեն իրենց չարությունն ու մի քիչ բարի լինեն:

Գեղեցկությունը չափանիշ եւ սահմաններ չունի

Արամ Նիկոլյան. Այդ թոհուբոհի ժամանակ ես այստեղ չէի եւ զբաղված էի, բայց լսել եմ, որ Արմինեին շատերը վիրավորում էին, քննադատում արտաքինը եւ զարմանում՝ ինչպես է հայտնվել այնտեղ:

Մոդելի համար կարեւոր է կերպարը, այլ ոչ՝ գեղեցկությունը: Գեղեցկությունն ինձ համար չափանիշ ու սահմաններ չունի, եւ եթե Gucci-ն որոշել է, որ իր կնոջ կերպարն այդպիսին պետք է լինի, ուրեմն կնոջ գեղեցկության էտալոնն իրենց համար հենց նա է եղել: Նկատել եմ, որ այնտեղ նմանատիպ յուրահատուկ արտաքինով միայն նա չէր: Կային էլի մոդելներ, որոնց հատուկ էին կարծես ոճափոխել նման ձեւով:

Gucci-ի մոդելները


Իսկ բամբասանքների ու չարախոսությունների համար կասեմ` ցավոք, մեր ազգի ամենաբարդ խնդիրներից մեկն է նախանձը: Իրենց գեղեցիկ համարող շատ աղջիկներ չեն կարող հայտնվել այնտեղ, իսկ քանի որ Արմինեին բախտը ժպտաց, նրան նախանձում են շատերը. հիմքում դա է: Մի քիչ բարի եղեք, մարդիկ:

Վստահ եմ, որ եթե Արմինեն ճիշտ օգտագործի իրեն տրված հնարավորությունները, մեծ հաջողությունների կհասնի. ամեն բան կախված է նրանից: Ես նրան միայն հաջողություններ եմ մաղթում:

«Շատ գեղեցիկ մոդելները մնացել են 90-ականներում»

Գոհար Հարությունյան. Խոսակցություններին շատ չեմ հետեւել, սակայն հասկացա, որ սկզբնական շրջանում բացասական կարծիքներ են եղել: Հետո հայտնվեցին նաեւ դրական արձագանքներ. շատերը սատար էին կանգնում մեկնաբանություններում: Կարծում եմ՝ միջազգային լրատվամիջոցներն այդքան շատ չեն նշել, որ, օրինակ, Gucci-ի մոդելներից մեկը հայ է, քանի որ ցույց են տալիս հագուստները, ոչ թե մոդելներին: Արմինեի համար շատ ուրախ եմ, կցանկանամ՝ շարունակի իր կարիերան: Այժմ շատ նորաձեւ են հաստ հոնքերը, յուրահատուկ արտաքինը: Ուզում եմ, որ նա այս խոսակցություններից չընկճվի:

Նորաձեւությունից մենք, ցավոք, շատ հեռու ենք. չարախոսողները չեն հասկանում, որ շատ գեղեցիկ մոդելները մնացել են 90-ականների սկզբին, իսկ մեր օրերում ընտրում են յուրահատուկ եւ ոչ ստանդարտ մոդելներ: Մեկնաբանություն անելու համար պետք է նորաձեւության աշխարհին պարզապես հետեւել: Ես ցավում եմ, որ մեզանում չկան իրական արժեքներ. մարդկանց բաժանում են գեղեցիկների ու տգեղների:

Արմինեին ցանկանում եմ, որ շատ հաջողություններ ունենա, շարունակի կրթությունը: Իր նման բնական արտաքինով մի քանի մոդելներ եւս մենք ունենք, որոնք չեն դիմել վիրահատությունների, եւ ես հուսամ՝ նրանք էլ կոգեշնչվեն ու հաջողություններ կունենան:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  BRAVO.am-ի եւ հայտնիների ֆեյսբուքյան էջերից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW