Իվետա Մուկուչյանի եւ Արամ MP3-ի վերջին համագործակցությունը` «Դաշտերով» երգն ու տեսահոլովակը, որն անչափ սիրվեց շատերի կողմից, այսուհետ մի ամբողջ համանուն նախագիծ է դառնալու, որի շնորհանդեսին երեկ ներկա էին հայկական շոու-բիզնեսի, նորաձեւության եւ մշակույթի ոլորտների հայտնի ներկայացուցիչներ, երգիչների ընկերներն ու հարազատները: Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը:
Իվետա Մուկուչյանի եւ Արամ MP3-ի «Դաշտերով» նախագծի շնորհանդեսին
Նախագծի շրջանակում նրանք ինքնատիպ մեկնաբանությամբ ու ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնում են հայկական ժողովրդական հին ու սիրված երգերը: «Հոյ, Նազան», «Ախ, Նինո», «Համայակ ջան» եւ այլ երգեր նոր թեւ էին ստացել եւ ուրախ պարային ռիթմերով հնչում էին Իվետայի ու Արամի ելույթներում: «Մշո գորանի» երգի կատարման ժամանակ ներկաները նույնիսկ շուրջպար բռնեցին երգչուհու հետ:
«Իրականում ես շատ էի շոգում բեմի վրա, բայց ամեն ինչ շատ լավ անցավ, ինչպես նախատեսված էր»,-երեկոյի ավարտին BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արամը.«Նախագծի գաղափարն առաջացավ «Դաշտերով» երգից հետո: Իվետային առաջարկեցի նման ծրագրի շուրջ աշխատել, նա էլ սիրով համաձայնեց, քանի որ թե՛ ես, թե՛ նա հիմնականում փորձում ենք նման նորարարություններով հանդես գալ երաժշտության մեջ: Բուն նպատակը եղել է ստեղծել նորը` պահպանելով հինը»:
Իվետա Մուկուչյանի եւ Արամ MP3-ի «Դաշտերով» նախագծի շնորհանդեսին
Նրա խոսքով` մեր օրերում կա երաժշտական ձայնային մի հնչողություն, որն արդեն հին է ականջի համար, եւ իրենք փորձել են անել այնպես, որ այդ երգերը հնարավոր լինի լսել ակումբում.«Ինչո՞ւ չէ, հրաշալի կլինի հայկական ակումբային երաժշտությունը` հիմնված ազգային երաժշտության արժեքների վրա: Մեր նպատակը հենց դա է»:
Անդրադառնալով նաեւ հարցին` արդյոք մտավախություն չկա, որ ոմանք կարող են քննադատել նախագիծը` ժողովրդական երգերը վերափոխելու համար, Արամն ընդգծեց, որ իրենք չեն փչացրել երգերը, ընդհակառակը` փորձել են թեւեր տալ դրանց, փոքր-ինչ ավելի ժամանակակից ու նորաձեւ ներկայացնել.«Նման մտավախություն առհասարակ չկա: Եթե այդ երգերը վատը լինեին, մենք, բնականաբար, չէինք երգի: Նշանակում է` մենք սիրում ենք այդ երգերը, իսկ եթե սիրում ենք, չենք կարող փչացնել»:
Արթուր Մանուկյանը, Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
Իվետա Մուկուչյանն էլ նշեց` նոր երգերն առայժմ հասանելի չեն լինի համացանցում, շուտով կներկայացվեն ձայնասկավառակի տեսքով, իսկ մինչ այդ կհնչեն տարբեր ռադիոալիքներով, տարբեր հաղորդումների շրջանակում.«Ցանկանում ենք ծրագիրն ավելի ընդլայնել ու նոր երգեր ներկայացնել: Բոլոր երգերի գործիքավորումն արել է դիջեյ Սերժոն, ընդ որում` շատ կարճ ժամանակահատվածում: Ես նրան էի ուզում վստահել այս ամենը, քանի որ նախկինում երկու համատեղ աշխատանք ենք ներկայացրել, որոնք իսկապես սիրվել են երիտասարդների կողմից: Նախագծի շուրջ աշխատել են նաեւ Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, պրոդյուսերներ Ռուզան Տեր-Գալստյանը, Վազգեն Պողոսյան, դիզայներ Դիանա Շատվերյանը եւ այլք: Մենք շատ շնորհակալ ենք բոլորին` մեզ աջակցելու համար»:
Ի դեպ, ելույթից անմիջապես հետո Իվետային ծաղիկներ նվիրեց ու երգիչներին շնորհավորեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին: BRAVO.am-ի հետ զրույցում նախարարը նշեց, որ շատ դրական է վերաբերվում նման նախագծերին, առավել եւս, երբ հեղինակներն Իվետան ու Արամն են.«Ըստ իս, նրանք գոնե «Եվրատեսիլ» այցելած արտիստներից ամենափայլունն ու ամենաներկայանալին էին: Կարծում եմ` նրանց մեկնաբանությամբ, նրանց ձայնային տվյալներով, արտիստիկ կարողություններով ու մատուցմամբ ժողովրդական երգերը կարող են երիտասարդությանն առավել հետաքրքիր լինել: Նույն կերպ էլ պատրաստվում եմ մոտենալ նաեւ կինոյին ու թատրոնին, օրինակ` թումանյանական հեքիաթները նորովի մեկնաբանությամբ ֆիլմերով ներկայացնել երիտասարդությանը: Կարծում եմ` նախագիծն անպայման հաջողություն կունենա»:
Արմեն Ամիրյանը
Երեկոն դեռ շարունակվում էր, Արամն ու Իվետան դեռ շնորհավորանքներ ու ծաղիկներ էին ստանում, իսկ մենք ողջ ընթացքում պարելուց հետո վերադառնում ենք տուն` սպասելով «Դաշտերով» ձայնասկավառակի թողարկմանը: Արամի եւ Իվետայի նոր նախագիծն իսկապես պարային է ստացվել:):
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ավետ Ավետիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: