×


Ինչպես է անցել «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

Այսօրվանից երեւանյան կինոէկրաններին ցուցադրվելու է «Հեքիաթահարված» արկածային կատակերգությունը: Ֆիլմը, որ նկարահանված է ֆանտաստիկ ժանրի մոտիվներով, կհետաքրքրի հատկապես փոքր տարիքի կինոդիտողներին՝ համոզված է ռեժիսորը` Արամիս Տատուն (Արամ Կարապետյան): BRAVO.am-ը դեռ ֆիլմի պրեմիերայից առաջ էր զրուցել նրա հետ եւ պարզել սյուժեի ու նկարահանումների մանրամասները: Երեկ էլ ներկա էինք «Մոսկվա» կինոթատրոնում կայացած առաջին ցուցադրությանը, լուսանկարել ենք հյուրերին ու դերասաններին, ինչպես նաեւ զրուցել վերջիններիս հետ:

Նշենք, որ ֆիլմի գլխավոր հերոսների կերպարներում հանդես են գալիս Էմիլ Գալստյանն ու Ադրիանա Գալստյանը: Վերջինս նշում է՝ Էմիլի հետ շատ հեշտ ու հաճելի էր նկարահանվելը, քանի որ հումորն ու դրական էներգիան անպակաս են եղել.«Ի դեպ, սա երկրորդ նախագիծն է, որտեղ ես հանդես եմ գալիս հենց իմ անունով: Ֆիլմում ներկայացնում եմ արեւմտահայ աղջկա, ով ունի երազանքներ, սակայն վաղ տարիքում կորցնում է մայրիկին եւ չի շարունակում երգելը: Բայց հետագա զարգացումների շնորհիվ նրա կյանքը փոխվում է ու նոր իմաստ ստանում...»:

«Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերային


Ի տարբերություն Ադրիանայի` Էմիլը նշում է, որ սկզբում փոքր-ինչ դժվարությամբ է հարմարվել նրա հետ սիրային տեսարաններ խաղալուն, քանի որ առաջին անգամ էին միասին աշխատում.«Սիրային տեսարան խաղալու համար պետք է ներքին ինչ-որ զգացողություն ունենաս, որը պիտի նաեւ փոխադարձ լինի խաղընկերոջդ կողմից: Բայց երբ շփվեցինք Ադրիանայի հետ, ընթացքում գտանք միմյանց մեջ այդ ընդհանուր գծերն ու կարողացանք ճիշտ էմոցիաներ փոխանցել»:

Դերասանի խոսքով` իր մարմնավորած կերպարն առաջին հերթին հենց իր համար է նորություն, քանի որ հանդիսատեսն իրեն միշտ հումորային ժանրերում է տեսել, եւ այս անգամ հանդես է գալիս առավել լուրջ ու հասուն կերպարով.«Երբ ստացա առաջարկը, շատ ոգեւորվեցի, քանի որ դերասանը պետք է բազմաժանր լինի: Ինձ համար շատ կարեւոր էր խաղալ մի կերպար, որը կտարբերվեր կոմեդիայի ժանրում խաղացած իմ նախորդ դերերից: Կարծում եմ՝ ստացվել է, ու երեխաներն էլ կհավանեն, չնայած՝ այսօր նրանք բավական բծախնդիր հանդիսատես են»:

«Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերային


Ռաֆայել Երանոսյանն էլ, ով ֆիլմում մի քանի կերպար է մարմնավորում, կեսկատակ խոստովանեց, որ միշտ երազել է որեւէ կենդանու նմանվել, եւ ֆիլմի շնորհիվ իր երազանքն իրականացել է (տեսարաններից մեկում նա հանդես է գալիս խեցգետնի կերպարով-հեղ.): Նկարահանումների ընթացքում իրեն տպավորել է հատկապես ռեժիսորի հետ աշխատանքը.«Արամի հետ առաջին անգամ էի աշխատում: Ասեմ, որ նա լրիվ այլ կերպ է աշխատում, ինչն ինձ համար շատ հետաքրքիր էր: Մենք այդ գործելաոճին այստեղ սովոր չենք: Նա աշխատում է այնպես, ինչպես Եվրոպայում են աշխատում, եւ դա էլ էր ինձ համար փորձություն, որից մեծ բավականություն ստացա: Կարծում եմ՝ ավելի հեշտ ու արագ կանցնեն հաջորդ ֆիլմերի նկարահանումները: Այսինքն՝ արդեն խոսակցություն կա հաջորդ ֆիլմի մասին»:

Հիշեցնենք, որ ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Էմիլ Գալստյանը, Ադրիանա Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Սարգիս Վարդեւանյանը եւ այլք: Սյուժեն հետեւյալն է՝ Հրայրը հայտնաբերում է, որ քրոջ երեխաներին պատմած իր հեքիաթներն իրականանում են։ Նա գործի է դնում իր հարուստ երեւակայությունն ու ամեն անգամ հորինում մի նոր՝ իր համար ավելի շահավետ պատմություն։ Սակայն որքան էլ փորձում է շահել Ադրիանայի սերը, նրան խոչընդոտում են Լիպարիտն ու նրա քույրը՝ Հասմիկը, ովքեր դեռ վաղուց են աչք դրել Ադրիանայի հոր՝ Պարոն Նոտարյանի ունեցվածքի վրա։

«Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերային


Եթե ուզում եք պարզել, թե ինչ է լինում իրականի ու երեւակայականի բախման արդյունքում, ապա կարող եք ձեր երեխաների ուղեկցությամբ այցելել երեւանյան կինոթատրոններ ու հետեւել «Հեքիաթահարված»-ի զարգացումներին: Չէ՞ որ ֆանտաստիկ ժանրը նորություն է Հայաստանում:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին