Նարինե Պետրոսյանի ընտանիքում նոյեմբերի 8-ը տոնական օր է. դերասանուհին նշում է իր ծննդյան տարեդարձը: Այս տարի նա իր ամենամոտ հարազատների եւ ընտանիքի անդամների միջավայրում է տոնել 33-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում Նարինեն պատմել է, թե հետաքրքիր ինչ անակնկալներ են եղել, ինչ զգացողություններ ու մտքեր են իրեն այցելել այդ օրը, եւ թե ինչ նոր թատերական ու հեռուստատեսային նախագծերում է ընդգրկված:
«Օրս շատ լավ է անցել` մտերիմների նեղ շրջապատում: Իհարկե, նվերներ ստացել եմ, բայց պիտի նորից ասեմ, որ ինձ համար ամենակարեւորը իմ երեխաների նվերներն են, որ պատրաստում են իրենց ձեռքերով: Նկարում են, թղթից ինչ-որ բաներ են պատրաստում՝ ամեն մեկն իր տարիքի ու հնարավորությունների սահմաններում: Առավոտյան ես նրանց դպրոց պիտի ճանապարհեի, բայց երեքն էլ ինձնից շուտ էին արթնացել եւ փորձել էին անակնկալ անել»,- պատմեց նա:
Նարինեն խոստովանեց, որ կարեւորում է իր ծննդյան օրերը եւ ի տարբերություն շատերի՝ ո՛չ տխրում է, ո՛չ էլ մտահոգվում է, որ մեկ տարով էլ մեծացավ.«Ուղղակի տարեցտարի իմաստության ինչ-որ շղարշ է գալիս. կարծում եմ` ավելի հանդարտություն, ավելի խոհեմություն... Այդ զգացողությունն եմ ունենում: Ուզենք թե չուզենք, մեծանում ենք, դա իրականությունն է. պետք է վայելել կյանքը, ուրախանալ, ամեն տարի էլ նշել: Չէ՞ որ մեր կյանքում յուրաքանչյուր տարիք մեկ անգամ է նշվում»:
Նա նաեւ պատմեց, թե առաջիկայում ինչ նախագծերում է ներկայանալու: Ինչպես նշեց` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն իր համար շատ ծանրաբեռնված են եղել, քանի որ միաժամանակ երկու նախագծում է նկարահանվել.«Նախ՝ հանդես էի գալիս Հանրային հեռուստաընկերության «Հանդիպման վայր» հեռուստաֆիլմում, որին գրեթե զուգահեռ էլ նկարահանվում էի «A.K.A.» գեղարվեստական ֆիլմում: Վերջինիս պրեմիերան երեւի գարնանը կլինի: Շատ հետաքրքիր թիմ է աշխատել, ֆիլմում հանդես են եկել նաեւ Խորեն Լեւոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Դովլաթյանը եւ այլք: Այս ամենին զուգահեռ՝ նաեւ հանդես էի գալիս թատրոնի խաղացանկային ներկայացումներում: Այս պահին նկարահանումներն ավարտվել են, ավելի հանգիստ վիճակ է՝ թատրոնի ներկայացումներն են ու փորձերը»:
Նարինե Պետրոսյանն ասաց, որ առաջիկայում էլ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոր ներկայացում է լինելու, որտեղ հանդես է գալու նաեւ ինքը: Անգլիական պիեսի հիման վրա բեմադրված կոմեդիա է, որի մանրամասները դերասանուհին նախընտրեց դեռ չպատմել.«Այժմ փորձերն են ընթանում, ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց պրեմիերան: Ամենայն հավանականությամբ այն հանդիսատեսին կներկայացվի Նոր տարուց հետո՝ փետրվարին կամ ամենաուշը մարտին»,- եզրափակեց դերասանուհին:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Պետրոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: