×


Ինչպիսի՞ն կլինի «Genealogy»-ի ելույթը «եվրատեսիլյան” բեմում

Մայիսի 19-ին «Եվրատեսիլ 2015»-ի առաջին կիսաեզրափակչում «Genealogy»-ն կներկայացնի Հայաստանը 2-րդ համարի ներքո, իսկ մինչ այդ խմբի անդամներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը եւ Ինգա Արշակյանը հանդիպել են լրագրողների հետ, պատմել իրենց արմատների մասին եւ կիսվել մրցույթից ակնկալիքներով:

Թամար Կապրելյանը եւ Եսայի Ալթունյանը


Եվրոպան ներկայացնող Եսայի Ալթունյանը խոստովանել է, որ մի քանի անգամ առաջարկ է ստացել «Եվրատեսիլ»-ում ներկայացնել Ֆրանսիան, սակայն մերժել է.«Բայց երբ Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ ստացա ներկայացնել Հայաստանը, միանգամից համաձայնեցի, քանի որ հենց այս տարին այնքան խորհրդանշական է մեզ համար: Բեմում ոչ թե 6 հոգի, այլ 10 միլիոն հայ է լինելու. ներկայացնելու ենք աշխարհում ապրող բոլոր հայերին»:

Ամերիկան ներկայացնող Թամար Կապրելյանը  պատմել է, որ իր սիրելի խմբերից մեկը` «ABBA»-ն, ժամանակին հաղթել է «Եվրատեսիլ»-ում, եւ մրցույթին մասնակցելն իր համար մեծ երջանկություն եւ պատասխանատվություն է, քանի որ հենց Հայաստանն է ներկայացնելու:

Ստեֆանի Թոփալյանը, Վահե Թիլբյանը եւ Մերի-Ջին ՕԴոհերթի Վասմաթզյանը


Ավստրալիան ներկայացնող Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն  էլ ուրախությամբ նշել է, որ իրականացրել է իր ուսուցչուհու` օպերային անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանի ցանկությունը.«Նա շատ էր ուզում, որ այցելեմ Հայաստան, ծանոթանամ մշակույթին եւ ավանդույթներին: Ես առաջին անգամ եմ այստեղ: Սա երազանքի նման մի բան էր ինձ համար: Առաջինն եմ իմ ընտանիքում, ում հնարավորություն է ընձեռվել գալ ու տեղեկանալ նախնիներիս մասին»:

Աֆրիկան ներկայացնող Վահե Թիլբյանը սկզբում չի կողմնորոշվել` «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու առաջարկը կատակ է, թե իրականություն.«Երկու անգամ կարդացի նամակը, մտածում էի` քնած եմ ու սա երազ է»:

«Genealogy» խումբը


Ասիան ներկայացնող Ստեֆանի Թոփալյանը եւս շատ ուրախ է մասնակցության համար. «Չեմ կարող նկարագրել հուզմունքս: Շատ եմ ճանապարհորդել, բայց Հայաստանում երբեւէ չէի եղել: Դա մի մեծ երազանք էր ինձ համար: Ամենից շատ տպավորել են մարդիկ, կարծես շրջապատված լինեմ ընտանիքիս անդամներով»:

Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը մրցութային «Face The Shadow» երգը համեմատեց ռոք օպերայի հետ.«Երգն այնքան գեղեցիկ է, հուզական: Երգի միջոցով խոսում ենք հասուն, կայացած մարդկանց հետ եւ պետք է հաղորդենք նրանց հիմնական միտքը: Կարծում եմ` հիասքանչ ելույթ պիտի լինի»:

Ինգա Արշակյանը


Խմբի անդամները նշել են, որ մտերմացել են եւ հիմա կես բառից ու հայացքից հասկանում են միմյանց. «Վեց ճակատագիր, բայց մեկ պատմություն: Բոլորս էլ մեր մեջ կրում ենք հայկական մշակույթի ժառանգությունը եւ մի ընտանիք ենք»:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, անդրադառնալով «Genealogy»-ի` մրցույթի շրջանակում ելույթներին, ասել է.«Մինչեւ վերջ չենք ուզում բացել բոլոր չակերտները, բայց բեմում վեց հիասքանչ երգիչ ունենք, այնպես որ, բեմադրությունը ավելի մինիմալիստական կլինի, հայկական շնչով ու տարրերով. կենտրոնացել ենք երգի վրա»:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW