Անգլիայի Սուրբ Գեորգ եկեղեցում ժամեր առաջ տեղի ունեցավ տարվա գլխավոր հարսանեկան արարողությունը: 33-ամյա արքայազն Հարրին եւ 36-ամյա դերասանուհի Մեգան Մարքլն ամուսնացան ծանոթությունից երկու տարի անց: Նրանց նշանադրությունը կայացել էր մոտ վեց ամիս առաջ, եւ այդ պահից սկսած` Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի միլիոնավոր երկրպագուներ սպասում էին զույգի հարսանիքին:
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի պսակադրությանը
Պսակադրությունից մեկ ժամ առաջ սկսեցին հավաքվել հյուրերը, որոնց թվում էին` Ջորջ եւ Ամալ Քլունիները, Վիկտորյա եւ Դեվիդ Բեքհեմները, Թոմ Հարդին, Էլթոն Ջոնը, Ալեքսիս Օհանյանը եւ Սերենա Ուիլիմսը, Օփրա Ուինֆրին եւ այլ հայտնիներ: Նրանց ժամանմանը ականատես եղան հազարավոր մարդիկ՝ ինչպես անգլիացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ, ովքեր հավաքված էին եկեղեցու բակում:
Մեգան Մարքլը` մայրիկի հետ
Ավելի քան 600 հյուրերից հետո եկեղեցի եկան նաեւ արքայազն Հարրին եւ ավագ եղբայրը` արքայազն Ուիլիամը, ով ստանձնել էր նաեւ փեսայի վարորդի դերը: Հիշեցնենք, Ուիլիամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ էլ վարորդը հենց ինքը՝ Հարրին է: Իսկ հարսնացուին խորանի մոտ ուղեկցեց փեսացուի հայրը՝ արքայազն Չարլզը, քանի որ Մեգանի հայրը հարսանիքից մի քանի օր առաջ սրտի լուրջ խնդիրներ էր ունեցել եւ չէր կարողացել ներկա գտնվել պսակադրությանը:
Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմները
Երջանիկ նորապսակները արարողության ողջ ընթացքում չկարողացան աչքերը միմյանցից կտրել. նրանց հուզմունքն ակնհայտ էր: Հարրին եւ Մեգանը զրուցում էին, ժպտում միմյանց եւ հյուրերին: Նշենք, հարսնացուի հագուստի հեղինակն անգլիացի դիզայներ Քլեր Ուեյթ Քելլերն է, ով նախորդ տարի դարձել էր «Givenchy» նորաձեւության տան կրեատիվ տնօրենը: Նրա ստեղծած պարզ եւ էլեգանտ զգեստն ընդգծում էր հարսնացուի գեղեցիկ կազմվածքը եւ շեշտը դնում ուսերի նուրբ բացվածքի վրա: Իսկ քողն ամրացված էր այն ադամանդե գլխազարդով, որը ժամանակին կրել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու տատիկը՝ Մարիան: Իսկ ահա արքայազն Հարրին պսակադրությանը ներկայացել էր զինվորական համազգեստով, որը կրելու թույլտվությունը նա նախապես է ստացել իր տատից:
Քեյթ Միդլթոնը` դստեր հետ
Զույգի այս սիրավեպն արդեն հայտնի է որպես հեքիաթային պատմություն. չէ՞ որ արքայազնը սիրահարվել էր «Ֆորս մաժոր» սերիալի դերասանուհուն մինչ իրենց հանդիպումը՝ նրան տեսնելով միայն էկրանին: Իսկ երբ Հարրին ընկերներին խնդրել էր իրեն ծանոթացնել Մեգանի հետ, ենթադրել չէր կարող, որ առաջին իսկ հանդիպումից իրենց միջեւ անկեղծ կապ կստեղծվի: Երկու շաբաթ անց նրանք արդեն հանդիպում էին եւ չէին կարողանում բաժանվել միմյանցից: Ոչ ազնվական ծագմամբ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի սերը կոտրեց մի շարք կարծրատիպեր: Նրանց հարսանիքը դարձավ բրիտանական պատմության մի մասը, որի ականատեսը դարձանք նաեւ մենք:):
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik.ru, Elle.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: