×


Իտալական խոհանոցի երեւանյան շաբաթը՝ յուրահատուկ ուտեստներով

Պիցցա, պաստա, ռավիոլի, լազանյա, տիրամիսու. այս եւ այլ բազմաթիվ ուտեստներ բնորոշում են իտալական խոհանոցի բազմազանությունը։ Եթե իտալական խոհանոցի սիրահար եք, ապա ձեզ համար հաճելի լուր ունենք՝ նոյեմբերի 21-ից 27-ը Երեւանում կկայանա «Որակյալ իտալական խոհանոցի շաբաթը», որի ընթացքում մայրաքաղաքի իտալական ճաշացանկ ունեցող ռեստորանները կներկայացնեն հատուկ ուտեստներ։ Համեղ միջոցառումն այս տարի անցկացվում է աշխարհի շուրջ 130 երկրում, որտեղ առկա են Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություններ։

Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլլին


Իտալիայի դեսպանությունը Երեւանում գործող 7 իտալական ռեստորանների հետ համատեղ կազմակերպած այս միջոցառմամբ նպատակ ունի հայերին ներկայացնել իտալական խոհանոցի այնպիսի յուրահատուկ կերակրատեսակներ, որոնք սովորաբար չեն ընդգրկվում առօրյա ճաշացանկերում եւ կպատրաստվեն հատուկ այս առիթով:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլլին այսօր ասուլիսին հայտնեց, որ «Յուրահատուկ իտալական համ» նախագծի շրջանակում աշխարհի տարբեր քաղաքներում տեղի է ունենալու շուրջ 1300 միջոցառում. «Նկատել եմ, որ Երեւանում իտալական ճաշացանկ ունեցող ռեստորանների թիվը մեծ է: Պետք է նշեմ, որ պատրաստելը եւ հեշտ է, եւ դժվար. կախված է մթերքի ճիշտ համադրումից, ավելի շատ դա է կարեւոր, քան պատրաստման ձեւը։ Նախագծի նպատակն է ապահովել սննդի որակ, մշակույթ, սննդի անվտանգություն ու որոշակի տարածքին բնորոշ սննդամթերքի առաջխաղացում։ Իտալիայի տնտեսության համար գյուղատնտեսության ոլորտը շատ կարեւոր է. գյուղմթերքների տարեկան արտահանումը կազմում է մոտ 37 միլիարդ եվրո»։

Հելեն Ուդումյանը


Դեսպան Ռիչուլլին իր հարազատ խոհանոցից բացի նախընտրում է հնդկական, ֆրանսիական, ճապոնական կերակրատեսակներ, հայկական խոհանոցից շատ է հավանում կարմիր լոբով, ավելուկով ապուրները եւ տոլման.«Բայց խաշի հետ խնդիր ունեմ, չեմ սիրում, Իտալիայում էլ կա ոսկրից պատրաստված համանման կերակուր, որը եւս չեմ սիրում»։
 
Ներկաները դեսպանության հարեւանությամբ գտնվող «Ռաֆաելլո» ռեստորանում համտեսել են իտալական պիցցաներ եւ աղցաններ: Միջոցառման մասնակիցներից էր «Հելենի խոհանոցը» բլոգի հեղինակ եւ վարող Հելեն Ուդումյանը: Նա BRAVO.am-ին պատմեց, որ իտալականն իր ամենասիրելի խոհանոցն է եւ իր բլոգում առաջինն անդրադարձել է իտալական ուտեստներին.«Համային առումով ինձ դուր է գալիս, բացի այդ ամբողջ աշխարհում ամենատարածված խոհանոցներից է, շատ ազգեր են սիրում։ Չեմ պլանավորում շեֆ-խոհարար դառնալ, բայց կարողանում եմ իսկական իտալական լազանյա եւ տիրամիսու պատրաստել։ Առանց իմպրովիզների կարողանում եմ նաեւ պաստաներ եփել՝ իրենց ճիշտ սոուսներով»։

Այս նախագծին ողջ աշխարհում կմիանա մոտ 80 մշակութային ինստիտուտ, 70 առեւտրային գրասենյակ, Խոհանոցի իտալական ակադեմիայում գրանցված Իտալիայից դուրս գտնվող մոտ 3300 ռեստորան, Իտալիայի խոհարարների ֆեդերացիայի 14 պատվիրակություն, եւ ոչ միայն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW