×


Իտալական խոհանոցի շաբաթը Հայաստանում մեկնարկել է բարեգործական ընթրիքով

Այսօր աշխարհի ավելի քան 300 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, մեկնարկում է «Իտալական խոհանոցի շաբաթ» միջազգային փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Այդպիսով մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում միավորվում են իտալական խոհանոցի գունեղ ու բազմատեսակ համերի շուրջ: Հայաստանում միջոցառումն անցկացվում է իտալական դեսպանատան կողմից, որի հրավերով օրերս Երեւան էր ժամանել իտալացի հայտնի խոհարար, Միշլենի 3 աստղի դափնեկիր Իտալո Բասսին: Մինչ փառատոնի մեկնարկը նրա գլխավորությամբ բարեգործական ճաշկերույթ է կազմակերպվել, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Միջոցառման հյուրերին բացառիկ հնարավորություն էր ընձեռվել ճաշակել խոհարարի պատրաստած ուտեստները, որոնք հնարավոր է համտեսել՝ միայն այցելելով Սարդինիայում գտնվող իր իսկ ռեստորանը: Երեկոն վարում էին Լուսինե Թովմասյանն ու Արտակ Օրդյանը, ովքեր էլ միջոցառման սկզբում խոսքը փոխանցեցին Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Դեսպանն իր խոսքը սկսեց հայերեն տեքստով. պարզվեց` նա այժմ հայերենի մասնավոր դասեր է անցնում, քանի որ ցանկանում է տիրապետել մեր լեզվին: Քիչ անց նա իր խոսքը շարունակեց հարազատ լեզվով` իտալերենով:

Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն՝ տիկնոջ հետ


«Իտալական խոհանոցի շաբաթը մեծ արձագանք է ստացել աշխարհում եւ միաժամանակ նպաստում է իտալական ապրելաոճի տարածմանը: Այս փառատոնն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել իտալական խոհանոցը գնահատողների համար: Առանձնահատուկ կարեւորում եմ, որ հենց պարոն Բասսին է այս տարի մեզ ուղեկցում իր փորձով, մշակույթով եւ պատմությամբ: Ես եւ կինս նախաձեռնել ենք այս բարեգործական երեկոն, որպեսզի բոլորս անաղմուկ, գրեթե ոտքերի մատների վրա մի փոքր ներդրում ունենանք սահմանափակ հնարավորություններով երեխաների կարիքները հոգալու համար: Շնորհակալ եմ, որ այսօր ներկա եք, եւ գավաթս բարձրացնում եմ երեխաների ու ձեր անձնական բարեկեցության համար»,- իր ելույթում ասաց դեսպանը:

Նշենք, որ երեկոյի ընթացքում հանգանակված հասույթը փոխանցվելու է հատուկ կարիքներով երեխաներին, մասնավորապես` Գյումրու «Էմիլի Արեգակ» խնամքի կենտրոնին: Իտալական դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում կանցկացվեն նաեւ իտալական խոհանոցի դասընթացներ հանրահայտ «Նեապոլ» ռեստորանի խոհարարների կողմից: Հայաստանում գտնվելու ընթացքում վարպետության դասեր կանցկացնի նաեւ Իտալո Բասսին, ով հայ խոհարարներին հնարավորություն կընձեռի բարելավել իրենց հմտությունները:

Իտալացի խոհարար Իտալո Բասսին


Մինչ իտալացի խոհարարը զբաղված էր իր յուրահատուկ ճաշերը պատրաստելով՝ մենք հասցրինք զրուցել նրա PR մենեջերի՝ Տատյանա Ռոզենֆելդի հետ, ով նաեւ խոհարարի կինն է: Տատյանան անկեղծացավ, որ իրենք շատ են հավանել հայկական խոհանոցը եւ երկու օրվա ընթացքում հասցրել են չորս անգամ ճաշել միեւնույն ռեստորանում.«Մենք իսկապես հիացած ենք հայկական խոհանոցով, եւ մեզ տպավորել են հատկապես կանաչեղենը, բուսական սնունդը եւ բանջարեղենը: Դրանք շատ համեղ են ու շատ բարձր որակի: Իտալացիների համար դա իսկական բացահայտում է, քանի որ կարծում են՝ ամենահամեղ կանաչին իրենց մոտ է: Իհարկե, դա ճիշտ է, բայց մեկ այլ վայրում հանդիպել ոչ պակաս որակյալ ու համեղ սննդի, տպավորիչ է: Այստեղ շատ համեղ է նաեւ միսը, շատ լավ պանիրներ կան, ինչպես նաեւ հայկական լավաշն է հիանալի: Մենք արդեն չենք էլ ուզում գնալ այստեղից»,- խոստովանեց նա:

Լուսինե Թովմասյանը եւ Արտակ Օրդյանը


Հավելենք, որ Իտալական խոհանոցի համաշխարհային շաբաթը կանցկացվի մինչեւ նոյեմբերի 25-ը: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել հայ գուրմանների եւ իտալական խոհանոցը գնահատողների համար:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW