Տասը տարուց ավելի է` Իրինա Թովմասյանը եւ Դավիթ Ադամյանը կապված են ամուսնական թելերով: Պարզվում է` սիրո տոներին ընդառաջ զույգը նշում է ամուսնության հոբելյանը` փոխանակվելով նվերներով եւ օրն անցկացնելով արդեն իսկ ավանդույթ դարձած տարբերակով:):
Իրինա Թովմասյանն` ամուսնու հետ
«Կեսգիշերից տոնական տրամադրություն ենք ունենում: Ամեն տարի երկուսով կինոդիտման ենք գնում, որից հետո զբոսնում ենք ու հիշում այն ժամանակաշրջանը, երբ դեռ միասին չէինք ապրում, բայց հաճախ էինք զբոսնում»,-ասել է Իրինան` հավելելով, որ հասցրել են նաեւ իրենց սիրելի ակումբներից մեկում հաճելի երաժշտություն վայելել եւ համեղ ընթրել:
«Միսս Հայաստան 2001» տիտղոսակիր Իրինան BRAVO.am-ին պատմել է նաեւ իրենց առաջին հանդիպման մասին.«Հանդիպել ենք աշխատանքի բերումով. նա եկել էր այն ընկերություն, որտեղ ես աշխատում էի որպես մարքեթինգի բաժնի ղեկավար: Կարող եմ ասել, որ ամուսնուս կողմից սեր էր առաջին հայացքից: Հանդիպումից մոտ երեք ամիս անց ես պարբերաբար անանուն ծաղիկներ էի ստանում` գեղեցիկ գրություններով, բայց չգիտեի` ումից: Թեեւ չէի ճանաչում ծաղիկների հեղինակին, բայց ակամայից համակրում էի: Երբ բացահայտվեց, շարունակեցինք շփվել ընդհանուր ընկերական շրջապատով: Մեր սիրահարվածության շրջանը շատ հետաքրքիր էր. նա պարբերաբար անակնկալներ էր մատուցում: Հետո, երբ առաջին անգամ երկուսով հանդիպեցինք, հասկացա, որ ես եւս անտարբեր չեմ. նրա քայլերը փաստորեն ապարդյուն չէին անցել»:
Իրինա Թովմասյանի ընտանիքը
Բազմազավակ մայրիկ Իրինան բոլորին խորհուրդ է տալիս միայն սիրո դեպքում միություն կազմել.«Շատ գեղեցիկ զգացմունքով սկսվեցին մեր հարաբերությունները եւ այն կա մինչ այժմ: Ոչ ոքի խորհուրդ չեմ տա առանց դրա ամուսնանալ»:
Ի դեպ, ամուսինները կարողանում են շրջանցել վեճերը.«Վատ դեպքեր, վեճեր չեն եղել այս տարիների ընթացքում. մենք այնքան լավատես ենք: Եթե նույնիսկ մեզնից որեւէ մեկը նեղանում է, ապա մյուսը հումորի է տալիս, ու դա ընդամենը մի քանի րոպե է տեւում: Հանգիստ կյանքով ապրում ենք, ինչը շատ կարեւոր է»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իրինայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: