«Բիթլզ»-ի համահիմնադիր լեգենդար երաժիշտ Փոլ ՄքՔարթնին օրերս ելույթ է ունեցել Մադրիդում, որտեղ նվեր է ստացել Հայաստանի մշակույթի եւ պատմության մասին գիրք, պրոֆեսիոնալ դուդուկ եւ ոչ միայն: Իսկ նվերները նրան հանձնել է համերգն առաջին շարքից վայելած «VO.X» խմբի համահիմնադիր, «Թումո»-ի երաժշտական մասնագետ Արամ Րիանը: BRAVO.am-ի հետ զրույցում երաժիշտ-պրոդյուսերը կիսվել է «լիվերպուլյան քառյակի» 74-ամյա երաժշտի մենահամերգի տպավորություններով ու հիշարժան պահերով։
Արամ Րիանը դստեր հետ` Փոլ ՄքՔարթնիի համերգին
- Ինչպե՞ս որոշեցիք Ձեր դստեր հետ մեկնել Փոլ ՄքՔարթնիի համերգին։
- Ծրագրված էր ամառային արձակուրդ Շվեյցարիայում, բայց երբ հանկարծ իմացա, որ Փոլ ՄքՔարթնին իր այս տարվա համերգային շրջագայության շրջանակում անսպասելիորեն հայտարարել է համերգ Մադրիդում, անմիջապես որոշեցի սեւեռել ուժերս ու ջանքերս` ներկա գտնվելու համար: Բարեբախտաբար, արձակուրդս էլ այդ օրերին էր: Հայթայթեցի մաքսիմալ արտոնություններ տվող VIP-տոմսեր, որոնք թույլ էին տալիս վայելել լեգենդար Բիթլի նախահամերգային փորձը, ապա` համերգի ընթացքում լինել բեմին կից տարածքում: Այսպիսով, մեր շվեյցարական արձակուրդն ունեցավ անսպասելի, բայց շատ հաճելի հավելված` ուղեւորություն դեպի Մադրիդ:
- Լինելով նրա երաժշտարվեստի երկրպագուն՝ ի՞նչ զգացողություններ ունեիք։
- Ինձ միշտ նյարդայնացրել են «բիթլոման» կամ «երկրպագու» տերմինները, քանի որ «Բիթլզ»-ը հերթական խումբ չէ, ոչ էլ նրա անդամները` հերթական արտիստներ: Նրանք հսկաներ են, բազում ժանրերի սկզբնաղբյուր, հեղափոխություն թելադրողներ, երգահանության աստվածներ, եզակի ու անկրկնելի: Ինձ ավելի շատ բնութագրում եմ որպես Փոլ ՄքՔարթնիի հեռակա աշակերտ: Նրա երգարվեստի շնորհիվ եմ դարձել երգահան, նրա ոճն է դարձել իմ երաժշտական պրոդյուսերության անկյունաքարը: Բնականաբար, երազանքս է եղել հանդիպել նրան, ունկնդրել «կենդանի» ձեւաչափով, առնվազն որեւէ կերպ շփում ունենալ հետը եւ տեղեկացնել, որ գոյություն ունի հավատարիմ հայ աշակերտ՝ Արամ Րիան։
Փոլ ՄքՔարթնիի մադրիդյան համերգին
- Հե՞շտ էր առաջին շարքում հայտնվելը։
- Դա երազանքի իրականացում էր: Որքան էլ VIP-տոմսերը հնարավորություն էին տալիս գտնվել բեմի դիմացի տարածքում, միեւնույն է` բախտի բան էր հայտնվել հենց առաջին շարքում՝ անմիջապես բեմի մոտ, ՄքՔարթնիից 2-3 մետր հեռավորության վրա: Այնուհետեւ տեղի ունեցավ հաջորդ հրաշքը. Փոլը նկատեց ինձ, աղջկաս եւ մեր դեղին գույնի մեծ պաստառը, որի վրա խոշոր գունավոր տառերով գրված էր` «Սիրելի Փոլ, ես ու իմ դուստրն այնքան ենք քեզ սիրում, որ անցել ենք 2500 մղոն, որպեսզի տեսնենք քեզ: Սպասել եմ այս օրվան երկար տարիներ: Շատ ենք ուզում փոխանցել քեզ մեր անկեղծ նվերները»: 3 ժամ տեւողությամբ համերգի ողջ ընթացքում մեր եւ Փոլի միջեւ, կարծես, հաստատվել էր մի լուռ ժեստա-միմիկա-շրթա-վիզուալ կոնտակտ: Աղջկաս անընդմեջ ժպտում էր, բութ մատով հասկացնում` «ապրես, լավ ես երգում»: Երկուսիս ժեստով ասում, որ ավելի լայն բացենք պաստառը, որպեսզի կարդա: Իմ բացականչական «Paul, you're great!»-ին պատասխանում էր «You're great, too!» ժեստով` ցուցամատն ուղղելով դեպի ինձ: Եվ այդպես շարունակ: Բեմի որ անկյունում էլ գտնվեր, աչքերով, ժեստերով ու միմիկայով միշտ կապ էր պահպանում մեզ հետ: Գուցե զգացել էր մեր մեջ հարազատ ոգի կամ ուղղակի դարձել էինք նրա այդ համերգի հոգեբանորեն կենտրոնացման կետը: Չգիտեմ պատճառը, բայց այդ կախարդական մագնիսի առկայությունն ակնհայտ էր: Նույնիսկ մեզ շրջապատող իսպանացիները ոգեւորված մեզ ասում էին` «Տեսա՞ք, կրկին ձեզ էր նայում ու ինչ-որ բան ասում: Բարձր, ավելի բարձր պահեք ձեր պաստառը»:
Արամ Րիանը դստեր հետ` Փոլ ՄքՔարթնիի համերգի փորձին
- Գիտեմ, որ նրա տարեդարձի առթիվ նվեր էիք պատրաստել։
- Մեր նվերները կրում էին ավելի շնորհակալական բնույթ՝ Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ դուդուկ իր ամբողջական կոմպլեկտով, հայկական մշակույթի եւ պատմության մասին գիրք` անգլերեն լեզվով ու գեղեցիկ լուսանկարներով, ապա անձնական շնորհակալական նամակ Փոլ ՄքՔարթնիի դերի մասին իմ կյանքում, նաեւ տեղեկություն «Թումո»-ի վերաբերյալ եւ առաջարկ, որ այցելի Հայաստան, Թումոյում էլ վարպետության դասի անցկացնի: Սակայն կարեւորագույն նվերս եմ համարում երգերիս ձայնագրությունների հավաքածու-ալբոմը` "From Rián To McCartney" (Րիանից ՄքՔարթնիին) խորագրով, որում ներկայացված են տարբեր շրջանների աշխատանքներիցս 14-ը, իսկ սկավառակն ուղեկցող տեքստում գրել էի, քանի որ խոսքերը բավական չեն շնորհակալությունս արտահայտելու համար, հայտնում եմ այն Փոլի արվեստի ազդեցության տակ ստեղծված իմ երաժշտությամբ:
- Իսկ ինչպե՞ս նվերը Փոլին փոխանցեցիք։
- Նրա հետ համացանցով մի քանի անգամ փորձել էի կապվել, բայց ապարդյուն: Համերգի վայրում էլ իրավիճակը խոստումնալից չէր. առաջին իսկ րոպեներից ՄքՔարթնիի ադմինիստրացիան ներկաներիս (նույնիսկ VIP-տոմսեր ունեցողներին) հասկացրեց, որ նույնիսկ խոսք չի կարող լինել Փոլին անձամբ մոտենալու կամ որեւէ բան փոխանցելու մասին, բայց չէինք հուսահատվում: Արդյունքում հրաշք տեղի ունեցավ` ՄքՔարթնին մեզ նկատեց, ինչպես արդեն պատմեցի: Համերգի ավարտին իր նվագախմբով սկսեց կատարել «Բիթլզ»-ի «Birthday» երգը` «Ասում են` այսօր քո ծննդյան օ՞րն է: Իմ ծննդյան օրն էլ է: Շնորհավո՛ր...»: Այդ պահին մենք մի կողմ դրեցինք մեր պաստառը եւ արդեն վերեւ բարձրացրինք հենց նվերների փաթեթը, որի վրա մեծատառերով գրված էր «HAPPY BIRTHDAY!»: Երգի վերջում աղջիկս բացականչեց անգլերեն լեզվով` «Փոլ, սա քեզ համար է»: Նա էլ շուրթերի շարժումով, անձայն, պատասխանեց` «Ի՞մ համար... Օ... Շնորհակալ եմ»: Ապա ջերմ ժպտաց եւ անցավ հաջորդ երգին: Բայց իր դեմքի արտահայտությունից երեւում էր, որ շատ է հետաքրքրված նվերներով: Երբ արդեն հնչեց համերգի վերջին երգը (Golden Slumbers/ Carry That Weight/The End), Փոլը միանգամից հիշեց մեր նվերի մասին եւ տեղեկացրեց իր օգնականին, որ ցանկանում է վերցնել: Նկատելով, որ օգնականն անմիջապես չի կատարում իր հանձնարարությունը, ՄքՔարթնին անձամբ հասավ բեմի եզրին ու դիմելով մեզ հազար տարվա բարեկամի պես, ասաց, որ մոտենանք եւ փոխանցենք նվերները: Մարզադաշտում ներկա 55.000 հոգուց Փոլը նախընտրեց նվեր ընդունել միայն մեզնից: Այս ամենը տեսագրվել է համերգին ներկա տարբեր հանդիսատեսների կողմից:
Արամ Րիանը դստեր հետ` Փոլ ՄքՔարթնիի համերգին
- Կենդանի հնչողությամբ համերգից մասնագիտական ի՞նչ «դասեր» քաղեցիք նրանից:
- Համերգի հնչողությունն արտակարգ էր: Մասնագիտական տեսակետից ինձ ապշեցրեց այն փաստը, որ նույնիսկ գտնվելով հենց բեմի առջեւ, մենք չխլացանք, քանի որ ձայնի ուժգնությունն այնպես հմտորեն էր հաշվարկված ու բաշխված, որ հավասարապես հասնում էր մարզադաշտի բոլոր կետերին:
- Երբ հիմա վերհիշում եք համերգը, ո՞րն էր Ձեզ համար ամենատպավորիչ պահը։
- Ինչպես եւ ակնկալում էի, «Live And Let Die» հիասքանչ ստեղծագործությունն էր, որը, սովորաբար, ՄքՔարթնիի համերգների ժամանակ ուղեկցվում է ապշեցուցիչ վիզուալ էֆեկտներով եւ հրավառությամբ: Ամենահուզիչն այն է, որ բիթլի ձեռքում իմ երգերն են հայտնվել, գոնե մեկ անգամ լսած կլինի մեքենայում կամ հյուրանոցում, զգացի, որ ակնհայտորեն հետաքրքրված էր եւ իր իսկ սեփական նախընտրությամբ ընդունեց նվերները: Տարիներով ես լսում էի ՄքՔարթնի, ի վերջո, ՄքՔարթնին գոնե մի քանի վայրկյան կլսի ինձ:): Հրաշալի էր, որ կարողացանք հայտնվել նրա ուշադրության կենտրոնում եւ դառնալ միակը 55.000 հոգուց, որից նա անձամբ ցանկացավ նվեր ընդունել:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արամ Րիանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: