Սեպտեմբերի 24-ին մեկնարկել է դասական երաժշտության Վերադարձի 6-րդ փառատոնը, որի տոնական բացումը տեղի է ունեցել “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Փառատոնն այս տարի եւս հայաստանյան հանդիսատեսին հնարավորություն կընձեռի հանդիպելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, բայց նաեւ մայրաքաղաք են հրավիրվել այլազգի հայտի երաժիշտներ, որոնք կներկայացնեն իրենց մշակույթը:
Երեւանում ելույթ է ունեցել “Իսրայել Կամերատա Երուսաղեմ” նվագախումբը
“Արվեստների պատկերասրահ” մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշել է, որ փառատոնն առատ է լինելու ոչ միայն ստեղծագործությունների պրեմիերաներով, այլ նաեւ կլինեն երաժշտական գործիքների յուրօրինակ համադրություններ:
Հանդիսավոր արարողության բացումն արել է 20 տարի հայրենիքից հեռու ապրող հայտնի ու տաղանդավոր թավջութակահար Լեւոն Մուրադյանը: Պորտուգալիան ներկայացնող միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրը ելույթ է ունեցել աշխարհահռչակ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Վերոնիկա Դուդարովան, Գենադի Ռոժդեստվենսկին, Դավիթ Խանջյանը եւ այլք: Նա ձայնագրել է Կոմիտասի, Բաբաջանյանի, Մանսուրյանի, Տերտերյանի եւ հայտնի այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Թավջութակահար Լեւոն Մուրադյանը
Համերգի երկրորդ մասում ելույթ է ունեցել “Իսրայել Կամերատա Երուսաղեմ” նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ավներ Բիրոնի ղեկավարությամբ: Կարեւորելով հրեական ժամանակակից երաժշտության զարգացումը` Ավներ Բիրոնը նոր մի շարք ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողն է: Դիրիժորը հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ, որոնց թվում են Իսրայելի ֆիլհարմոնիկ, Երուսաղեմի սիմֆոնիկ, ինչպես նաեւ արտերկրի հայտնի այլ նվագախմբեր: Երաժիշտը հիմնադրել է Գալիլեի մենակատարների անսամբլը. վիրտուոզ մի համույթ, որը համաշխարհային հռչակ է վայելում:
Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը վայելել է Հայդնի “Լա Պասիոն”-ը, որը 4 մասից է բաղկացած: Երեք մասից բաղկացած Հայդնի թավջութակի կոնցերտն է կատարել Լեւոն Մուրադյանը: “Իսրայել Կամերատա Երուսաղեմ” նվագախումբը ներկայացրել է Շերիֆի “prauers” ստեղծագործությունն ու լարայինների համար 5 մասից բաղկացած Դվորժակի սերենադը:
“Իսրայել Կամերատա Երուսաղեմ” նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ավներ Բիրոնը
Վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնի կամզակերպիչներն են “Արվեստների պատկերասրահ” մշակութային հիմնադրամը` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր հովանավորությամբ:
BRAVO.am-ը Վերադարձի փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: