×


Լիլի Դավթյան.“Շատերի համար այն հեշտ ու գունեղ է թվում…”

Դրամատիկ դերասանուհի Լիլի Դավթյանի մասնագիտական ամենամեծ ցանկություններից մեկը կատարվել է. թատրոնում մարմնավորած վերջին կերպարը կատակերգական է: BRAVO.am-ն օրեր առաջ անդրադարձել է նրա մասնակցությամբ “Ամուսնանալը հեշտ բան չէ” կատակերգությանը, որում երիտասարդ դերասանուհին թեթեւամիտ աղջկա դերում է: Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում Լիլին նաեւ զբաղված է “Կայսր”, “Ձախորդ Փանոսի կտակը”, “Օսկար”, “Համեղ պատառ”, “Չիպոլինո” ներկայացումներում:

Լիլի Դավթյանը


Ուսանողական նստարանից դեպի “Մհեր Մկրտչյան” թատրոնի բեմ


Ուսանողական տարիներից սկսեցի աշխատել Երեւանի իմ ամենասիրելի թատրոնում: Թատերական ինստիտուտ ընդունվելուց հետո ուրիշ թատրոնում աշխատելու մասին չեմ էլ մտածել. իմ ընկերները` Հայկ Սարգսյանն ու Վահագն Գասպարյանը, այստեղ են աշխատում, ես էլ հաճախ էի լինում փորձերին ու ներկայացումներին: Ինձ հատկապես հիացրել էր Ֆրունզիկի` Մհեր Մկրտչյանի բեմադրած “Հացթուխի կինը”, ողջ քաղաքը խոսում էր այդ ներկայացման մասին: Առաջին անգամ դիտելով` շատ տպավորված էի, ցավոք, հիմա այն խաղացանկում չէ, բայց հուսով եմ` շուտով նորից կլինի:

“Հոգնել եմ լացակումած դերերից”


Առաջին ու դեռեւս վերջին սերիալը, որում նկարահանվել եմ, եղել է “Արմենիա” հեռուստաընկերության “Ընտրյալները”, էպիզոդիկ դերով խաղացել եմ նաեւ “Իսկական կինո” կարճամետրաժ ֆիլմում: Այս պահին սերիալներից չեմ ստանում այնպիսի կերպարների առաջարկներ, որոնք իսկապես կցանկանայի խաղալ. հոգնել եմ լացակումած դերերից, պետք է կերպարը հետաքրքրի, որ կարողանամ սրտանց աշխատել, ոչ թե պարզապես էկրանին երեւալ: Հիմա ժամանցային հեռուստածրագիր վարելու առաջարկ ունեմ, դեռ քննարկման փուլում ենք:

Լիլի Դավթյանը` "Ամուսնանալը հեշտ բան չէ" ներկայացման պրեմիերային


Իմ ընտանիքում ես միակն եմ, ով թատրոնի հետ կապ ունի: Հատկապես մայրս շատ է ոգեւորել, որ բեմական ուղին ընտրեմ: Հավատում եմ իմ արած աշխատանքին, ինքս իմ նկատմամբ ազնիվ եմ. եթե չհավատաս, ռեժիսորները երբեք քեզ չեն վստահի ու դերեր չեն առաջարկի: Միշտ փորձում եմ մասնագիտորեն կատարելագործվել. կան երիտասարդներ, որ մեկ-երկու սերիալում խաղալով, մտածում են, որ իրենք կայացած ու ճանաչված են, բայց անկախ տարիքից ու փորձից, պետք է ինքդ քեզ վրա աշխատես, որ լսարանին հետաքրքիր լինես:

Սիրելի դերասանը եւ ռեժիսորը


Ինձ համար որպես դերասան շատ հետաքրքիր է աշխատել Հարություն Մովսիսյանի հետ, միասին նկարահանվում էինք “Ընտրյալներ”-ում: Իսկ թատրոնի եւ կինոյի ռեժիսորներից անչափ հաճելի է աշխատել Մհեր Մկրտչյանի` Ալբերտ Մկրտչյանի որդու հետ, որը բեմադրել է “Ամուսնանալը հեշտ բան չէ” ներկայացումը: Նա Մոսկվայում ֆիլմեր է նկարահանում, նրա մասին դեռ շատ կլսեք: Մհերը դերասանին շրջանակի մեջ չի դնում, այլ ազատ է թողնում. կարող ես փորձել հարյուր տարբերակ, նա կաշխատի ու կշտկի քո ստեղծած կերպարի լավագույն տարբերակը:

Լիլի Դավթյանը


“Եթե ես նորից ընտրեի…”

Ինձ շատերն են հարցնում` կամուսնանայի այդյոք դերասանի հետ: Իրականում, չեմ կարող պլանավորել, որովհետեւ չգիտեմ` վաղն ինչ կարող է լինել: Չեմ բացառում, բայց եթե անկեղծ ասեմ, չէի ցանկանա, քանի որ մեր մասնագիտությունը շատ բարդ կողմեր ունի, դժվարությամբ ենք կարողանում աշխատել ու վաստակել: Շատերի համար այն հեշտ ու գունեղ է թվում, ամեն երկրորդն ուզում է Թատերական ինստիտուտ ընդունվել, բայց դերասանի մասնագիտությունն ընտրելուց առաջ հարկավոր է երկար մտածել, հատկապես` Հայաստանում: Բայց եթե ես նորից ընտրեի մասնագիտություն, առանց վարանելու կրկին նույն ուղին կընտրեի, որովհետեւ թատրոնը շատ-շատ եմ սիրում, նույնիսկ ավելի շատ, քան` կինոն: Մհեր Մկրտչյանը լավ խոսք ուներ` “Թատրոնը կինդ է, կինոն` սիրուհիդ, ինչ էլ լինի, վերջում, մեկ է, տուն ես վերադառնալու”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Տիգրան Biface Լորսաբյանի եւ Լիլի Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW