×


Լիլի Էլբակյան.«Ամեն բան այդքան լուսավոր չէ, որքան թվում է նկարներից»

Համո Ադիյանը եւ Լիլի Էլբակյանը շուրջ 6 տարվա ամուսիններ են: BRAVO.am-ն անդրադարձել է նրանց ընտանիքի ստեղծմանն ու համալրմանը։ Դերասանուհու հետ մեր նոր անկեղծ զրույցն ընտանեկան թեմայով է, իսկ առիթը զույգի նոր ֆոտոշարքն է։

Համո Ադիյանը եւ Լիլի Էլբակյանը


Լիլիի համոզմամբ` ընտանիքի ամրության հիմքում սերն ու փոխըմբռնումն է.«Երբ չես սիրում, բոլոր մանրուքները սկսում են նյարդայնացնել, ամեն ինչի՝ գումարի կամ ուրիշ բանի պակասից սկսում ես բարկանալ։ Մենք էլ դժվարությունների միջով ենք անցնում. ամեն բան այդքան լուսավոր չէ, որքան թվում է նկարներից։ Երբ թվում է՝ շարունակելու ոչ մի հույս չկա, հիշում եմ ընտանիք կազմելու սկիզբը, թե ինչպես ենք սիրել, եւ այդ սերը պահում է, ստիպում առաջ շարժվել, այլապես դժվարություններ կան ու միշտ կլինեն»։

Լիլի Էլբակյանը` երեխաների հետ


Նա նշել է, որ ընտանիքի պահպանումը բարդ է.«Հաճախ ասում են՝ դժվարն ամուսնական կյանքի առաջին տարիներն են, բայց ինձ համար հիմա ավելի դժվար է, որովհետեւ սկզբում ոգեւորված ես ու էյֆորիայի մեջ, իսկ հիմա երկու երեխա ունենք, հոգսեր, պատասխանատվությում… Ամեն ինչ ավելի իրական է։ Երբ Համոյի հետ վիճում ենք, ասում եմ՝ եթե երեխաների համար ենք միասին ապրելու, իմաստ չունի շարունակել։ Ընտանիքի համար սերն ամենակարեւորն է, միայն սիրով կարող ես հաղթահարել բարդությունները»:

Համո Ադիյանը եւ Լիլի Էլբակյանը


Համոն խաղում է թատրոնում, առաջիկայում կնկարահանվի սիթքոմում, բացի այդ աշխատում է գինեգործության ոլորտում.«Միայն թատրոնը բավարար չէ ընտանիք պահելու համար։ Առանձին ապրող երիտասարդ ընտանիք ենք, վարկով ենք ապրում, փորձում ենք մեր ուժերով գոյատեւել։ Իրականում հնարավոր չէ դերասանի, բեմադրիչի աշխատավարձով նորմալ ապրել, դրա համար կողքից թամադա, խաղավար են դառնում կամ ինչ-որ բիզնեսով զբաղվում։ Առհասարակ, մեր երկրում միջին աշխատավարձով շատ դժվար է գոյատեւել»։
 
Լիլին վերջերս նկարահանվել է 24 սերիայից բաղկացած «Զուգահեռ կյանք» ֆիլմում, որի հիմքում Նար-Դոսի «Ես եւ նա» ստեղծագործությունն է, ռեժիսորը Հայկ Կբեյանն է.«Մարմնավորել եմ գլխավոր հերոսուհուն՝ Անահիտին։ Խաղընկերս Գեւորգ Գրիգորյանն է։ Սեպտեմբերից կցուցադրվի «Արարատ» հեռուստաալիքով։ Իսկ «Էդգար Էլբակյան» թատրոնում այժմ արձակուրդ է. «Մերի Փոփինս» ներկայացումով եզրափակեցինք խաղաշրջանը։ Սեպտեմբերից նախատեսում ենք թատրոնի խաղացանկն ամբողջովին վերականգնել, որում կներառվի նաեւ իմ ավարտական կուրսի ուսանողների հետ բեմադրած «Դեկամերոն»-ը։ Իսկ մինչ այդ կփորձենք երեխաների հետ մի քանի օր հանգստանալ Դիլիջանում»։

BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Էլբակյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW