BRAVO.am-ի զրուցակիցը երգչուհի, երգահան, բազմաթիվ այլալեզու երգերի թարգմանիչ եւ կատարող Լիլիթ Բլեյանն է: Նա հեղինակային նոր երգ ունի, որը կգտնեք նյութի վերջում, իսկ մինչ այդ տեղեկացեք առաջիկայում թողարկվելիք ձայնասկավառակի պարունակությանը, նաեւ, թե ինչպես է Լիլիթին հաջողվում ֆրանսերեն երգերն այդքան գեղեցիկ թարգմանել ու մատուցել երաժշտասերներին:
Լիլիթ Բլեյանը
-Եթերում հաճախ չեք երեւում, բայց Ձեր երաժշտությունը շարունակում է սիրված եւ պահանջված մնալ: Դուք երգո՞ւմ եք այն, ինչ զգում եք, եւ դա հոգեհարազատ է շատերին, թե՞ ուրիշ պատճառ կա: Որ՞ն է Ձեր գաղտնիքը:
-Եթերին արդեն լավ այլընտրանք կա. շատերի, այդ թվում՝ իմ, նախընտրած երաժշտությունն արդեն վաղուց ապրում է համացանցում, որտեղ կարող ես շատ ավելի հետաքրքիր ու անսպասելի երաժշտական հանդիպումներ ունենալ, քան եթերում։ Արդեն մեծ խնդիր չէ հասանելի դարձնել քո երաժշտությունը, չնայած, իհարկե, հեռուստաեթերը շարունակում է մի տեսակ «ստատուս» հաղորդողի դեր կատարել։ Իսկ գաղտնիքը, որ փաստորեն շատ հեշտությամբ բացահայտել եք, երեւի հենց այդ մեկն է. շարունակում եմ երգել ու գրել միայն այն, ինչ հենց իմն է, ու շատ եմ ուրախանում, երբ այդ երգերն արագ դառնում են լսողինը։
-Հիմա աշխատում եք նոր ձայնասկավառակի վրա: Ի՞նչ երգեր են այս ալբոմում ընդգրկվելու:
-Երկու տարի առաջ հենց փետրվարին ներկայացրի իմ առաջին՝ ֆրանսերենից հայերեն փոխադրած երգը՝ Բրելի հայտնի ստեղծագործությունը, որը հայերեն դարձավ «Չթողնես երբեք»։ Այս երգը միայն սկիզբն էր իմ նոր հետաքրքրության, որը մի տարվա ընթացքում հայերեն թարգմանված ֆրանսալեզու երգերի մի ողջ շարք դարձավ։ Ֆրանսալեզու եմ ասում, քանի որ հեղինակները ծագումով տարբեր են՝ ֆրանսիացի, բելգիացի, Ադամոն ընդհանրապես իտալական ծագում ունի: Բայց այստեղ կարեւորը ֆրանսերենն է, որից արված փոխադրությունները շատ սիրուն են ստացվում։ Փոխադրված երգերը շատ են, դրանցից, սակայն, սկավառակում պատրաստվում ենք ներառել 12-ը, այդ թվում՝ Բրելի, Պիաֆի, Ադամոյի, Բարբարայի երգացանկերից։ Թարգմանել եմ միայն այն երգերը, որոնց հետ այդպիսի ներքին կապ եմ զգացել, երգը լսել եմ ու ասել եմ՝ այ սա իմն է։ Այդ պատճառով բոլորին հայտնի երգերի կողքին հայտնվել են այնպիսիք, որոնց անունը Հայաստանում շատերին ոչինչ չի ասում, բայց լսելուց հետո հաստատ սիրելու են։ Ես փորձել եմ մի քանիսը վերջին մեկ տարում ներկայացնել փոքր համերգների ժամանակ՝ ստուգելու, թե ինչպես են ընդունում մարդիկ դրանք։ «Թեստ-դրայվը» միանշանակ անցել են:):
Լիլիթ Բլեյանը
- Թարգմանությունն ինքնին բարդ գործընթաց է, շատ նրբություններ ունի: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել բնօրինակի միտքն ու, միեւնույն ժամանակ, երգն, այսպես կոչված, «առաջին ձեռքից» հասցնել լսողին:
-Երգի թարգմանությունը շատ յուրահատկություններ ունի. շատ տարբեր է պոեզիա թարգմանելուց, քանի որ միաժամանակ մի քանի խնդիր ես լուծում, էլ չեմ ասում՝ բոլոր այդ խնդիրներն այնպես պետք է լուծես, որ վերջում երգը լսելիս քո այդ աշխատանքը, ջանքը չզգացվի: Երգը պետք է պահպանի ողջ էմոցիոնալ, ռիթմիկ, մեղեդային բովանդակությունն ու լսողին թվա, թե բնագիրը հենց հայերենն է, որ կա։ Պատասխանատվությունը մեծ է այդ առումով։ Բայց դա մի այնպիսի հուզական, հրաշք պրոցես է, որ ամեն նոր երգ թարգմանելիս կարծես, իրոք, ինքս նոր բան գրեմ։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ մտածում էի, թե արդեն բոլոր երգերն ունենք, հանկարծ, պատահաբար լսեցի Բրելի՝ ինձ անհայտ երգերից մեկը, ու նույն պահին հասկացա, որ «իմն է»։ Ուղարկեցի «փորձաքննության» Բրյուսել՝ իմ գործընկերոջը՝ Տիգրանին, որի հետ աշխատում ենք ապագա սկավառակի վրա, իրեն էլ էր երգն անծանոթ, լսեց ու նույնն ասաց՝ «քոնն է»։ Այնպես որ, Բրելի երգերը մեկով ավելացան իմ սկավառակում:
-Շատ երգիչներ այսօր խուսափում են ալբոմ թողարկել: Դրանից ավելի մատչելի եւ հասանելի միջոց կա՝ համացանցը: Ինչո՞ւ որոշեցիք ձայնասկավառակ թողարկել:
-Խնդիրը ձեւաչափը չէ, թե ինչ տեսքով կհասնեն երգերը լսողին։ Ֆրանսիական երգերի պարագայում՝ առավել եւս, քանի որ ես չեմ այդ երգերի հեղինակը, ես պարզապես մի միջոց եմ, խողովակ, որով այդ երգերը հասնում են հայ երաժշտասերին։ Եվ կարեւորն այս փուլում ինձ համար այն է, որ այդ երգերը չմնան դարակում ու փոշի հավաքեն, ինչպես իմ հեղինակային երգերից շատ-շատերը, որոնց այդպես էլ հերթ չի հասնում։
Զրուցեց Աիդա Ղարիբյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Բլեյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: