Նկարիչների միության ցուցասրահում երեկ` փետրվարի 5-ին, բացվել է նկարչուհի Լիլիթ Խաչատրյանի “Վերածնունդ” խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Նյու Յորքի եւ Դուբայի արվեստի բիենալեների շրջանակներում:
Նկարչուհի Լիլիթ Խաչատրյանը
Լիլիթն իրավաբան է, իսկ նկարչությամբ սկսել է զբաղվել երեք տարի առաջ: Թողնելով իր առաջին մասնագիտությունը` նա նվիրվել է արվեստին` կյանքի այդ շրջադարձը գնահատելով որպես վերածնունդ.“Իհարկե, ուշ հասկացա, որ իմ մեջ կուտակվել է նկարելու ցանկությունը, բայց սովորելով բատիկայի նրբությունները` սկսեցի նկարել: Ես նկարչուհի եմ ոչ թե մասնագիտությամբ, այլ` ճակատագրով”:
Առաջին անհատական ցուցահանդեսին նա ներկայացրել է իր ստեղծած 70 բատիկ աշխատանքից ընդամենը 18-ը` “Առյուծի կամքը”, “Գողացված հաղթանակ”, “Երեք ոգիների տաճարը”, “Սուրբ ջուր”, “Ապոկալիպսիս”, “Խիղճ”, “Բուրգերի խաչվածք” եւ այլն.“Ցանկացած բան ինձ կարող է ոգեշնչել: Երբ երեւույթներին լուսավոր եմ վերաբերվում, դա փոխանցվում է նաեւ նկարներին: Եթե նկարելիս ունեցած իմ զգացողությունները հասնեն դիտողին, երջանիկ կլինեմ”:
Լիլիթ Խաչատրյանի աշխատանքներից
Լիլիթի խոսքով` իր նկարները երբեւէ չի վաճառել, երբեմն նվիրում է հարազատ ու սիրելի մարդկանց.“Դժվար եմ բաժանվում իմ գործերից: Տան մի մասը դարձրել եմ արվեստանոց, օրվա տարբեր ժամերին ներշնչվում եմ ու միանգամից սկսում նկարել: Հաճախ մեր հյուրերի հետ չեմ նստում, այլ առանձնանում եմ ու նկարում. բոլորն ըմբռնումով եմ վերաբերվում”:
Նյու Յորքի եւ Դուբայի արվեստի բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսին, որը նաեւ ցուցահանդեսի ղեկավարն է, այսպես է բնութագրում Լիլիթ Խաչատրյանին. “Իրավաբան` մասնագիտությամբ, բայց արտիստ` ներաշխարհով: Լիլիթը ներկայացնում է բնության ռոմանտիկ, զգայական էությունը` գործի դնելով մի շարք հմտություններ: Նա օգտագործում է տիեզերքի գույները եւ միաժամանակ կոտորակներ ու քաոսի տեսություն: Համոզված եմ, որ արտիստ ծնվում են, արտիստ չեն դառնում”:
Լիլիթ Խաչատրյանի աշխատանքներից
Ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 10-ը: Նկարչուհին բոլոր արվեստասերներին հրավիրում է դիտելու իր աշխատանքները:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: