×


Լիլիթ Մուրադյանն ինչի՞ վրա է ծախսում ամբողջ աշխատավարձը :)

“Զգեստի ամենակարեւոր դետալը կինն է, ով կրում է այն”. Համակարծիք լինելով անվանի դիզայներ Իվ Սեն Լորանի հետ` BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի հայուհիների հագուկապը: Այս անգամ մեր “Fashion” բաժնի հյուրը Լիլիթ Մուրադյանն է: Հաղորդավարուհին զրույցի սկզբում խոստովանեց, որ ֆոտոշարքի համար ընտրել է իր ամենանախընտրելի երեք ոճերը, բայց միշտ չէ, որ այդպես է հագնվում:

Լիլիթ Մուրադյանը


“Մտերիմներս գիտեն, որ եթե ցանկանում են ինձ հետ սրճել սրճարանում, ապա պետք է նախապես զգուշացնեն, որ սպորտային հագուստով տնից դուրս չգամ: Իմ առաջին զգեստը կարելի է համադրել նաեւ ոչ բարձրակրունկ կոշիկների հետ եւ ստանալ ավելի հանգիստ տեսք: Կարծում եմ` հիանալի տարբերակ է ցանկացած տեղ գնալու համար”,-նշել է նա:

Լիլիթի զգեստապահարանում նեոնային գույները բացակայում են, փոխարենը նախընտրում է ավելի մեղմ երանգներ, իսկ սեւի, կարմիրի եւ սպիտակի համադրությունը պարզապես պաշտում է.“Հագուստին մեծ ուշադրություն եմ դարձնում, սիրում եմ գրագետ եւ գեղեցիկ հագնվել, նույնիսկ եթե ստիպված լինեմ մեկ ամբողջ ամիս մնալ առանց գումարի”: Նա դժվարացավ հիշել այնպիսի դեպք, երբ ամբողջ աշխատավարձը չի ծախսել հագուստի վրա:):

Լիլիթ Մուրադյանը


 Իրեն բրենդամոլ համարող հաղորդավարուհին սիրելի ապրանքանիշերի շարքում առանձնացրեց “Max Mara”-ն եւ “Max & Co”-ն, նշում է` հագուստը պետք է լինի արտահայտիչ, բայց ոչ վուլգար, գնելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում որակին, իսկ երբ հերթը հասնում է գնին, պարտադիր հաշվի է առնում, թե ինչ առիթի է այն կրելու:

Նրան երբեմն իր սիրելի հանդերձանքն էլ է անհարմարություն պատճառում.“Սովորաբար այդպես լինում է այն դեպքում, երբ վաղ առավոտից դրսում եմ լինում, այդ ժամանակ ցանկացած հագուստ ինձ նեղություն է պատճառում”:

Լիլիթ Մուրադյանը


Երկրորդ զգեստափոխությունից հետո Լիլիթը ներկայացավ գործնական, դասական ոճում.“Սա իմ նախընտրած ոճն է, հատկապես, որ աշխատանքս ստիպում է լինել հենց այս կերպարի մեջ”: Նրա կարծիքով` հանրային մարդիկ պետք է պարտադիր աշխատեն ոճաբանների հետ.“Ես չեմ համագործակցում, բայց իմ տեսքի հետ կապված տեղին դիտողություններն ընդունում եմ, չնայած որ չափազանց համառ եմ”:

Երրորդ կերպարը նա որոշեց չմեկնաբանել.“Պարզապես կասեմ, որ դասական զուսպ եւ միեւնույն ժամանակ գեղեցիկ փոքրիկ սեւ զգեստ է”: Ժամադրության գնալիս առաջին հերթին կկրի ժամացույց, որ չուշանա, իսկ պայուսակում պարտադիր իրերի շարքում են օծանելիքը, բջջային հեռախոսն ու դրամապանակը:

Լիլիթ Մուրադյանը


Լիլիթի խոսքով` շուտով Առաջին ալիքի առավոտյան ծրագիրը կհամալրվի նորաձեւության բաժնով.“Կփորձենք բացահայտել նորաձեւությունը բոլոր անկյուններից եւ ամեն անգամ կընտրենք գեղեցիկ կերպար մեր հեռուստադիտողների համար, իսկ այն մարդիկ, ովքեր սիրում են նորաձեւ լինել, կհասկանան, որ դրա համար աստղաբաշխական գումարներ հարկավոր չեն:”

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է CoinCasa խանութ սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW