Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Լուսին Վարդանյանի ծննդյան օրն էր։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նախապես պլանավորել էր 30-ամյակը նշել, սակայն իր եւ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի աշխատանքային զբաղվածության պատճառով չի ստացվել.«Երբ մի ազատ օր երկուսս էլ աշխատանքի չենք լինի, միասին կնշենք։ Օրեր առաջ էլ մեր աղջկա տարեդարձն էր, էլի չստացվեց տոնել, փոխարենը մեկ այլ օր նրա համար տոն կազմակերպեցինք։ Իհարկե, կցանկանայի ծննդյանս օրը լինել մի տաք երկրում՝ ծովի ափին, բայց հանգամանքների բերումով նույնիսկ չկարողացա տանը նշել։ Բոլորովին չեմ տխրել, կյանքն առջեւում է, եւ դեռ կհասցնենք»,-BRAVO.am-ին ասել է Լուսինը։
Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ
Հոբելյարին ուրախացրել է 3-ամյա դստեր նվերը.«Մայրս Խնկո-Ապոր անվան գրադարանում է աշխատում, որտեղ Ռուզիկիս հաճախ եմ տանում։ Տարեդարձիցս մեկ օր առաջ էլ այնտեղ էինք, մայրիկիս հետ որոշել էին ինձ անակնկալ անել։ Բացելով նրա նվիրած գիպսե զարդատուփը, որն իր ձեռքով է ներկել, ու տեսնելով 30 թիվը՝ շատ ուրախացա. միշտ կպահեմ»։
Այս շրջանում նա «Կենտրոն TV»-ի «Վենդետտա» սերիալից բացի, նկարահանվում է Առաջին ալիքի «Կյանքը շարունակվում է» սոցիալ-հոգեբանական ծրագրում.«Երկու տեղում էլ պայմանագիր ունեմ եւ առանց որեւէ խնդրի համատեղում եմ։ Նոր նախագիծը սերիալ չէ. յուրաքանչյուր թողարկմանը նոր սյուժե ենք ներկայացնում, որի ավարտին իրական հոգեբանը վերլուծություններ է անում։ Աշխատանքը որակյալ է, խաղընկերներս էլ պրոֆեսիոնալ են՝ Ռոբերտ Հակոբյան, Ջուլիետա Ստեփանյան, Արմեն Սարգսյան եւ ուրիշներ»։
Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ
Լուսինը ժպիտով է հիշում մանկության ծննդյան օրերը, ամենայուրահատուկ տարեդարձն էլ նշել է Խնկո-Ապոր անվան գրադարանում.«10-11 տարեկան էի, մայրիկիս աշխատավայրում «Հրաշքների դաշտ» հաղորդումն էր նկարահանվում, որը բոլորիս ծանոթ Նոնա մորաքույրն էր վարում, ես էլ մասնակցում էի: Մայրիկս տորթ էր բերել, տարեդարձս նկարվեց ու եթեր հեռարձակվեց։ Հիշում եմ՝ ամեն տարի ծնողներս տոն էին կազմակերպում. ես շատ հարուստ եմ լավ բարեկամներով ու հարազատներով։ Եթե քույրիկիս ծնունդն էր, ինձ էլ նույն նվերից գնում էին, նրան էլ իմ ծննդին էին նվերներ մատուցում»։
Մուտք գործելով բալզակյան տարիք՝ դերասանուհին լավատեսորեն է վերաբերվում դրան.«Տարիքս թաքցնելու բարդույթներ չունեմ: Այս տարվա հունվարից արդեն ասում էի՝ 30 տարեկան եմ։ Կարեւորն այն է, որ յուրաքանչյուր տարիքում մենք մեզ երջանիկ, սիրված ու գնահատված զգանք»։
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Լուսինի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: