«Խաչատրյան տրիոն» նոր ձայնասկավառակ ունի, որտեղ ընդգրկվել են մեծանուն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Տասից ավելի սկավառակ ունեցող խումբն այս անգամ համագործակցել է համաշխարհային հայտնի ընկերությունների հետ՝ առավել որակյալ ձայնագրություններ ստանալու նպատակով: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում օրերս կայացավ ձայնասկավառակի շնորհանդեսը, որին ներկա էին տրիոյի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, ինչպես նաեւ «Արմենիա» փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը:
Նշենք, որ շնորհանդեսը կայացավ հենց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որն այս տարի անցկացվում է հուլիսի 2-ից 6-ը:
Հանդիպման բանախոսները նախ ներկայացրին ձայնասկավառակը, այնուհետեւ էկրանին ցուցադրվեց խմբի կատարմամբ մի հատված ապրիլի 28-ին Մալթայում կայացած համերգից: Ի դեպ, սկավառակն առաջին անգամ ներկայացվել է հենց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որն այս տարի առավելապես հայկական շեշտադրում ուներ: Արմինե Գրիգորյանի խոսքով՝ նոր ձայնասկավառակը նախորդներից տարբերվում է նրանով, որ թողարկվել է ճապոնական հայտնի «Sony» ընկերության կողմից, իսկ ձայնագրություններն արվել են Մոսկվայում՝ «Культура» հեռուստաալիքի ստուդիայում:
Արմինե Գրիգորյանը
Եռյակի նոր ալբոմում ընդգրկվել է 14 գործ, որոնցից յոթը Խաչատրյանի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններն են, իսկ մյուս յոթը՝ Ալեքսեյ Շորի: BRAVO.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես են ընտրվել այն հեղինակներն ու գործերը, որոնք տեղ են գտել սկավառակում: Արմինե Գրիգորյանն ասաց, որ գաղափար կար մեկ ձայնասկավառակում զետեղել հայ կոմպոզիտորական դպրոցի եւ Մալթայի ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներին: Իսկ Ալեքսեյ Շորը, ինչպես հայտնի է, առավել հաճախ հանդես է գալիս հենց Մալթայում եւ համարվում է այդ երկրի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը. «Միտքը դա էր, բացի այդ էլ՝ հենց Ալեքսեյ Շորի խնդրանքով ու հորդորով այս սկավառակը ձայնագրվեց Մոսկվայում»,- նշեց դաշնակահարուհին:
Ծնունդով ուկրաինացի կոմպոզիտորն էլ իր խոսքում ընդգծեց` ինքն անչափ տպավորված ու հիացած է, որ իր գործերը տեղ են գտել Արամ Խարատրյանի ստեղծագործությունների կողքին մեկ ձայնասկավառակում: Նշենք, որ նոր ալբոմում ընդգրկվել են կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործությունները, որոնք հնարավոր կլինի ունկնդրել սկավառակը գնելու կամ «Sony» ընկերության օնլայն խանութից ներբեռնելու դեպքում:
Կարեն Շահգալդյանը
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ հաճախականությամբ են խմբի անդամները որոշում նոր սկավառակ թողարկել: Ջութակահար Կարեն Շահգալդյանը նկատեց, որ եթե սկավառակների քանակը համեմատենք իրենց գործունեության տասը տարիների հետ, ապա կստացվի մեկ սկավառակ մեկ տարում: Բայց նա ընդգծեց, որ պատահել է նաեւ այնպես, երբ մեկ տարվա ընթացքում միանգամից երեք ալբոմ են ձայնագրել, այսինքն՝ ժամանակային նախապայման որոշված չէ. «Գիտեք, ձայնագրվելը շատ լուրջ աշխատանք է եւ՛ ժամանակի առումով, եւ՛ պատասխանատվության, քանի որ սկավառակները թողարկվում են մեկ անգամ եւ ապրում են շատ երկար: Օրինակ՝ Ալեքսեյ Շորի գործերը, որոնք այս անգամ ձայնագրել ենք, մոտ երկու տարի նվագել ենք տարբեր համերգների ժամանակ: Այդ իսկ պատճառով ձայնագրությունը պետք է լինի որակյալ, երաժշտական, եւ դրան պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ»,- եզրափակեց նա:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: