Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր գործունեության 6 տարիների ընթացքում աշխատել է թվային բնագավառում, իսկ այսօր արդեն նրանք քայլեր են ձեռնարկում նաեւ անալոգային հարթակում` իրականացնելով «Թումո ստուդիաներ» ծրագիրը: Շահույթ չհետապնդող նախագծի նպատակն է ձեւավորել ու արտադրել կարեւորից մինչեւ ամենաանկարեւորը` կրելու, առօրյայում օգտագործելու, դրանով պարզապես հիանալու, համտեսելու արտադրանք:
«Թումո ստուդիաների» բացմանը
Այն ուղղված է երիտասարդ դիզայներների եւ արհեստավորների զարգացմանն ու մասնագիտացմանը այնպիսի ոլորտնեորւմ, ինչպիսիք են փայտագործությունը, նորաձեւությունը, զարդերի ստեղծումը եւ շատ ավելին, ներառյալ հայկական խոհանոցի արդիականացումը։
Մոտ ապագայում Թումանյանի այգում հատուկ այս նախագծի համար կկառուցվի 4000 ք․մ․տարածքով շինություն, որը կներառի ստուդիաներ, արհեստանոցներ, արտադրամասեր եւ ցուցասրահներ` դառնալով դիզայներների եւ արհեստավորների շփման ակտիվ հանգույց: Ծրագիրն այնքան մեծ ոգորությամբ է իրականացվում, որ նախաձեռնողները որոշել են շինարարության ավարտին չսպասել, եւ մասնակիցներն այսօր հանգրվանել ու ստեղծագործում են Երեւանի պատմական շենքերից մեկում, որը գտնվում է Պուշկինի փողոցում:
«Թումո ստուդիաների» բացմանը
Երեկ` ծրագրի մեկնարկին, ստեղծարար երիտասարդները ներկայացրին իրենց աշխատանքները: Մի սենյակում կարելի էր գտնել հագուստ, որը տարբերվում էր ամեն մասնիկով: Զգեստները ստեղծելու հարցում նրանց օգնել էր նորաձեւության ռուսաստանցի դիզայներ Տիգրան Ավետիսյանը: Պարզ էր, որ աշակերտները ոչ միայն սովորել էին հագուստ կարել, այլեւ լիարժեք հավաքածուի գաղափար մշակել:
Մյուս սրահում ցուցադրված էին հայկական մոտիվներով ժամանակակից զարդեր, որոնք վերնիսաժյան շունչ էին հաղորդում: Բրազիլահայ դիզայներ Պաուլա Բահադյանը մասնակիցներին օգնել էր ստեղծել իրենց սեփական ինքնատիպ դիզայնը: Իսկ ոչ հեռու անկյունում արույրե զարդերն էին. կորսիկահայ դիզայներ Լաուրա Սանսոնետին երիտասարդներին սովորեցրել էր զարդեր պատրաստել պարաֆինով կաղապարման տեխնիկայով:
Փաթեթավորման թղթի ձեւավորումից մինչեւ արույրե եւ պղնձե ավանդական հավաքածուներ` պատրաստված հորից որդի փոխանցվող գիտելիքներով, եւ անգամ իրեր ու գործիքներ, որոնք անծանոթ էին ու կախարդող հետաքրքրություն առաջացնող:
«Թումո ստուդիաների» բացմանը
Սա ավարտվող ցուցահանդես չէր. «Թումո ստուդիաների» աշխատարաններին կարող են մասնակցել 18-28 տարեկան երիտասարդներ՝ անվճար կամ, որոշ դեպքերում, մատչելի վճարով։ Ծրագիրը նաեւ կհամագործակցի դիզայնի ստարտափերի եւ անհատ դիզայներների հետ` բացառիկ համատեղ աշխատանքներ ստեղծելու նպատակով: Ի դեպ, կազմակերպիչները խոստացան, որ տարիներ հետո հպարտ են լինելու այս նախաձեռնության համար, որը զարգացնելու են Երեւանում ու շրջաններում:
Միջազգային մասնագետների կողմից վարվող դիզայնի, արտադրության եւ խոհարարության գործնական աշխատարանների միջոցով հայ երիտասարդ մասնագետները եւ ուսանողները կստեղծեն բարձրորակ, միջազգային մակարդակով մրցունակ աշխատանքներ ու կզարմացնեն դրանցով:
«Թումո ստուդիաների» բացմանը
Մինչ ներկաները կհիանային ցուցադրված աշխատանքներով, սրահում ուտելիքի անուշ բույր տարածվեց: Սա նույնպես նրանց աշխատանքն էր` հայկական ուտեստների նոր բաղադրատոմսեր:
Իսկապես, ստեղծագործել կարելի է ամեն բնագավառում եւ ծայրահեղ մտքի թռիչքներով, բայց համատեղել հայկականը եւ թրենդայինը, դրան համեմել շահույթ չհետապնող գաղափարները, մեր երկրում գովելի եւ ուրախանալի է: Մնում է` երիտասարդները բաց չթողնեն արհեստների այս տարափը, ու օգտվեն դրանցից գոնե մեկից:
Տեքստը` Լիանա Կարապետյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: