Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող Շեքսպիրյան միջազգային փառատոնը թատերական ամենամեծ իրադարձություններից մեկն է աշխարհում, որ ամեն տարի հրավիրում է ամենաինքնատիպ ու ժամանակակից ներկայացումները` ստեղծված անգլիացի դրամատուրգի գործերի հիման վրա: Այս տարի փառատոնին մասնակցելու էր հրավիրվել նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնը` իր «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ:
Թատերախումն էլ հուլիսի 28-ին մեկնել էր Լեհաստան` ռեժիսոր Լուսինե Երնջակյանի գլխավորությամբ, ով օրեր առաջ է վերադարձել Երեւան:
Կամերայինի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը՝ Գդանսկի Շեքսպիրյան փառատոնում
BRAVO.am-ի հետ զրույցում նա հետաքրքիր մանրամասներ է պատմել փառատոնի, իրենց մասնակցության ու ներկայացման արձագանքների մասին:
«Նախորդ տարի Հայաստանում անցկացվեց Շեքսպիրյան կոնֆերանս, որին ներկա էր նաեւ Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի նախագահ Եժի Լիմոնը, ով նաեւ շատ հայտնի շեքսպիրագետ է: Նա դիտել էր մեր ներկայացումը ու շատ էր հավանել, ըստ այդմ էլ` հրավիրել էր մասնակցելու իրենց փառատոնին:
Մեկ տարի շարունակ մենք, կարելի է ասել, պայքար էինք մղում ֆինանսավորում հայթայթելու համար, ու կարծես թե ինչ-որ կերպ ստացվեց: Ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը, Լեհաստանում Հայաստանի դեսպանությանը, Հայ-լեհական հիմնադրամին, ինչպես նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը, որ մեզ աջակցեցին փառատոնին մասնակցելու հարցում»,- ասաց Լուսինեն:
Կամերայինի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը՝ Գդանսկի Շեքսպիրյան փառատոնում
Ռեժիսորի խոսքով` ներկայացումը Լեհաստանում շատ լավ է ընդունվել, միայն թե ժամանակի սղության պատճառով չեն կարողացել լույսն ու տեխնիկական մասը հասցնել այն որակի, ինչպիսին երեւանյան ներկայացումների ժամանակ է լինում. «Դժգոհությունս միայն դրա հետ է կապված, թեեւ բոլոր հնարավորությունները կային առավելագույն որակ ստանալու համար: Ցավոք, ժամանակը թույլ չտվեց: Սակայն փառատոնի նախագահը` Եժի Լիմոնը եւ նրա գործընկերները, ովքեր տեսել էին մեր ներկայացումը, շատ գոհ էին ու ասում էին, որ այն ոչնչով չի տուժել»:
Լուսինե Երնջակյանը նշում է, որ շատ կուզենային` փառատոնը մրցանակային տեղեր ունենար նաեւ դրսից հրավիրված ներկայացումների համար, սակայն իրենց մասնակցությունը մրցութային պայմաններով չի եղել` ի տարբերություն լեհական ներկայացումների. «Նրանք համարում են, որ, եթե ներկայացումն արտասահմանից եկել հասել է իրենց մոտ, ուրեմն դա արդեն մեծ հաղթանակ է, իսկ մրցանակը միայն լեհական ներկայացումների համար է: Իհարկե, մենք իսկապես շատ ուրախ ենք հրավիրված 6 թատերախմբերից մեկը լինելու համար, քանի որ փառատոնին մասնակցում են միայն ընտրված լավագույն ներկայացումները»,- ընդգծեց նա:
Ռեժիսորի խոսքով` իր համար շատ հետաքրքիր է եղել «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը տանել փառատոնի եւ գնահատական ստանալ անվանի շեքսպիրագետների կողմից, քանի որ տվյալ ներկայացման մեջ ինքը լրիվ այլ մեկնաբանություն ու նոր մոտեցում է ցուցաբերել. «Իրականում շատ էի վախենում, որ կարող է բացասական արձագանք լինել, սակայն պարզվեց` կարծիքները միայն դրական էին: Նրանք շատ գոհ էին, թե ինչպես էի ես պիեսի հետ աշխատել, ինչպիսի կրճատումներ էի արել: Ու նաեւ շատ հավանել էին մեր Ռոմեոյին եւ Ջուլիետին (դերակատարներ` Ժորա Մարտիրոսյան եւ Արմինե Նազարի-Դեխնավի), ասացին, որ այդպիսի գեղեցիկ զույգ իրենք դեռ չէին տեսել: Շատ գոհ էին բեմանկարչությունից, հագուստներից ու երաժշտությունից, որոնք ռոք, սթիմ-պանկ ոճերում էին: Երեւի թե մեծամիտ է հնչում, բայց ես ոչ մի բացասական արձագանք չեմ լսել (ժպտում է - հեղ.): Այսինքն` նույնիսկ լեզվական արգելքը չէր խանգարել, որ հասնեինք մարդկանց սրտերին, ու նրանք հավանեին հայերեն ներկայացումը»:
Մեր զրույցի ավարտին Լուսինե Երնջակյանը նաեւ ընդգծեց, որ շատ է կարեւորում նման փառատոներին մասնակցությունը, քանի որ թե՛ ռեժիսորին ու թե՛ դերասաններին այն օգնում է հասկանալ ժամանակակից թատրոնի միտումները, օգնում է շփվել ու կապեր հաստատել արտասահմանցի գործընկերների հետ. «Շատ կարեւոր է լավ ներկայացումներ ու լավ դերակատարումներ տեսնելը, որովհետեւ մենք հիմա է՛լ ավելի ոգեւորված ենք վերադարձել` ավելին անելու մղումով: Նման փառատոններն օգնում են, որ պատկերացնես, թե ինչ է այսօր թատրոնը, ինչ է կատարվում քո երկրից դուրս, որովհետեւ ժամանակակից թատրոնը չի սահմանափակվում Հայաստանի պատկերացրած սահմաններում»,- եզրափակեց նա:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լուսինե Երնջակյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: