Կարինե Առուստամյանն ու “The Band”-ի երաժիշտները Նոր տարին կդիմավորեն Քաթարում` ելույթ ունենալով տեղի հյուրանոցներից մեկի ջազ-ակումբում: Շուրջ մեկ ամիս է` նրանք աշխատում են Դոհայում` զբոսաշրջիկների համար ելույթ ունենալով ամեն օր.“Նախնական պայմանավորվածության համաձայն` այստեղ ենք երեք ամսով, բայց գուցե մեր վերադարձը հետաձգվի: Այստեղ մեր օրերը հագեցած են, կարծում եմ` հետաքրքիր Ամանոր է սպասվում”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:
"The Band"-ը Քաթարում
Հայ երաժիշտները հյուրանոցում նվագում են ջազ, փոփ, ֆանկ, սոուլ եւ այլ ոճերի համաշխարհային հիթեր, նաեւ խմբի “Նարե” էթնո-ֆանկ նոր երգը, որը կատարում են Կարինեն եւ խմբի դաշնակահար, վոկալիստ Հովսեփ Երեմյանը.“Չէինք սպասում, որ այդքան կհավանեն մեր հեղինակած երգը եւ կցանկանան ամեն երեկո լսել: Երգում է նաեւ մեր կիթառահար Համլետ Շաղոյանը, մյուս տղաներն էլ բեք-վոկալն են ապահովում: Պարբերաբար թարմացնում ենք երգացանկը, որ գոհացնենք ունկնդիրներին: Իսկ երբ ազատ ժամանակ ենք ունենում, գնում ենք մարզասրահ, լողավազան կամ շրջում ենք քաղաքի տեսարժան վայրերով”:
Կարինե Առուստամյանը Քաթարում
Կարինեն մինչեւ մեկնելը մասնակցում էր “Հայաստանի ձայն”-ի 3-րդ եթերաշրջանին, նա իր ուժերն է փորձել նաեւ առաջին եթերաշրջանում, սակայն չէր հաղթահարել կույր լսումներ փուլը: Այս անգամ երգչուհին, դուրս մնալով Հայկոյի թիմից, անցավ Եվա Ռիվասի թիմ, սակայն “Նոկաուտ” փուլից հետո լքեց նախագիծը.“Ինձ համոզեցի, որ կարող եմ կրկին փորձել ու հասկացա` որքան ուժեղ կարող եմ լինել, եթե ցանկանամ: Հաղթելը նպատակ չէր, որովհետեւ հաղթանակն արժեք չի ունենում, եթե դադարում ես աշխատել ու ինքնակատարելագործվել: Ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ նախագծից հետո էլ մտերիմ եմ, ինչպես, օրինակ, Նաիրա Ասատրյանը: Նաեւ իմ մարզիչներից նոր բաներ սովորեցի, պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելն այնքան հաճելի էր, որ հաղթանակի մասին չէի մտածում: Առհասարակ, նախագիծը կյանքիս հետաքրքիր փուլերից մեկն է եւ մեծ տեղ ունի իմ սրտում”:
Նախքան “Հայաստանի ձայն”-ից դուրս մնալը, Կարինեն եւ բենդի տղաներն արդեն ստացել էին Քաթարում երգելու առաջարկը.“Ուրախ էի, որ մեկնելու ենք, բայց նաեւ ցավալի էր, որ պետք է թողնեմ աշխատանքս, աշակերտներիս, ինձ համար կարեւոր հեռուստանախագիծը, բայց առաջ շարժվեցի: Կարծում եմ` եթե այդ ժամանակ Քաթարի հրավերը չլիներ, նախագծում դեռ կշարունակեի պայքարել”:
Հայկոն եւ Կարինե Առուստամյանը
Ինչպես արդեն պատմել ենք, Քաթարում ելույթ են ունեցել նաեւ Անուշիկ Ալավերդյանը եւ R.P.-ն: Կարինեն մեզ հետ զրույցում հայտնել է, թե ինչու են Քաթարի հյուրանոցները հաճախ հրավիրում հայկական խմբերի.“Այստեղ պրոֆեսիոնալ երաժիշտներ գրեթե չեն ապրում, Դոհան բիզնես-կենտրոն է, որտեղ տարբեր երկրներից մասնագետների են հրավիրում աշխատելու: Հայ երաժիշտների պահանջարկը շատ մեծ է. ամեն ազգ չէ, որ հայի աշխատասիրությունն ու ձգտումն ունի: Նրանք գնահատում են մեզ, ինչը հնարավորություն է տալիս ավելի կոփվել, գումար աշխատել, նաեւ չենք լճանում ու տեղում դոփում: Ուրախալի է, որ օտարերկրյա երաժշտասերները հավանում են մեր ելույթները”:
Վերադառնալուց հետո “The Band-ի երաժիշտները ցանկանում են թողարկել երկու ձայնասկավառակ եւ նկարահանել տեսահոլովակ “Նարե” երգի հիման վրա:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Ասատրյանի եւ Կարինե Առուստամյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: