×


Կարինե Առուստամյանի ավարտական երեկոն ու հունական նախասիրությունները

24-ամյա Կարինե Առուստամյանը երեկ իր առաջին մենահամերգին ստացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հավաստագիր: Ակումբային համերգը Կարինեի համար “Ավարտական երեկո” էր, քանի որ այս տարի ավարտել է կոնսերվատորիայի ջազային-էստրադային վոկալ-տեսական ֆակուլտետի ասպիրանտուրան, իսկ երեկոյին ներկա են եղել իր դասախոսները` Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Արմանուշ Հակոբյանը եւ Մարինե Մացակյանը: 

Նորահայտ երգչուհի Կարինե Առուստամյանը մանկությունն անցկացրել է Հունաստանում


Կարինեն կատարել է 13 երգ` համերգային ծրագիրը բաժանելով երեք հատվածի` ջազային գործեր, համաշխարհային հիթեր եւ հայալեզու երգեր: Համերգին նաեւ երգել են աղջկա ընկերները` Նիկ Էգիբյանը, Սոնե Սիլվերը եւ Հովսեփ Երեմյանը:

Կարինեն բեմից անակնկալ է մատուցել իր մայրիկին` ասելով, որ երբեւէ նրան շնորհակալություն չի հայտնել եւ ուզում է իր գրած “Շնորհակալ եմ, մամ” երգը կատարել: Հնչել է նաեւ Սիրուշոյի երգացանկից “Հավատում եմ”-ը, ինչպես նաեւ “Դու կաս”-ը, որի հիման վրա նա տեսահոլովակ է ներկայացրել:

Նորահայտ երգչուհին ծնվել է Հայաստանում, բայց մանկությունն անցկացրել է Հունաստանում,  2003-ին ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք, այժմ ապրում է Աբովյան քաղաքում: Նա տիրապետում է հունարենին եւ հաջորդ տեսահոլովակը ցանկանում է նկարահանել իր հեղինակային հունալեզու երգի հիման վրա:

Մարինե Մացակյանը, Արմանուշ Հակոբյանը, Երվանդ Երզնկյանը եւ Մարտին Վարդազարյանը


“Մանկուց երազել եմ դառնալ երգչուհի: Հայրիկս որոշեց` ավելի նպատակահարմար է, որ Երեւանում ստանամ կրթություն ու կարիերաս սկսեմ հայրենիքում: 15 տարեկանում եկա, պարապեցի, ընդունվեցի, սովորեցի եւ այսօր ավարտեցի:)”, - BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Նա որպես վոկալի ուսուցչուհի դասավանդում է “Արեւներ” մանկական խմբի սաներին, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում, Էջմիածնի “Վաղարշապատ” երգի ու պարի թատրոնում. “Օրական երկու տեղ աշխատում եմ: Իմ աշխատանքը կյանքիս շատ կարեւոր մասն է, չեմ կարողանում նույն տեղում կանգնել”:

Կարինեն այժմ մասնակցում է “Հայաստանի ձայնը” նախագծին: Նախընտրական փուլն անցնելով` պատրաստվում է պայքարել հանուն հաղթանակի. “Արդեն տասը տարի երգում եմ: Սկսել եմ փոփ-բալադային, ջազային երգերով, բայց հիմա մի փոքր ոճափոխություն կլինի. ուզում եմ կատարել ակումբային հաուս ոճի գործեր` անպայման հունական էլեմենտներով”:

Կարինե Առուստամյանի “Ավարտական երեկո”-ին


Երգչուհին նաեւ հետեւյալն է նշել. “Բացառվում է, որ ես երգեմ ռաբիս ու ռեստորանային երգեր: “Վաղարշապատ” երգի-պարի թատրոնի կազմով բազմիցս մասնակցել եմ համերգների Եվրոպայում: Հիմա ավելի ոգեւորված եմ զբաղվում իմ անհատական կարիերայով ու շուտով կներկայացնեմ նոր տեսահոլովակներ, նաեւ ակումբային համերգներ կենդանի նվագախմբի հետ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW