Գերմանիայում պսակադրված Հայկ Կասպարովը որոշել էր հարսանիք կազմակերպել նաեւ Հայաստանում: Այս օրերին նա կնոջ հետ Երեւանում է, սակայն վերոնշյալ հարցում մտափոխվել է.“Երջանկությունը զգում են եւ ոչ թե ցույց տալիս”: BRAVO.am-ը լուսանկարել է ամառային հանգիստը հայրենիքում վայելող զույգին եւ հետաքրքիր զրույց ունեցել: Նրանք հանդիպման վայր եկան գերմանական ճշտապահությամբ:):
Կարմեն Լուիզան եւ Հայկ Կասպարովը
Սեր առաջին հայացքից :)
Կարմեն Լուիզա. Ապրելով Գերմանիայում` մտածում էի, որ Հայաստանում տղամարդիկ միայն դասական կոստյումներով են, բայց քույրերս, որոնք երեք տարի առաջ ժամանել էին Երեւան, ինձ պատմեցին, թե տեղի ռեստորաններից մեկում հանդիպել են շատ գեղեցիկ երգչի, ով նման չէ հայի: Երբ եկա հայրենիք, որոշեցի տեսնել նրան: Առաջին տպավորությունս զարմանքն էր. բեմ բարձրացավ նորաձեւ սանրվածքով, պատռված ջինսերով մի երիտասարդ… Անկեղծ ասած` անմիջապես սիրահարվել եմ:): Մատուցողի միջոցով Հայկին խնդրեցինք լուսանկարվել մեզ հետ, հենց այդ ժամանակ էլ ասացի, որ իրեն շատ եմ սիրում, հեռախոսահամարներ փոխանակեցինք, եւ այդպես սկսվեց մեր շփումը:
Հայկ. Սկզբում Լուիզային ընդունում էի որպես երկրպագուհի: Առաջին հայացքից տպավորել էր արտաքինը, իսկ շփման շնորհիվ գրավվեցի ապագա կնոջս անկեղծությամբ, պարզությամբ եւ անմիջականությամբ: Երբ Լուիզան երկրորդ անգամ եկավ Հայաստան, մի քանի օր աշխատանքի չգնացի. փորձում էի հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իր հետ` ծանոթացնելով նաեւ մեր տեսարժան վայրերին:
Կարմեն Լուիզան եւ Հայկ Կասպարովը
Հայկի շիկահեր տիկնիկը :)
Կարմեն Լուիզա. Իմ կողքին հայ տղամարդու չէի պատկերացնում, վստահ էի, որ ուշ եմ ամուսնանալու եւ, իհարկե, գերմանացու հետ, բայց Հայկին տեսնելուց հետո ամեն ինչ փոխվեց:
Հայկ. Մեր երկրորդ հանդիպման ժամանակ նա գունափոխել էր վարսերը, իսկ ես թուլություն ունեի շիկահերների հանդեպ: Փաստորեն իր այդ քայլն աշխատեց:):
Կարմեն Լուիզա. Վարսերիս գույնը փոխել եմ Գերմանիայում: Մի օր սրճարանում հայկական ամսագիր տեսա, որի շապիկին Հայկն էր: Այն ձեռքիս լուսանկարվեցի` տեղադրելով սոցիալական ցանցի իմ էջում, Հայկն էլ անմիջապես մեկնաբանության տեսքով հաճոյախոսություն արեց` ինձ անվանելով տիկնիկ:
Հայկ Կասպարովը եւ Կարմեն Լուիզան
Ախ, այդ արգելքները :)
Կարմեն Լուիզա. Հայաստանում Հայկը դառնում է առավել խիստ. միայն իր հետ կարող եմ տնից դուրս գալ:): Արտերկրում նման խնդիր չկա, երեւի պատճառն այն է, որ գերմանացի տղաներն ավելի զուսպ են, հպարտ եւ չեն փորձում անհանգստացնել անծանոթ աղջիկներին:
Ամուսինների գերմանական առօրյան
Հայկ. Այժմ երկուսս էլ սովորում ենք եւ փորձում կայանալ մեր ընտրած ոլորտներում: Ինձ համար գերմաներենի դասընթացներն ուղղակի անհրաժեշտություն են: Լուիզան ցանկանում է բանկային համակարգում կարիերա կերտել: Մտադիր ենք վարորդական իրավունքի վկայական ստանալ. մեքենան մեզ անհրաժեշտ է:
Արդեն հարմարվել եմ գերմանական ապրելակերպին: Կինս երբեմն տոլմա եւ հայկական այլ ուտեստներ է պատրաստում, ռուսական բորշչ, բայց ավելի հաճախ նախընտրում է իտալական խոհանոցը: Նա ստեղծագործում է, որպեսզի ուտելիքը համեղ լինելուց բացի, նաեւ աչք շոյի:): Երբեմն գունավոր կերակուր է պատրաստում եւ ինձ համոզում, որ գերմանական է, այնինչ ինքն է հորինել:
Կարմեն Լուիզան եւ Հայկ Կասպարովը
Չեն շտապում :)
Լուիզա. Շատ երիտասարդ ենք, դեռ կհասցնենք երեխա ունենալ: Այս հարցում եվրոպացու նման ենք մտածում: Կկայանանք, նոր ծնող կդառնանք: Բացի այդ Հայկի նման ամուսին ունենալը հավասար է մի քանի երեխայի մայր լինելուն: Շատ պահանջկոտ է. ամեն անգամ նոր ուտեստ է պետք պատրաստել, որովհետեւ նույնը երկրորդ անգամ չի ուտում: Սիրում է հետեւել իր արտաքինին, արդյունքում ստիպված եմ կարգի բերել տունը: Այդուհանդերձ, նա լավագույն տղամարդն է եւ ուշադիր ամուսին: Առաջին հանդիպման, նշանադրության, ամուսնության օրերն ինձնից լավ է հիշում, իսկ նվերներն ու անակնկալներն անպակաս են: Սիրում է թանկարժեք օծանելիք, ես էլ երբեմն ուրախացնում եմ այդպիսի նվերով:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: