Հայազգի մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավները մեկ օրով «կենդանացել» էին Հայաստանի ազգային պատկերասրահում: Նրա ամենաուշագրավ աշխատանքները հանդիսատեսին ներկայացան ինքնատիպ բեմադրության միջոցով, որը հեղինակել էր ռեժիսոր, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Այս ցուցադրությունը մեկն էր այն վեց միջոցառումներից, որ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ներկայացվում են Հայաստանի տարբեր թանգարաններում` «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում: Ազգային պատկերասրահում կայացած միջոցառմանը ներկա էին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ներկայացման հեղինակները եւ բազմաթիվ արվեստասերներ:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը
Ծրագրի հեղինակները նշում են, որ իրենց նպատակը թանգարաններին նոր շունչ հաղորդելն է՝ արվեստի ցուցանմուշները ներկայացնելով անսպասելի ու ինքնատիպ ձեւով: Բեմադրության հեղինակ Վահան Բադալյանն ամիսներ առաջ մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրին, որի ավարտից հետո էլ փորձել է վեց թանգարանների տարբեր ցուցանմուշներ «կենդանացնել» ինստալյացիաների միջոցով եւ թատրոնի դերասանների մասնակցությամբ: Ծրագրի մաս են դարձել ինչպես Հայաստանի ազգային պատկերասրահը, այնպես էլ Սարյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, «Կալենց» թանգարանը եւ «Arev Art» պատկերասրահը:
Վարդգես Սուրենյանցի աշխատանքները ներկայացվել էին միմյանց հաջորդող երեք ցուցասրահներում, որոնցից յուրաքանչյուրում անդրադարձ էր կատարվել մեկ առանձին թեմայի: Առաջին սրահում ներկայացվում էր իրանական թեման, երկրորդ սրահում` կանացի կերպարները, իսկ երրորդում` հայոց հոգեւոր կյանքը: BRAVO.am-ի հետ զրույցում Վահան Բադալյանն անկեղծացավ, որ նպատակ չունի հետագայում շարունակել նման նախաձեռնությունները, պարզապես գաղափարն իրեն հետաքրքրել է եւ փորձել է այն իրագործել նաեւ հայաստանյան պատկերասրահներում.«Հուսով եմ՝ թանգարանները նախաձեռնությունը կվերցնեն իրենց ձեռքը եւ հետագայում էլ կշարունակեն ինքնուրույն կիրառել այս նորագույն լուծումները: Մեր նպատակն էր թանգարանային միջավայրին նոր շունչ հաղորդելը, այդ պատճառով էլ որոշեցինք կատարողական արվեստը համադրել կերպարվեստի հետ»:
«Շնչող արվեստը» Ազգային պատկերասրահում
Ցուցադրության ավարտին զրուցեցինք նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, ով իր խոսքում անկեղծացավ՝ չէր սպասում նման արդյունքի. «Միանշանակ շատ հավանեցի: Ինձ ասել էին, որ պարզ մոտեցմամբ շատ հետաքրքիր լուծումներ են լինելու, բայց չէի պատկերացնում, որ հենց այսպիսի ներկայացում կլինի: Դուք տեսաք, որ սրահի ընդամենը մեկ պատն էր ինտերակտիվ, եւ պատկերացրեք՝ ինչպիսին կլիներ ազդեցությունը, եթե բոլոր պատերին լինեին ինստալյացիաներ: Դա, իհարկե, ժամանակի խնդիր է: Լավ կլիներ, որ ավելի շատ մշակութային օջախներում լինեին նման ցուցադրություններ, եւ հույս ունեմ՝ հետագայում մյուսները նույնպես կներգրավվեն ծրագրում»:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ, կիսվելով իր տպավորություններով, նշեց, որ հաճույք է ստանում ներկայացումը դիտելով.«Իսկապես գովելի է նման աշխատանքը: Սա նոր ճանապարհ է, որով արվեստը ներկայացվում է նորօրյա Հայաստանում: ԱՄՆ դեսպանությունն ուրախ է, որ կարող է աջակցել Հայաստանում արվեստի ոլորտի աշխատակիցներին, նրանց հնարավորություն ընձեռել իրենց գործընկերների հետ շրջել Միացյալ Նահանգներում եւ այսպիսի հետաքրքիր գաղափարներ հղանալ՝ արվեստը նորովի մատուցելու համար»:
«Շնչող արվեստը» Ազգային պատկերասրահում
Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակում ցուցադրություն կա նաեւ այսօր, ժամը 19:00-20:00-ն՝ «Arev Art» պատկերասրահում: Ցուցադրության մուտքն անվճար է, եւ դուք նույնպես կարող եք ականատես լինել արվեստի ներկայացման այն ինքնատիպ լուծումներին, որ հեղինակել են թատրոնի ռեժիսորն ու դերասանները:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: