×


Կթողարկվի Շառլ Ազնավուրի հետմահու ձայնասկավառակը

Հանրաճանաչ երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները շուտով նրա ձայնը վայելելու նոր հնարավորություն կունենան։ Ազնավուրի որդին՝ Միշան, ֆրանսիական «RTL» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ իր հոր երգերով նոր ձայնասկավառակ է թողարկվելու։

5 կամ 6 երգ կհնչի հենց Շառլ Ազնավուրի կատարմամբ, որոնք երգիչը ձայնագրել է վերջին տարիներին, հեղինակային մյուս երգերը կվստահվեն Ազնավուրի արտիստ ընկերներին, սակայն բոլոր երգիչները դեռ ընտրված չեն։

Միշա Ազնավուրը նշել է նաեւ, որ հետմահու ձայնասկավառակը միակ ծրագիրը չէ, որը կապված է իր հոր անվան հետ, կան նաեւ ֆիլմի կամ գուցե հաղորդաշարի նախագծեր։

Կրտսեր Ազնավուրը մինչ օրս հարցազրույցներ չի տվել, քանի որ իրենց ընտանիքը 40-օրյա սգի մեջ է եղել` ըստ հայկական ավանդույթի։

Միշա եւ Շառլ Ազնավուրները


Նա պատմել է, թե ինչպիսի դժվար փորձություն է իրենց համար հոր կորուստը եւ շեշտել, որ իրենց ընտանիքն իրոք միասնական է եւ համերաշխ։ «Հայրս իր կենդանության օրոք ամեն ինչ կարգավորել է, որ իր մահվանից հետո խնդիրներ չլինեն։ Մեզ համար ընտանիքը կարեւոր արժեք է»,- նշել է Ազնավուրի ավագ որդին։

«Ամենադժվարը Կատիայի համար է, նա շատ ծանր է տանում հայրիկի մահը։ Չնայած մեր մեծ վշտին, մենք եւ մեր մայրը փորձում ենք փիլիսոփայորեն մոտենալ ամեն ինչին»,-ավելացրել է նա։

Միշա Ազնավուրը թեեւ չի շարունակել հոր ուղին, բայց եւ մշտապես կապված է եղել արվեստին` նա գրող է եւ դերասան, իրեն փորձում է տարբեր ոլորտներում, ունի պրոդյուսերության փորձ, ինչպես նաեւ հոթ-դոգի ճանաչված ռեստորան Ժնեւում։

Պատրաստեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին