Հայաստանի անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 19-ին Կոպենհագենի “Samsøe Gallery”-ում ներկայացվել են չբացահայտված հայկական գանձեր: Մինչեւ նոյեմբերի 20-ը Քեյթ Ալեքսանդրին Դանեսկիոլդի պատկերասրահում կցուցադրվի հայ արվեստագետների աշխատանքների յուրահատուկ հավաքածու: “Չբացահայտված գանձեր” խորագրով ցուցահանդեսն իրականացնելու հարցում դանիացի հայտնի բարոնուհուն օգնել է Hi-artonline նախագիծը, որի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:
"Չբացահայտված գանձեր" խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
“Նման ցանկությունն ու հետաքրքրությունը հայ արվեստի նկատմամբ պատահական չեն: Սա Դանիայում Հայաստանի դեսպանության եւ հայ համայնքի արժանիքն է, որը ջանք չխնայեց մեծամասշտաբ ցուցահանդես կազմակերպել` բացահայտելով հայ արվեստագետների գլուխգործոցները հյուսիսեվրոպացի այցելուներին’’,-նշել է Hi-artonline նախագծի հիմնադիր, “ԱԱ Աուկցիոն’’ կազմակերպության տնօրեն Աննա Գրիգորյանը:
Արվեստասերներին ներկայացվել են Մարտիրոս Սարյանի, Լեւոն Թութունջյանի, Սերգեյ Փարաջանովի, նաեւ ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ Գայանե Խաչատրյանի, Հենրիխ Էլբակյանի, Տիգրան Ասատրյանի եւ մյուսների աշխատանքները: Ցուցահանդեսի կարեւոր նմուշներից են նաեւ համաշխարհային համբավ վայելող հայազգի նկարիչ Արշիլ Գորկու գծանկարները:
Hi-artonline.com նախագծի հեղինակ եւ հիմնադիր Աննա Գրիգորյանը
“Աշխատանքներն ընտրել ենք դանիական կողմի հետ քննարկումների արդյունքում: Փորձել ենք միավորել դասական գլուխգործոցներն ու ժամանակակից ռեալիզմը: Ուզում ենք ցուցադրել սերունդների կապը, նաեւ նոր զարգացումները: Ի դեպ, Լիբանանում գործող հայկական պատկերասրահն էլ տրամադրել է Վահրամ եւ Ռուբեն Աբովյանների աշխատանքները, ցուցահանդեսին մասնակցում են նաեւ հայ նկարիչներ Դանիայից”,-ասել է Աննա Գրիգորյանը:
"Չբացահայտված գանձեր" խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
“Չբացահայտված գանձերը” տեսնելու հրավեր է ստացել 700-ից ավելի հյուր, որոնց թվում` կոլեկցիոներներ, թանգարանների տնօրեններ եւ այլք: “Պատկերասրահի տիրուհին եւ Դանիայում Հայաստանի դեսպանատունը տոնական ընդունելություն էին կազմակերպել: Այս ամենի շնորհիվ ցուցահանդեսը կարեւոր իրադարձության է վերածվել ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչների, այլ նաեւ արվեստի բոլոր սիրահարների համար’’,-նշել է Hi-artonline նախագծի հիմնադիրը:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աննա Գրիգորյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: