×


Համեղ խոհանոց եւ նորացված ինտերիեր. «Գինետուն» ռեստորանը վերաբացվել է

«Գինետուն» ռեստորանը, որ ավելի քան տասը տարվա պատմություն ունի, երեկ պաշտոնապես վերաբացեց իր դռները հին ու նոր հաճախորդների առջեւ: Երկարամյա գործունեության ընթացքում ռեստորանը հասցրել է դառնալ հաճելի միջավայրի եւ համեղ ուտեստների սիրահարների նախընտրելի վայրերից մեկը: Այժմ էլ` ամբողջական վերանորոգումից հետո, «Գինետունն» իր հյուրերին ներկայանում է նոր ինտերիերով ու հարմարավետ սրահներով: Ռեստորանի պաշտոնական վերաբացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, հետեւել է երեկոյի ընթացքին, լուսանկարել է եւ ծանոթացել ներքին փոփոխություններին:

«Գինետուն» ռեստորանը վերաբացվել է


Ներս մտնելուն պես աչքի են ընկնում նոր ինտերիերի դիզայներական լուծումները, բարձրաճաշակ գույներն ու կահավորումը: Վաղեմի հաճախորդներին ծանոթ կլինի ձմեռային այգին, որ գտնվում է հիմնական սրահի հետնամասում: Այստեղ յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում այն բնական ծառերը, որ աճում են ռեստորանի հիմնադրման օրվանից: Մյուս բոլոր սրահներն այստեղ նորովի են հանդես գալիս: Առաջին հարկում մեծ ընդարձակ սրահն է, որտեղ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին հնչում է կենդանի երաժշտություն՝ հայտնի բենդերի եւ արտիստների կատարմամբ: Այստեղ է գտնվում նաեւ բարը, որտեղ մատուցվում են յուրահատուկ կոկտեյլներ: Իսկ ահա երկրորդ հարկում գտնվում են չորս առանձնասենյակները, որտեղ կարելի է տարբեր առիթներ նշել ընտանիքի անդամների եւ ընկերների միջավայրում:

Ռեստորանի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աննա Կոստանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ նորովի ներկայանալու համար հրավիրել են հայ հայտնի դիզայներների, ովքեր էլ հեղինակել են «Գինետան» ներկայիս ինտերիերը: Պաշտոնական վերաբացմամբ էլ որոշել են իրենց հյուրերին հիշեցնել, որ «Գինետունը» եղել է, կա եւ լինելու է բազմաթիվ հաճախորդների սիրելի վայրերից մեկը եւ մշտապես ներկայանալու է հետաքրքիր փոփոխություններով ու նորություններով:

«Գինետուն» ռեստորանը


«Այստեղ հաճախ նշվում են ծննդյան, նշանադրության եւ հարսանեկան արարողություններ, բազմաթիվ հայտնի տոներ (Սուրբ Զատիկ, Ամանոր եւ այլն), լինում են նաեւ կարեւոր գործնական հանդիպումներ: Երբեմն այստեղ իրականացվում են գեղեցիկ ֆոտոշարքեր հայտնիների մասնակցությամբ, ինչպես նաեւ ֆիլմերի որոշ հատվածների նկարահանումներ: Ընդմիջման ժամերին էլ մեզ մոտ գալիս են հարակից կազմակերպությունների աշխատակիցները, այսինքն՝ բազմաբնույթ միջոցառումներ կարելի է այստեղ անցկացնել»,- նկատեց Աննան:

«Գինետուն» ռեստորանը


Նա նաեւ ընդգծեց, որ սեզոնային փոփոխություններով պայմանավորված՝ անընդհատ թարմացվում է նաեւ ռեստորանի ճաշացանկը: Դրա շնորհիվ «Գինետունը» հայտնի է իր համեղ ուտեստներով: Հաճախորդների ամենասիրելի ուտեստներից են, օրինակ, դոլման, խաշը եւ հավով շիլան, թեեւ առաջարկվող ուտեստների ցանկը բազմազան է: Հարուստ է նաեւ ռեստորանում ներկայացված գինիների տեսականին: Այստեղ կարելի է համտեսել հայկական եւ արտասահմանյան լավագույն գինիները, բայց նախընտրությունը տրված է, իհարկե, տեղական արտադրանիքին:

«Գինետուն» ռեստորանը վերաբացվել է


Վերաբացման միջոցառումը աչքի ընկավ կենդանի երաժշտական կատարումներով, համեղ հյուրասիրությամբ եւ ներկաների բարձր տրամադրությամբ: Երեկոյի սկզբում հանդես եկավ «The Band» խումբը` վոկալիստ Կարինե Առուստամյանի գլխավորությամբ, այնուհետեւ ուրախ մթնոլորտը շարունակվեց դիջեյի մատուցած պարային ռիթմերի շնորհիվ: Այդ ընթացքում երեխաները հաճույքով խաղում էին մանկական սենյակում, որտեղ նրանց ընկերակցում էին տեղի խաղավարները:

«Գինետուն» ռեստորանը վերաբացվել է


Նշենք, որ «Գինետուն» ռեստորանը գործում է առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ ուշ գիշեր` ժամը 00:00-ն, թեեւ Աննա Կոստանյանն ընդգծեց, որ սովորաբար աշխատում են «մինչեւ վերջին հաճախորդը» սկզբունքով: Նա նաեւ հավելեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւես Ամանորի օրերին ռեստորանը գործելու է շուրջօրյա, այնպես որ, կարող եք արդեն պլանավորել ձեր տոնական երեկոն` այն ավելի ուրախ ու հետաքրքիր անցկացնելու նպատակով:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին