×


Հայ դիզայներների աշխատանքները` երեւանյան «Ափ»-ում

Երեւանում բացվել է «Ափ» նախագծի առաջին դիզայն տաղավարը, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացրել 25 հայ դիզայներ Հայաստանից ու այլ մի շարք երկրներից` Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ֆրանսիա, Նիդերլանդներ, Իրան եւ Բրազիլիա:

Երեւանում բացվել է «Ափ» առաջին դիզայն տաղավարը


Տաղավարում ցուցադրվում են արվեստի տարբեր ճյուղեր եւ դիզայներական այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են հագուստը, աքսեսուարները, քանդակները, գեղանկարչական ու գեղագրական աշխատանքները, կահույքը, եւ ոչ միայն: Դրանք ձեռակերտ են, պատրաստված սահմանափակ քանակով եւ բարձրորակ նյութերով, մեծ մասը եզակի նմուշներ են:

Նախագծի հեղինակներ Նաիրի Խաչատուրյանն ու Ասյա Յաղմուրյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել են, որ «ԱՓ» դիզայն տաղավարի նպատակն է ընդլայնել հայ հասարակության մտահորիզոնը դիզայնի վերաբերյալ եւ Հայաստանում ձեւավորել գրագետ սպառողների հասարակություն: Պատվիրելով, տաղավարում ցուցադրելով եւ վաճառելով հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ սկսնակ եւ կայացած երիտասարդ հայ դիզայներների աշխատանքները՝ տաղավարը նպատակ ունի բարձրացնել հայ հասարակության իրազեկվածությունը ժամանակակից եւ արդի դիզայնի շուրջ, վերազարգացնել արհեստագործությունը եւ խթանել համագործակցային աշխատանքի մշակույթը։

Երեւանում բացվել է «Ափ» առաջին դիզայն տաղավարը


Շատերին կհետաքրքրի, թե ինչու է որոշվել նախագիծն անվանել «Ափ»: Կազմակերպիչներն ասում են, որ հույս ունեն այս տաղավարով ճամփորդել ու հասնել աշխարհի տարբեր ափեր, հայ դիզայներների աշխատանքները հայտնի ու ճանաչելի դարձնել ամենուր: Ի դեպ, տաղավարը Երեւանում կգործի երկու ամիս, այնուհետեւ կհասնի Դիլիջանի «ափեր»:

Տաղավարում ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրը, իհարկե, առանձնակի ուշադրության է արժանի, բայց հատկանշական են անվանի արվեստագետ Կամո Նիգարյանի աթոռները, որոնք առաջին անգամ ցուցադրվել են 1983 թվականին` Հայաստանում: Նրա դիզայներական աշխատանքների շատ նմուշներ պահպանվել են կնոջ` Մարինե Հարոյանի կողմից: Իսկ տաղավարում ներկայացված աթոռները վերամշակվել են «Սնխչյան» ճարտարապետական ստուդիայի կողմից եւ այդքան տարի անց կրկին ցուցադրվում են հանրությանը: Կազմակերպիչների խոսքով՝  նրա այս աշխատանքները փոխանցում են հայկական նոր դիզայնի շունչը:

Երեւանում բացվել է «Ափ» առաջին դիզայն տաղավարը


Շատերին կարող է անծանոթ թվալ գեղագրություն արտահայտությունը, բայց այն մի յուրօրինակ մշակույթ է, որ Հայաստանում զարգացում է ապրել նախորդ դարերի ընթացքում, իսկ վերջին տարիներին՝  նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես, հետընթաց է ապրել: Այսօր այն կրկին զարգանալու միտումներ ունի՝  ի դեմս Ռուբեն Մալայանի, ով լրջորեն ուսումնասիրում է այս ոլորտը, ներկայացնում գեղագրության բազմաթիվ նմուշներ, ինչպես նաեւ իր հմտություններն ու գիտելիքները փոխանցում հայ ուսանողներին: «Ափ» տաղավարում նա ներկայացրել է գեղագրության երեք աշխատանք, որոնք առաջին անգամ են ցուցադրվում: Ռուբենը կարծում է, որ հայերենն ավելի հեշտ է կարդացվում, երբ շեղատառերով է գրված, իսկ այն ուղիղ տառատեսակը, որով այսօր տպագրվում են բոլոր գրքերը, վերցված է լատինական տառատեսակից եւ հայկական չէ: 

«Արդեն շուրջ տասը տարի է, ինչ փորձում եմ գեղագրությունը Հայաստանում հետ բերել հարթակ, որովհետեւ այդ մշակույթը լուրջ վտանգի մեջ է մեզ մոտ: Մենք մոռանում ենք գեղեցիկ գրելու մասին: Իսկապես մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ունենանք գեղեցիկ տառատեսակներ, ինչո՞ւ ուղղակի արտատպենք ուրիշի ստեղծածը: Եկեք մերը ստեղծենք, մերը մշակենք: Գեղագրությունն առաջին քայլն է այդ ուղղությամբ: Նշեմ, որ տառատեսակները սկզբում թղթի վրա են մշակվում ու հետո կարող են դառնալ ֆոնտ, որը կօգտագործվի տպագրության մեջ»,- ասում է նա:

Եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ «Ափ» դիզայն տաղավարում ներկայացված աշխատանքներին, ապա նշենք, որ տաղավարը գործում է ամեն օր՝  ժամը 11:00-ից 19:00-ն: Չմոռանաք նաեւ ձեզ հետ գումար վերցնել, քանի որ աշխատանքները վաճառվում են:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին