Երեկ` նոյեմբերի 11-ին, դուդուկահարների տարբեր սերունդների երկխոսություն էր ընթանում Նարեկացի արվեստի միությունում: ՆԱՄ-ի նախաձեռնությամբ մեկ հարկի տակ համախմբվել էին ավագ, միջին ու երիտասարդ սերնդի դուդուկի վարպետները, ովքեր իրենց մասնակցությամբ եւ կատարումներով ստեղծել են սերունդների համանվագ` եւս մեկ անգամ հնչեցնելով հայկական ամենահին նվագարաններից մեկի` ծիրանափողի ձայնը:
“Ձոն դուդուկին. սերունդների երկխոսություն” խորագրով միջոցառմանը
“Ձոն դուդուկին. սերունդների երկխոսություն” խորագիրը կրող միջոցառման բացումը վստահված էր “Նարեկացի” համույթի երաժիշտներին` գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: Երեկոյին մասնակցել են ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները, Գեորգի Մինասովը, Գեւորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, Եղիշե Մանուկյանը, Գագիկ Մալխասյանը, Արշակ եւ Դավիթ Սահակյանները եւ ուրիշներ: Երեկոյի ընթացքում տեսակամրջով եւ տեսագրություններով միացել են Վլադիմիր Կռոյանը, Սարո Դանիելյանը, Գագիկ Գասպարյանը:
Կամո Սեյրանյանը
Նարեկացի արվեստի միության գեղարվեստական ղեկավար Էկա Հորստկան, ողջունելով հյուրերին, նշել է, որ ծիրանափողի երաժշտությունը 2005 թվականի նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվել է մարդկային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկում. “Մենք հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու հայկական մշակույթի մունետիկն ու դեսպանը դարձած հայկական ծիրանափողին: Դուդուկի գենը մեզանում կենդանի է, այն ազգային խորհրդանիշներից ամենահնչեղն է. հայկական լեռնաշխարհի ողջ բնապատկերն իր մեջ պարուրող, հայի ուրախությունն ու տխրությունը, տոկունությունը, ընդվզումն ու հաղթանակը մեղեդայնացնող նվագարան է”:
Հայաստանում կան տոհմիկ դուդուկահարներ` հայր եւ որդի, պապ եւ թոռ, կան նաեւ դուդուկի ձեւավորված դպրոցներ` վարպետ ու աշակերտ դուդուկահարներով, որոնք եւս ելույթ են ունեցել իրենց սիրելի նվագարանին նվիրված միջոցառման ընթացքում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: