Ապրիլի 13-ին, ժամը 19։00-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված բարեգործական համերգ, որին կմասնակցեն սիրված արտիստներ Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, Քրիստինե Պեպելյանը, «Նեմրա» ռոք-խումբը, «Գողթ» խումբը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խումբը, «Կարինա Առուստամյան եւ The Band»-ը եւ ուրիշներ։ Երեկոն կվարեն Լուսինե Բադալյանը (Լուլու) եւ Սուրեն Առուստամյանը։
«Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Տոմսերի համար կարող եք զանգահարել 055866061, 099763837, 077407717 հեռախոսահամարներով։
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է դեռեւս 2011 թվականից, որի շրջանակում ֆինանսական եւ բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերում անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաեւ աջակցում է առավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաեւ գյուղերում բնակվող այն երեխաներին, ովքեր զրկված են իրենց ժամանցը կազմակերպելու հնարավորություններից: Բազմաթիվ այցելություններ են կատարել «Նոր Խարբերդ» մանկատուն եւ «ՍՕՍ» մանկական գյուղ, ինչպես նաեւ սաների հետ մասնակցել տարբեր մշակութային միջոցառումների: Կազմակերպել են տարբեր բարեգործական միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որոնց արդյունքում ստացված գումարներն ամբողջությամբ փոխանցվել են օգնության կարիք ունեցող երեխաներին: Նաեւ պարբերաբար կազմակերպում են արյունատվություն Երեւանի արյունաբանական կլինիկայում՝ քաղցկեղից բուժվող երեխաների համար:
Այս 7 տարիների ընթացքում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերել ավելի քան 50 առողջական խնդիրներ ունեցող երեխաների, ավելի քան 400 անապահով ընտանիքի՝ կազմակերպելով 80-ից ավել բարեգործական միջոցառում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: