×


Հայկական Փի Ար ասոցիացիան եւ Beeline-ը պարգեւատրեցին PR մրցանակաբաշխության հաղթողներին

Հայաստանի հանրային եւ քաղաքական դեմքերը, ընկերությունների ու պետական գերատեսչությունների ղեկավարները, հանրային կապերի մասնագետները երեկ հավաքվել էին մեկ վայրում՝ մասնակցելու ամենամյա PR մրցանակաբաշխությանը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայկական Փի Ար ասոցիացիան Beeline-ի հետ համագործակցությամբ պարգեւատրում է հանրային կապերի ու հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին: Դեկտեմբերի 18-ին կայացած միջոցառման ընթացքին հետեւել է նաեւ BRAVO.am-ը:

Աստղիկ Ավետիսյանը եւ Անդրեյ Պյատախինը


Նախաձեռնության հեղինակները նշում են, որ մրցանակաբաշխության նպատակն է բարձրացնել ու կարեւորել հանրային կապերի մասնագետի դերը, խրախուսել հաղորդակցության կառավարման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաեւ արձանագրել ոլորտում առկա բացթողումները: Այս տարի մրցանակները հանձնվեցին 16 անվանակարգում, որոնց թվում կային նաեւ նորերը: Այդպիսին էր, օրինակ, «Տարվա կին» անվանակարգը, որի մրցանակը հանձնվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին: Հայկական բրենդ ճանաչվեց նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը, որի կատարման տեսագրությամբ էլ մեկնարկեց միջոցառումը:

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանն իր ելույթի սկզբում նշեց, որ մրցանակաբաշխության հետազոտությունն իրականացվել է երեք փուլով.«Առաջին փուլում 1015 փորձագետի առաքվել է հարցաթերթիկ, որոնցից 890-ը պատասխանել է հարցադրումներին: Երկրորդ փուլում իրականացվել է ԶԼՄ մշտադիտարկում, այդ թվում՝ ավտոմատացված: Իսկ երրորդ փուլում ձեւավորվել է 32 ֆոկուս խումբ, յուրաքանչյուրում ներգրավված է եղել 11 հոգի: Ընդհանուր հաշվարկով՝ 352 հոգի մեկ տարվա ընթացքում մասնակցել է ֆոկուս խմբերի քննարկումներին»:

Հայկական PR մրցանակաբաշխությանը


Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն էլ իր խոսքում նկատեց, որ հանրային կապերի ոլորտը տարեցտարի ավելի է զարգանում ու ակտիվանում.«Մենք առաջին տարին չէ, որ ակտիվորեն մասնակցում ենք այս մրցանակաբաշխության աշխատանքներին, եւ ամեն անգամ ավելի բարդ է դառնում հանձնաժողովի ընտրությունը, քանի որ բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր են իրականացվում: Մենք մեծ հաճույքով հետեւում ենք, թե ինչպես է PR-ը զարգանում այստեղ՝ մեր երկրում»:

Դավիթ Ալավերդյանը եւ Նաիրա Զոհրաբյանը


Կազմակերպիչները շուտով ներկայացրին նաեւ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին, որոնց թվում տեղական եւ միջազգային մասնագետներ են: Այսպիսով, հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամներն են Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման եւ հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի PR ղեկավար), Խաչիկ Գալստյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների դասախոս), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների եւ դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ) եւ Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ.):

Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին եւ պարգեւատրված մասնակիցներին կարող եք տեսնել մեր ֆոտոշարքում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW